ԴԱՎԱՆԱՆՔ. դավանություն, աստվածային հայտնությամբ տրված և եկեղեցու կողմից սահմանված կրոնական ճշմարտությունների ամբողջությունը: Հայերենում դավանանք եզրը որոշ իմաստով համապատասխանում է հունարեն (δοvγբα դոգմա) բառի հոգնակի ձևին (δοvγբατα), որը սկզբնապես գործածվել է որպես այն, ինչ ճիշտ (լավ) է թվում կամ կարծվում, սակայն հետզհետե աստվածաբանության մեջ բյուրեղացել է որպես դավանական դրույթ կամ հավատքի ճշմարտություն: Հայերեն եզրն, ի տարբերություն հունարենի, գործածվում է միայն հավաքական իմաստով: Դավանական խնդիրների հետ առնչվող աստվածաբանական ոլորտը կոչվում է դավանական աստվածաբանություն (dogmatic theology):                             

Դավանանքի աղբյուրը եկեղեցու սրբազան ավանդությունն է,  որի հեղինակը Աստծո Սուրբ Հոգին է: Աստված ինքն է հայտնել իրեն` իր Հոգու կենդանի ներգործությամբ, և այդ հայտնությունն արտահայտված է Աստվածաշունչ գրքերով, առաքելական ավանդությամբ, սրբազան ծեսով, եկեղեցու հայրերի և վարդապետների գրվածքներով, տիեզերական ժողովների սահմանումներով ևայլն: Այդ հայտնությունը շարունակական է և ոչ թե մեկ անգամ կատարված իրողություն, որի մեջ մուտք գործելու (եկեղեցի մտնելու) համար անհրաժեշտ է Սուրբ Հոգու հետ կենդանի և գոյաբանական հաղորդակցություն, որի նախահիմքը ուղղափառ դավանությունն է: Համաձայն Տիրոջ խոսքի, ուղղափառ դավանանքն այն վեմն է կամ ամուր հիմքը, որի վրա կառուցված է եկեղեցին (Մատթ. 16-18): Ուղղափառ դավանանքին (տեսական հավատք) պետք է անպայմանորեն զուգակցվի ուղղափառ կենցաղավարություն և աստվածապաշտական ճիգեր (գործնական հավատք). տեսական և գործնական հավատքի ճիշտ համադրությունը, ըստ եկեղեցու հայրերի, հոգևոր կյանքի և փրկության անհրաժեշտ նախապայմանն է: 

Դավանաբանության մեջ բարձրագույն հեղինակությունը վերապահված է տիեզերական  ժողովներին, որոնք Սուրբ Հոգու բացառիկ ներգործությամբ սահմանել են Քրիստոսի եկեղեցու ուղղափառ հավատքը: Տիեզերաժողովների կողմից ընդունվել են այսպես կոչված Հավատո հանգանակներ կամ նշանակներ, որոնք դավանանքի հակիրճ ձևակերպումներ են: Հավատո հանգանակը կոչվում է նաև Հավատամք կամ Խոստովանություն հավատո կամ դավանություն հավատո: Այս իմաստով դավանանքը  ուղղափառ  հավատքի խոստովանությունն է, իսկ դավանել նշանակում է ընդունել, խոստովանել և վկայել որպես ճշմարտություն:                                

Պայքարելով զանազան աղանդավորական շարժումների դեմ՝ եկեղեցին մշտապես կարիք է ունեցել նորոգել և հաստատել հավատացյալ գիտակցությունը: Եկեղեցու հայրերը և վարդապետները ավանդել են մեծածավալ դավանական ժառանգություն՝ ուղղափառ հավատքն ուսուցանելու, բացատրելու, լուսաբանելու և մեկնելու համար: Այդ ժառանգությունը Սուրբ Հոգով տրված սրբազան ավանդության անբաժանելի մասն է:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am