ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ, միակ ճշմարիտ Աստծո՝ տիեզերքի Արարչի և Նախախնամողի հայտնությունը երկիր ուղարկած իր միածին Որդու՝ մարդկության Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (այստեղից էլ՝ Քրիստոնեություն անվանումը): Համաշխարհային կրոններից:  Բառն առաջին անգամ օգտագործել է Իգնատիոս Անտիոքացին (մահ. 113/117) Մագնեզիայի, Հռոմի և Ավետում (նկարիչ՝ Վարդան, Ավետարան, 1319 թ., Արծկե)Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում:  Քրիստոնեության գլխավոր հատկանիշներն են՝ ա. միաստվածությունը՝ օրինակարգված Աստվածության միության (միակության) մեջ դրսևորվող դեմքերի՝  Երրորդության (Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված) վերաբերյալ  վարդապետությամբ: Դարերի ընթացքում Երրորդության վարդապետությունը դրսևորել և դրսևորում է քրիստ. հայտնության բոլոր հնարավոր կողմերը:   բ. Հասկացություն Աստծո՝ ոչ միայն որպեսԹադեոս առաքյալ բացարձակ Հոգու, բացարձակ Բանականության և Ամենազորության, այլև բացարձակ Բարու և Սիրո մասին:  գ. Վարդապետություն մարդկային անձի՝ իբրև Աստծո պատկերով և նմանությամբ արարված անմահ հոգևոր գոյության, բոլոր ադամորդիների՝ երկնավոր Հոր առջև հավասար լինելու, ազատ կամքի և աստվածային շնորհի միջոցով Աստծուն միանալու,  աստվածային կատարելությանը հասնելու և հավիտենական երանությունը վայելելու վերաբերյալ: դ. Վարդապետություն նյութի նկատմամբ հոգու լիակատար գերիշխանության մասին:  Աստված է նյութական աշխարհի Արարիչը, մարդուն վերապահված է տերը լինել նյութ. արարչության՝ մարմնի միջոցով նյութական աշխարհում իր վերին կոչումը իրականացնելու համար:  Քրիստոնեությունը նյութն իբրև արարչություն դնում է հոգուց լիակատար կախվածության մեջ՝ նյութը նկատելով հոգու գործունեության միջավայր: Քրիստոնեության համար հավասարապես խորթ է ինչպես բնազանցական և բարոյական նյութապաշտությունը (մատերիալիզմ), այնպես էլ՝ նյութի և նյութ. աշխարհի հանդեպ մերժողական կեցվածքը:  Չարիքը ոչ թե նյութի մեջ է և նրանից, այլ՝ հոգևոր էակների  (հրեշտակ, մարդ) ազատ կամքի շեղ գործադրումից: Նյութի և նյութական իրականության հանդեպ Քրիստոնեության իրատես վերաբերմունքն իր պատշաճ արտահայտությունն է գտել՝Բարդուղիմեոս առաքյալ ե. մարմնի հարության, արդարների հարություն առած մարմնի երանության և նրանց հոգիները լուսավոր, հավիտենական, նյութ. Աշխարհում հարատևելու, ինչպես նաև՝ զ. Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգի (դոգմա)՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետության մեջ:  Քրիստոնեության մեջ դրսևորվում է հոգու և նյութի համերաշխ ներդաշնություն, ընդունվում է թե՛ մեկը , և թե՛ մյուսը՝ ցույց տալով, որ դրանք միայն միջոցներ են աստվածային կատարելության և աստվածանմանության հասնելու համար: 
Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, առաջին երկու դարերի քարոզ-խոս. Քրիստոնեությանը աստիճանաբար փոխարինել է երախայից (չմկրտվածներ կամ մկրտության նախապատրաստվողներ) ուսուցումը, որն ամփոփել է քրիստոնեական վարդապետության գլխավոր սկզբունքները:  Քրիստոնեության պաշտպանությանը (տես Ջատագովություն) զուգընթաց Արևելքում և Արևմուտքում երևան են եկել հայտնության այս կամ այն կողմի յուրովի ընկալում և կարևորում, ինչը III դ-ից վերածվել է համակարգի և ուսմունքի:  Դա իր հերթին նոր խնդիրներ է դրել աստիճանաբար ձևավորվող ու զորեղացող եկեղեցու՝ իբրև հայտնությունը կրող և արդեն վարչական և կազմակերպչական ձև ստացող միավորի վրա:  Այս հիմքի վրա Խաչելություն (նկարիչ՝ Մինաս, Ճաշոց, 1450 թ., Արծկե)աստվածաբանությունը երկփեղկվել է արևելյանի և արևմտյանի, ինչը հետևանք էր ոչ միայն հայտնության ընկալման, այլև՝ պատմաքաղ. կացության առանձնահատկությունների:  Եկեցղեցագործվող Քրիստոնեությունը բաժանվել է արևելաքրիստ. և արևմտաքրիստ. ուղղությունների (տես Ուղղափառություն և Կաթոլիկություն), իսկ XVI դ., Ռեֆորմացիայի արդյունքում ձևավորվել է Քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը: Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է (իր երկու անխախտելի մասերով՝ Հին կտակարան և Նոր կտակարան), որն Աստծո խոսքն է՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին Հայտնությամբ դրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևված են Հավատո հանգանակներում: 

