ԴԱՄԱՍԿՈՍԻ ԹԵՄ.  Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 15-րդ դարի կեսին Երուսաղեմի հայոց պատրիարքության կողմից և գործել նրա ենթակայության ներքո: Առաջնորդանիստը` Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցի: 1632-ին Երուսաղեմի հայոց պատրիարք Գրիգոր Գանձակեցին (Պարոնտեր) այցելել է Դամասկոս, նորոգել 15-րդ դարի կեսին կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցին, նրան կից օթևաններ կառուցել Երուսաղեմ գնացող ուխտավորների համար: 1720-ին Երուսաղեմի հայոց պատրիարք Գրիգոր Շիրվանցին (Շղթայակիր) եղել է Դամասկոսում, վերանորոգել Սուրբ Սարգիս եկեղեցին, վճարել նրա պարտքերը: 1860-ին եկեղեցին հրդեհվել է: Նրա տեղում 1867-ին, թեմի առաջնորդ Բառնաբաս վարդապետ Տեր-Հովհաննիսյանի (Գանձակեցի) ջանքերով կառուցվել է նոր` ներկայիս առաջնորդանիստ եկեղեցին: 1906-ին կառուցվել է առաջնորդարանի երկհարկանի շենքը:                                        

Մինչև 1929-ը Դամասկոսի թեմը պատկանել է Երուսաղեմի հայոց պատրիարքությանը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության վերակազմավորման համար (Մեծ եղեռնից և 1921-ին Կիլիկիայի հայաթափումից հետո նրա ենթակայության տակ էր մնացել միայն Հալեպի թեմը) 1929-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի օրհնությամբ, Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Բեյրութի (Լիբանան) և Կիպրոսի թեմերի հետ Կիլիկիո աթոռին է փոխանցել նաև Դամասկոսի թեմը: Առաջնորդներ են եղել Խադ արքեպիսկոպոս Աջապահյանը (1932–37), Եփրեմ արքեպիսկոպոս Ասիլյանը (Տոհմունի, 1937–46), Ռուբեն արքեպիսկոպոս Մանասյանը (1946–48), Շավարշ եպիսկոպոս  Գույումճյանը (1949–56): 1956-ին թեմը չի ճանաչել Զարեհ եպիսկոպոս Փայասլյանի կաթողիկոսական ընտրությունը, հրաժարվել է ենթարկվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը և միացել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին: 1956–69-ին թեմն առաջնորդ չի ունեցել: Այնուհետև թեմի առաջնորդներ են եղել Տարոն վարդապետ Ճերեճյանը (1969–71), Կորյուն եպիսկոպոս Մանուելյանը (1971–72), Ոսկան եպիսկոպոս Գալփակյանը (1973–91): 1995-ից Դամասկոսի թեմը գործում է յուրահատուկ կարգավիճակով: Դեռևս թեմի վարչկան պատկանելության հարցը հստակեցված չէ:                              

1990-ին կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցու գավիթը, 1995-ին գավթից աջ` Ապրիլյան նահատակների հուշահամալիրը (Մեծ եղեռնի 80-ամյակի առթիվ): Դամասկոսի թեմին է ենթարկվում նաև Հոմսի հայ առաքելական համայնքը, որտեղ գործում են Սուրբ Մեսրոպ եկեղեցին և Սահակյան նախակրթարանը: Առաջնորդարանին է պատկանում նաև Դամասկոսի Սուրբ Թարգմանչաց ճեմարանը (հիմնադրվել է 1898-ին): Դամասկոսի և շրջակայքի (Հոմս) հայ առաքելական համայնքի կենտրոնը կաթողիկոսական փոխանորդությունն է: Դամասկոսի թեմի առաջնորդական տեղապահն է Գնել արքեպիսկոպոս Ճերեճյանը (1991-ից), որը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անդամ է:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am