ԴՐԱԽՏ. երանական վայր, աստվածատունկ պարտեզ: Հակոտնյան է դժոխքի: Ըստ Աստվածաշնչի` «Աստված դրախտ տնկեց Եդեմում` արևելյան կողմը, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն: Տեր Աստված երկրից բուսցրեց նաև ամեն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տվող ծառեր. և կենաց ծառը` դրախտի մեջտեղում, և բարու ու չարի գիտության ծառը» (Ծննդոց 2.8–9): Ադամի և Եվայի համար, համաձայն եկեղեցու մեկնաբանական ընթերցման, դրախտը նաև հոգևոր վայելչության ոլորտ էր, որտեղ նրանք աստվածային շնորհով հաղորդակցվում էին Աստծո և հրեշտակների հետ: Նրանց հոգևոր աչքերը բաց էին` տեսնելու արարածների էությունը: Պատվիրանազանցությունից` բարու և չարի գիտության ծառից ճաշակելուց հետո մարդը վտարվում է դրախտից, և նրա հոգևոր տեսողությունը հետզհետե փակվում է: Դրախտի ծառերի մշակությունը սրբարար աշխատանք էր, որի շնորհիվ նրանք հաղորդ էին դառնում Աստծո խորհուրդներին և օժտվում առաքինություններով:

Դրախտ եբրայերեն (կան՝ պարտեզ) բառի համարժեքն է: Նույն` «պարտեզ» իմաստով գործածվել է «Երգ երգոց»ում. «Քո տնկիները նռնենիների դրախտ են` մրգատու ծառերի պտուղներով, նոճով ու նարդոսով» (4.13):

Աստվածաշնչի Յոթանասնից հունարեն թարգմանության մեջ դրախտ բառն է գործածվում` եդեմական պարտեզի նկատմամբ: Նոր կտակարանը դրախտը կոչում է Աբրահամի գոգ, հոգիների հանգստյան վայր. «...հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ` նրա գրկում հանգստացած», (Ղուկաս 16.23–24), զղջացող-ապաշխարող և փրկյալ հոգիների օթևան. «Եվ Հիսուս նրան ասաց. Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես», (Ղուկաս 23.43), անպատմելի, երկնային, սուրբ ոլորտ. «Եվ գիտեմ այդպիսի մարդու..., որ հափշտակվեց մինչև դրախտ և լսեց անպատում խոսքեր, որ մարդս արտոնված չէ խոսել» (Բ Կորնթացիներ 12.3–4), կենաց ծառի պարտեզ. «Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտելու կյանքի ծառից, որ գտնվում է Աստծու դրախտի մեջ» (Հայտնություն 2.7):

Հիմնվելով Սուրբ Գրքի վրա` քրիստոնեական եկեղեցին հավատում է, որ Հիսուս Քրիստոսի գալուստով Երկնային արքայությունը` դրախտը, հաստատվելու է նաև երկրի վրա, որովհետև ինքը` Հիսուսն է հավիտենական կենաց ծառը: Հավիտենական դրախտային կյանքը հասանելի է այն ընտրյալներին, ովքեր վերստանում են այդ կյանքը երկրորդ Ադամի` Հիսուս Քրիստոսի շնորհիվ:

 

 

Տես նաև՝ Եդեմ

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am