ԴՈՒՐՅԱՆ ԵՂԻՇԵ. Կ. Պոլսի (1909–10) և Երուսաղեմի (1921–30) հայոց պատրիարք, բանասեր: Բանաստեղծ Պ. Դուրյանի կրտսեր եղբայրը: Սովորել է Սկյուտարի ճեմարանում, որտեղ և դասավանդել է ավարտելուց (1876) հետո: 1878-ին ձեռնադրվել է սարկավագ, 1879-ին ստացել վարդապետական գավազան: 1880–90-ին որպես քարոզիչ և ուսուցիչ պաշտոնավարել է Պարտիզակում, 1890–1904-ին՝ Արմաշի դպրեվանքի ուսուցիչտեսուչ, ապա՝ փոխվանահայր-վերատեսուչ: 1898-ին Մկրտիչ Ա Վանեցին Դուրյանին ձեռնադրել է եպիսկոպոս: 1904–08-ին՝ Զմյուռնիայի հայոց առաջնորդ, 1908-ի հուլիսից մինչև 1909-ի մայիսը՝ Կ. Պոլսի պատրիարքական տեղապահ, 1911–21-ին՝ Կ. Պոլսի հայկական դպրոցներում ուսուցիչ, Ազգային կենտրոնական վարչության ու Կրոնական ժողովի ատենապետ: 1911-ի կաթողիկոսական ընտրության ժամանակ մեկ ձայն պակաս է ստացել Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցից: Դուրյան բեղմնավոր գործունեություն է ծավալել Արմաշի դպրեվանքում և Երուսաղեմում: Եղել է Արմաշի դպրեվանքի սյուներից, «Արմաշի հոգին», Մ. արքեպիսկոպոս Օրմանյանի համախոհն ու գործակիցը: Նրա սաները՝ Կ. Պոլսի հայոց պատրիարքներ Մ. արքեպիսկոպոս Նարոյանը, Գ. արքեպիսկոպոս Խաչատուրյանը, Ամերիկահայ թեմի առաջնորդ Ղ. արքեպիսկոպոս Դուրյանը, Բուլղարիայի թեմի առաջնորդ Ե. արքեպիսկոպոս Փերտահճյանը, Եվրոպայի նվիրակ Գ. եպիսկոպոս Պալաքյանը, բանաստեղծ, Եդեսիայի առաջնորդ Ա. ծայրագույն վարդապետ Գալենտերյանը, բանասեր, Խարբերդի առաջնորդ Պ. վարդապետ Տեր-Խորենյանը և ուրիշներ, հետագայում մեծ ավանդ են ներդրել հայ եկեղեցական, մշակութային, գրական կյանքում: Դուրյան ձեռնամուխ է եղել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի բարեկարգմանը: Նրա պատրիարքության օրոք Երուսաղեմում բացվել են Կյուլպենկյան ու Մելքոնյան վարժարանները, որտեղ, ինչպես և ժառանգավորաց վարժարանում, դասավանդել է երկար տարիներ: Դուրյան պատրիարքի կարգադրությամբ 1928-ից վերսկսվել է երկար ժամանակ ընդհատված «Սիոն» ամսագրի հրատարակությունը, որին աշխատակցել է կրոնական և բանասիրական հոդվածներով: Նորոգել է տվել 1927-ի երկրաշարժից տուժած՝ Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի, Ազգային նախակրթարանի և մանկապարտեզի շենքերը, Բեթղեհեմի, Ռամլեի, Հոպպեի վանքերը: Նրա առաջարկությամբ և օժանդակությամբ կառուցվել է Ս. Հակոբյանց վանքի մատենադարանը (1929), որը հետագայում կոչվել է Դուրյան մատենադարան: Այդ անունով էլ հրատարակվել են գրքեր և մատենաշարեր: «Դուրյան մատենադարան» շարքի առաջին համարներում լույս են տեսել Դուրյանի գործերը:

Դուրյան թողել է գիտական և գրակական հարուստ ժառանգություն: Հիշարժան են «Ընթացք ի գրոց բարբառ՚» գործը (մաս 1, 2, 3, 1880, 1883, 1929), «Ընտիր ասացուածք օտարազգի ականաւոր անձանց. կենսագրական համառօտ տեղեկութեամբք» ժողովածուն (1882), «Պատմութիւն հայ մատենագրութեան...» աշխատությունը (1885)՝ երկար ժամանակ Կ. Պոլսի և Երուսաղեմի հայկական դպրոցների դասագիրքն է եղել, «Բառագիտութիւն կամ Ութ մասունք բանի հայերէն քերականութեան» երկասիրությունը (1886), որը բազմիցս վերահրատարակվել է, «Դասական մատենագրութիւն»-ը (1935), կրոն. բնույթի երկերից՝ «Դրուագներ մանուկ Յիսուսի կեանքէն» (1926), «Հայոց հին կրօնը կամ հայկական դիցաբանութիւնը» (1933), «Կրօններու պատմութիւն» (1935), «Բարոյագիտութիւն» (1936) և այլն: Դուրյան գրել է

նաև բանաստեղծություններ: Լույս են տեսել «Հովվական սրինգ» (1909), «Սրբազան քնար» (1936) ժողովածուները, եկեղեցական արարողությունները ժողովրդին հասկանալի դարձնելու համար գրաբարից աշխարհաբարի է վերածել մի շարք շարականներ:

 

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am