Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Դվինի Կաթողիկոսարան

ԴՎԻՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ. Հայոց կաթողիկոսության աթոռանիստը 484–931-ին: Կաթողիկոսարանի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ: Հայաստանի նկատմամբ պարսիկների ու բյուզանդացիների դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով, հայ նախարարների նախաձեռնությամբ, Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք հայրապետական աթոռը Վաղարշապատից տեղափոխվել է Դվին: 4-րդ դարի 30-ական թվականներից Դվինը եղել է Հայաստանի մայրաքաղաքը, Արշակունիների անկումից (428 թ.) հետո՝ մարզպանական Հայաստանի քաղաքական, տնտեսական, կրթամշակութային խոշոր կենտրոն, ունեցել է եպիսկոպոսական առանձին վիճակ: Գրիգոր Ա Լուսավորիչը, վերադառնալով Կեսարիայից (302 թ.), «Դվնադաշտի» եպիսկոպոս է կարգել Դիմառիոս Ալեքսանդրացուն (Հովհան Մամիկոնյան): Այդ ժամանակ էլ հեթանոսական մեհյանի տեղում կառուցվել է Դվինի եռանավ քրիստոնեական տաճարը: Դվինի կաթողիկոսարանը մեծ դեր է խաղացել երկրի ազգազատագրական շարժման, քաղաքական ուժերի միավորման, պետականության ամրապնդման, մշակութային կյանքի բարգավաճման, Հայ առաքելական եկեղեցու հիմքերի ամրապնդման, աղանդավորական շարժումների դեմ մղվող պայքարի գործում: Դվինի կաթողիկոսարանում գումարված ժողովներում քննարկվել ու կանոնակարգվել են դավանական, եկեղեցական ու ազգային հարցեր: Կաթողիկոսարանը տեղափոխելուց հետո կառուցվել է կաթողիկոսի պալատը, վերակառուցվել եռանավ տաճարը, որը, Գրիգոր Ա Լուսավորչի նշխարներն իր մեջ ամփոփելով, ստացել է Սուրբ Գրիգոր Կաթողիկե անվանումը: 478–490-ին՝ կաթողիկոս Հովհաննես Ա Մանդակունու օրոք, երկրի տանուտեր ընտըրված Վահան Մամիկոնյանի աջակցությամբ նորոգվել և կառուցվել են եկեղեցիներ Դվինում, Վաղարշապատում, Մզուրում, Տեկորում և այլուր: 6-րդ դարի 60-ական թվականներին պարսիկներն ուժեղացրել են կրոնական հալածանքները: Քրիստոնեության հանդեպ անհանդուրժողականությամբ հայտնի, ազգությամբ պարսիկ մարզպան Սուրենը (564–571) Դվինում և մի շարք գավառներում հիմնել է կրակապաշտական մեհյաններ, փակել Դվինի կաթողիկոսարանը՝ գանակոծելով Հովհաննես Բ Գաբեղենցի կաթողիկոսին: Կաթողիկոսական պալատը խլվել է կաթողիկոսից, իսկ Կաթողիկ են վերածվել մթերանոցի: Այս պայմաններում բռնկված ապստամբության ընթացքում, 571–572-ին Վարդան (Կարմիր) Մամիկոնյանի գլխավորությամբ, պարսիկներն այրել են Կաթողիկե Սուրբ Գրիգոր եկեղեցին: Հայոց կաթողիկոսներ Մովսես Բ Եղիվարդեցին և տեղապահ Վրթանես Քերթողը մնացել են ավերված քաղաքում և չեն լքել Դվինի կաթողիկոսարանը: Այս շրջանում ուժեղ պայքար է սկսվել քաղկեդոնականության դեմ: Հատկապես աննպաստ էր բյուզանդական Մավրիկիոս (Մորիկ) կայսրի (582–602) վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: 591-ի պարսկա-բյուզնդական պայմանագրով Հայաստանը բաժանվել է երկու մասի: Մավրիկիոսի ջանքերով բյուզանդական կողմում՝ Ավանում, հաստատվել է հայկական քաղկեդոնական հակաթոռ կաթողիկոսություն, որը տիրացել է ապստամբության ժամանակ Կարին տարված Դվինի կաթողիկոսարանի զգեստներին և սպասքին: Աբրահամ Ա Աղբաթանեցի և Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսների օրոք վերականգնվել է Դվինի Կաթողիկեն, կառուցվել Հայրապետանոցի նոր շենքը: Այդ շրջանում ավելի է սրվել դավանական պայքարը քաղկեդոնականների և հակաքաղկեդոնականների միջև, և Վրաց եկեղեցին, ընդունելով