ԴԱՎԻԹ  ԱՆՀԱՂԹ.  Դավիթ Ներգինացի , Դավիթ Արմենիոս: Ծնվել է մոտ 475 թվին, Տարոնի գավառ, Ներգին գյուղում, մահացել է 6-րդ դարի կեսերին, Հաղպատ: հետագայում աճյունը ամփոփվել է Մշո Սուրբ Առաքելոց վանքում: Փիլիսոփա, տրամաբան, նորպլատոնականության Ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչ, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Սովորել է Ալեքսանդրիայում` Օլիմպիոդորոս Կրտսերի փիլիսոփայական  դպրոցում: Հրապարակային փիլիսոփայական վեճերում հաղթանակների համար ստացել է Անհաղթ պատվանունը: Ծեր հասակում վերադարձել է հայրենիք, գլխավորել հունաբան դպրոցը, նպաստել հայ փիլիսոփայական գիտության կազմավորմանը, վճռական դեր խաղացել փիլիսոփայական ճշգրիտ տերմինաբանության և գիտակարգերի մշակման բնագավառում: Դավիթ Անհղաթը տրամաբանական գիտության հիմնադիրն է Հայաստանում:                              

Դավիթ Անհաղթին վերագրվող բազմաթիվ երկերից անկասկած նրան են պատկանում «Սահմանք իմաստասիրութեան» (կամ «Գիրք սահմանաց»), «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի» և «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի» աշխատություններըական առաջին երեքը գրվել են հունարեն, ապա թարգմանվել հայերեն (պահպանվել են դրանց հունարեն և հայերեն, իսկ վերջին երկի` հայերեն բնագրերը): Որպես նորպլատոնական Դավիթ Անհաղթն զուգակցել է Պլատոնի, Արիստոտելի և Պյութագորասի ուսմունքները: Բոլոր գոյերի լինելիության պատճառ համարել է Աստծուն, պաշտպանել Աստծո, որպես ամեն ինչի պատճառի և արարչի, գոյության տիեզերաբանական ապացուցման սկզբունքը: Աստված անճանաչելի է, սակայն Աստծուն կարելի է մոտենալ` ճանաչելով նրա արարած բնությունը: Աշխարհը Դավիթ Անհաղթի կարծիքով լիովին ճանաչելի է: Ճանաչողության գործընթացը, ըստ նրա, ունի զգայական ու բանական ձևեր և զգայության, երևակայության, կարծիքի, դատողականության ու բանականության աստիճաններ: Առաջին չորս աստիճանները փորձի, արվեստի և գիտության հիմքն են, իսկ բանականությունը` փիլիսոփայության, որը ճանաչում է իրերի մեջ ընդհանուրը և անփոփոխը, նրանց էությունը: Դավիթ Անհաղթն առաջադրել է գիտությունների դասակարգման հարցը, որի կենտրոնում դրել է «արվեստների արվեստը և գիտությունների գիտությունը»` փիլիսոփայությունը, որը բաժանել է երկու մասի` տեսական և գործնական: Տեսական փիլիսոփայության գիտությունների շարքը` բնագիտությունը կամ ֆիզիկան, մաթեմատիկան և աստվածաբանությունը փիլիսոփայության հիմնական մասերն են: Գործնական փիլիսոփայության մասերն են բարոյագիտությունը, տնտեսագիտությունը և քաղաքականությունը: Ըստ Դավիթ Անհաղթի` տեսական փիլիսոփայությունը, թափանցելով իրերի էության մեջ, ըմբռնելով ճշմարտությունը, օգնում է գործնական փիլիսոփայությանը` «խուսափելու չարից» և նախապատրաստելու «ըստ գիտութեան և ըստ գործոց որչափ կարողութիւն է մարդոյն նմանիլ աստծոյ» («Սահմանք իմաստասիրութեան», 1960, էջ 156): Դավիթ Անհաղթն գտնում է, որ մարմինը հոգու զնդանն է, ժամանակավոր հանգրվանը: Փիլիսոփայությունը կյանքի փորձությունների միջով հոգին անվթար անցկացնելու և կրկին Աստծո հետ միաձուլելու միակ միջոցն է:                                                        

Դավիթ Անհաղթը փիլիսոփայությանը տվել է ընդգծված բարոյագիտական ուղղվածություն: Նրա համոզմամբ` փիլիսոփայությունը ստեղծվել է մարդու հոգին զարգացնելու և կատարելության առաջնորդելու համար: Այդ պատճառով նրա վարդապետության մեջ կարևոր տեղ է հատկացված մարդուն և նրա խնդիրներին: Ըստ Դավիթ Անհաղթի` մարդ ձգտում է նմանվել Աստծուն: Աստված հոգում է բոլորի մասին: Ձգտելով նմանվել նրան` մարդը նույնպես հոգատար պետք է լինի ուրիշների նկատմամբ, նպաստի, որ նրանք ազատագրվեն չարիքից ու հասնեն կատարելության: Այս ընթացքը պայմանավորված է իրականության ճանաչման խորությամբ: Եվ քանի որ փիլիսոփաներն ավելի լավ կարող են ճանաչել գոյը, ապա նրանք ավելի մոտ են Աստծուն: Դավիթ Անհաղթի երկերը մեծ ազդեցություն են ունեցել միջնադարյան հայ փիլիսոփայության զարգացման վրա: Անանիա Շիրակացին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը, Վահրամ Րաբունին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Սիմեոն Ջուղայեցին և ուրիշներ կրել են Դավիթ Անհաղթի հայացքների նկատելի ազդեցությունը` իրենց հերթին զարգացնելով դրանք և խթանելով նրա գիտական ժառանգության նկատմամբ հետաքրքրությունը: Շուրջ մեկ հազարամյակ Դավիթ Անհաղթիի երկերը եղել են բազմաթիվ մեկնողական աշխատությունների առարկա և անտիկ դասական փիլիսոփայական երկերի հետ մտել  միջնադարյան Հայաստանի բարձրագույն դպրոցների ծրագրերի մեջ: 18-րդ դարին նրա երկերը թարգմանվել են վրացերեն և շոշափելի դեր խաղացել նաև վրացական փիլիսոփայական մտքի զարգացման գործում: Շնորհիվ հունական բնագրերի Դավիթ Անհաղթիի աշխատությունները տարածվել են հայկական շրջանակներից դուրս, դրանց հետքերը նկատելի են միջնադարի իրանական, արաբական և հատկապես բյուզանդական փիլիսոփայական մտքի վրա (Ալ Քինդի, Իբն Սինա, Ալ Ֆարաբի, Հովհան Դամասկացի, Նիկիֆոր Վլեմիդաս և ուրիշներ):

Ըստ ավանդության, Դավիթ Անհաղը բազմաթիվ երգեր է հորինել եկեղեցու համար: Սակայն հայ երաժշտության պատմության մեջ նա հայտնի է տեսական ըմբռնումներով: «Սահմանք իմաստասիրութեան» մեջ կան երգ-երաժշտությանը վերաբերող նշանակալից ասույթներ, որոնք դարձել են մեկնության առարկա` այդպիսով խթանելով ազգական Երաժշտագիտության զարգացումը:                        

Դավիթ Անհաղթի անունով մեզ է հասել նաև մեկ ճառ– ներբող` «Բարձրացուցէք զՏէր Աստուած մեր» սկզբնավորությամբ:  Հայ եկեղեցին սուրբ Դավիթ Անհաղթի հիշատակը տոնում է հոկտեմբեր ամսին` Խաչվերացի հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը` «սրբոց թարգմանչաց վարդապետաց» հետ:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am