Դարերի ընթացքում Քրիստոնեությունը ստեղծել է հարուստ գրականություն, մշակույթ, արվեստ, գիտություն Հայտնութենական ներուժը կրող Նոր կտակարանից են սնվում քրիստոնեական միտքը զարդարող բազմաթիվ ստեղծագործություններ, որոնց նպատակն է բարոյացնել ադամորդուն, նրա մեջ ուժեղացնել անթեղված գեղեցիկի բնազդը՝ նրան մոտեցնելով բացարձակ Գեղեցիկին: (Տես նաև Անապատականություն, Ավանդություն, Ավետարան, Եկեղեցու հայրեր, Ժամերգություն, Խաչ, Խորհուրդներ եկեղեցական, Ծես, Հավատ, Ճգնավորություն, Նվիրապետություն, Պահք, Պատարագ, Սուրբ, Վանականություն, Տիեզերական ժողովներ, Տոներ եկեղեցական հոդվածները) :  

Քրիստոնեւթյունը Հայաստան մուտք է գործել I դ., Հայոց առաջին լուսավորիչներ,Հովհաննես Այվազովսկի <<Գրիգոր Լուսավորիչը մկրտում է հայ ժողովրդին>> Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի քարոզչությամբ Հայաստանում առաքյալների գործունեությամբ և նահատակությամբ էլ I դ. կեսին դրվել է Հայաստանյայց  առաքելական սուրբ եկեղեցու հիմքը, իսկ Մեծ Հայքը Թադեոս առաքյալի անունով (առաջինը նա է քարոզել Հայոց կողմերում) ստացել է «Թադեի վիճակ» կամ  «Թադեի աթոռ» անվանումը:  Առաքելական քարոզչությունից սկսած Հայաստանում կազմավորվել են քրիստոնեական համայնքներ (եկեղեցիներ), եղել են նոր հավատի սպասավորներ, եպիսկոպոսներ, որոնք կապեր են ունեցել հարևան երկրների, հատկապես Միջագետքի, Ասորիքի, Կապադովկիայի հավատակիցների, Ալեքսանդրիայի, Սամոսատի, Եդեսիայի, Անտիոքի, Կեսարիայի աթոռների և համայնքների հետ:  Հայտնի է, որ Ծոփքի Մեհրուժան եպիսկոպոսը, ըստ Եվսեբիոս Կեսարացու, III դ. կեսին նամակագրական կապ է ունեցել Ալեքսանդրիայի Դիոնիսիոս պատրիարքի հետ:  II–IV դդ. Հայաստանում նոր հավատի բազմաթիվ հետևորդներ՝ Ոսկյանք, Սուքիասյանք, Սանդուխտ արքայադուստր, Գայանյանց կույսեր, Հռիփսիմյանց կույսեր և այլն, հալածանքի զոհ են դարձել. նրանք Հայ եկեղեցու առաջին սրբերն ու նահատակներն են:  Քրիստոնեական առաջին համայնքների Ս. Հռիփսիմեհիմնումը, մատուռների ու վկայարանների կառուցումը, քրիստոնյաների նահատակությամբ ժողովրդի ամենատարբեր խավերի, այդ թվում արքունական ընտանիքի անդամների շրջանում ամրապնդվող նոր հավատը նպաստավոր պայմաններ է ստեղծել Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Ա Լուսավորչի համար՝ երկրում Քրիստոնեության արմատավորման, հեթանոսության դեմ պայքարի, Հայ եկեղեցու նվիրապետության հաստատման գործում:  301-ին՝ Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի օրոք, Քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի թագավորության պետական կրոն:  Պատմության մեջ առաջին անգամ Քրիստոնեությունը հալածված և հետապնդվող հավատից դարձել է պետության կողմից հովանավորվող:  Գրիգոր Լուսավորիչը, դառնալով առաջին քահանայապետ, շարունակել է Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների գործը և ապահովել Հայոց առաքելահաստատ Աթոռի ժառանգականությունն ու հարատևությունը պատմական նոր իրադրությունում:  Հայոց դարձը չի ամփոփվել և չի սահմանափակվել էթնիկ. շրջանակով:  Իր աշխարհագրական և պետական- քաղաքական դերի թելադրանքով Հայաստանը դարձել է կենտրոնատեղի՝ խթանելով Քրիստոնեության տարածումը  Վրաստանում, Աղվանքում, Հս. Կովկասում:

Քրիստոնեության ընդունումով արմատական, բովանդակային խոր փոփոխություններ են կատարվել հայ ժողովրդի կյանքում:  Քրիստոնեությունը նպաստել է հայ հոգևոր մշակույթի աննախադեպ վերելքին ու հետագա զարգացմանը, մայրենի լեզվի և գրականության պահպանմանն ու ծաղկմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին, համամարդկային մշակույթին և քաղաքակրթությանը հայ ժողովրդի բերած անկրկնելի ավանդին, ինչպես նաև երկար դարեր համախմբել է ժողովրդին, եկեղեցու շնորհիվ կապել ազգի տրոհված հատվածները: 


                                                                                            Քյոսեյան    Հ.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1060-1062:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am