քաղկեդոնականություն, բաժանվել է Հայ եկեղեցուց: Դվինի կաթողիկոսարանի հեղինակության բարձրացման, եկեղեցական, շինարարական, պետական, քաղաքական հարցերում մեծ դեր է խաղացել Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը: Նրա շինարարական գործերից առաջինը Դվինում կառուցված Սուրբ Սարգիս վկայարանն է, որտեղ ամփոփվել են 640-ի աշնանը Դվինն արաբների գրավելու ժամանակ զոհվածների ոսկորները: Շնորհիվ Դվինի կաթողիկոսարանի ճկուն գործունեության, արաբական տիրապետության սկզբնական շրջանում նկատվել է որոշակի բարեհաճ վերաբերմունք հոգևոր դասի նկատմամբ, թեև 702-ին, ոստիկան Աբդալահի ժամանակ, Սահակ Գ Ձորոփորեցի կաթողիկոսին շղթայակապ ուղարկել են Դամասկոս: Արաբները բնավ չեն խառնվել եկեղեցական ներքին ինքնավարության խնդիրներին: Դվինի կաթողիկոսարանի գոյության ընթացքում Հայ եկեղեցու ամենանշանավոր հայրերից էր Հովհաննես Գ Օձնեցին: Նրա օրոք Դվինի կաթողիկոսարանը անհաշտ պայքար է մղել պավլիկյանների, պատկերամարտների, երևութականների և այլ աղանդավորական շարժումների դեմ: 8-րդ դարի կեսից կտրուկ փոխվել է արաբների վերաբերմունքը հայ հոգևոր և քաղաքական ներքին ինքնավարության նկատմամբ: Չդիմանալով արաբների ոտնձգություններին՝ Դավիթ Ա Արամոնեցի կաթողիկոսը Դվինի կաթողիկոսարանից հեռացել է Արամոնք գյուղը: Արաբների դեմ ապստամբություններին մասնակցելու և խրախուսելու համար սկսվել է հոգևորականների հալածանք. ավերվել, քանդվել են եկեղեցիները, հափշտակվել է եկեղեցական սպասքը: Եսայի Ա Եղիպատրուշեցի կաթողիկոսի մահից հետո թալանվել են Դվինի կաթողիկոսարանի գանձերը: Հովսեփ Բ Փարպեցի կաթողիկոսի օրոք երկրի ոստիկան Խուզայման ձեռք է բարձրացրել Դվինի կաթողիկոսարանի կալվածքների վրա (Կավակերտ, Հոռոմոց Մարգ, Արտաշատ) և ի վերջո յուրացրել Արտաշատն իր դաստակերտներով: Արաբների տիրապետության դեմ հայերի տևական պայքարը, որն ավելի ուժեղացել էր 9-րդ դարի սկզբին, ավարտվել է Հայոց թագավորության վերականգնումով: Այս շրջանում Դվինի կաթողիկոսարանը մեծ դեր է խաղացել հայոց պետականության հաստատման, հոգևոր և քաղաքական ուժերի համախմբման գործում: Ի վերջո Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսը փաստորեն երկրի տիրակալ Աշոտ Բագրատունուն Հայոց թագավոր է օծել (885 թ.): 9-րդ դարի 50-ական թվականներին տիրել է շուրջ 40-ամյա խաղաղություն: Դվինի կաթողիկոսարանի ծանր կացության մեջ է ընկել 894-ի երկրաշարժից հետո, երբ ավերվել են նաև եկեղեցական բոլոր կառույցները: Գևորգ Բ Գառնեցին տեղափոխվել է Զվարթնոց: Հայոց կաթողիկոսությանը մեծ հարված է հասցրել Բագրատունիների և Ատրպատականի ամիրաների պայքարը Դվինի համար, որն ավարտվել է Սմբատ Ա թագավորի (890–914) սպանությամբ: Հովհաննես Ե Դրասխանակերտցի կաթողիկոսի՝ Դվինի կաթողիկոսարանի վերականգնման ջանքերն անհաջողության են մատնվել: Դվինը արաբ զորապետ Նըսըրի գրավելուց հետո՝ նա թողել է Դվինի կաթողիկոսարանի և Վասպուրականի հայ թագավոր Գագիկ Արծրունու (908–943) հրավերով 927-ին մեկնել Աղթամար: Քիչ անց այդտեղ է հաստատվել նաև Հայոց կաթողիկոսությունը: Ավարտվել է Դվինի կաթողիկոսարանի շուրջ չորսուկես դարյա բեղուն գործունեությունը: Կաթողիկոսարանի վերացումից հետո ստեղծվել է եպիսկոպոսական վիճակ, որը գոյատևել է մինչև 13-րդ դարի 30–40-ական թվականներ, երբ մոնղոլները գրավել և վերջնականապես ավերել են քաղաքը:

 

Տես նաև՝ Դվինի եկեղեցական ժողովներ


 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am