Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Քեսունի Կարմիր վանք

 ՔԵՍՈՒՆԻ ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ, Կիլիկիայի Սև լեռան վրա: Եղել է հայ իշխան Գող Վասիլի` 1082–1112-ին ստեղծած հայկական Իշխանության հոգևոր կենտրոնը, 1105–16-ին` կաթողիկոսանիստ: Հայաստանից արտագաղթած վանականն երի ուժերով Քեսունի Կարմիր վանքում գործել է բարձրագույն դպրոց: Գրիգոր Բ Վկայասերը իշխան Գող Վասիլի և նրա կնոջ հրավերով կյանքի վերջին տարիներն անցկացրել է Քեսունի Կարմիր վանքում, որտեղ էլ 1105-ին վախճանվել է ու մեծ շուքով թաղվել: Նրա հաջորդը` Բարսեղ Ա Անեցին, իր աթոռը հաստատել է Քեսունի Կարմիր վանքում` 1105-ին կաթողիկոսարանը Անիից այստեղ տեղափոխելով: 1112-ին Քեսունի Կարմիր վանքում է թաղվել նաև իշխան Գող Վասիլը: Բարսեղ Ա կաթողիկոսը Քեսունի Կարմիր վանքում ժողով է գումարել և Քեսունի իշխանությունը հանձնել ծագումով Կամսարական Վասիլ Տղա իշխանին: 

XII դ. 1-ին տասնամյակներում Քեսունի Կարմիր վանքը հռչակվել է որպես կրթական բարձրագույնՆերսես Շնորհալի կենտրոն, որտեղ ուսանելու են եկել ողջ Հայաստանից: Վանքում պատրաստվել են բազմակողմանի կրթված և կրոն. բարձր նկարագիր ունեցող վարդապետներ: Այստեղ  ուսուցանել են Ս. Գիրք, կրոնի և եկեղեցու պատմություն, տոմարագիտություն, երաժշտություն,գրչության արվեստ ևն: Րաբունապետ Ստեփանոս Մանուկ վարդապետը եղել է    XII դ. Հայաստանի կրթության և եկեղեցական բարեկարգման եռանդուն ու արդյունավետ գործիչ:  Քեսունի Կարմիր վանքի վարդապետարանի ամենանշանավոր սանը եղել է Ներսես Շնորհալին: 1113-ին վախճանվել է Բարսեղ Ա Անեցին, և կաթողիկոս է ընտրվել Գրիգոր Գ Պահլավունին: Այս ընտրությանը հակառակ, Աղթամարի վանքի եպիսկոպոս Դավիթ Թոռնիկյանը համախոհների օգնությամբ հռչակվել է կաթողիկոս: Նույն` 1113-ին Քեսունի Կարմիր վանքում հրավիրվել է Հայաստանի 2500  եպիսկոպոսների, վարդապետների, վանահայրերի ժողով, որը բանադրել է Աղթամարի աթոռի ոտնձգությունը (տես Սև լեռան ժողով 1113): 1114-ին երկրաշարժից Սամոսատի, Մասիսի,Մարաշի հետ ավերվել են նաև Սև լեռան վանքերը: 1116-ին Եդեսիայի կոմս Բոլդուինը զավթել է Քեսունի իշխանությունը,և նույն թվին Գրիգոր Գ Պահլավունին կաթողիկոս.աթոռը տեղափոխել է ավելի ապահով Ծովք դղյակը: Սակայն Քեսունի Կարմիր վանքի վարդապետարանը շարունակել է գործել: Այնտեղ է աշխատել ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին, որը վանքում ավարտել է իր «Ժամանակագրությունը»: Ըստ Մատթեոս Ուռհայեցու, 1136-ին Սուլթան Մահմուդը հարձակվել է Քեսունի Կարմիր վանքի վրա, հրդեհել վանքի շինությունները, ջարդել խաչերը, ատարագամատույց սեղանն ու քանդակազարդ դուռը, կողոպտել սպասքը: Քեսունի Կարմիր վանքը անկում է ապրել XVI–XVII դդ.,  բազմիցս կողոպտվել է, իսկ XVIII–XIX դդ. բռնագրավվել են հողերը: Հովհաննես վրդ. Գառնեցին 1849-ին փորձել է վերակենդանացնել վանքը,սակայն` ապարդյուն: Քեսունի Կարմիր վանքը մնացել է որպես ուխտավայր. Հռոմկլայի Ս. Ներսես Շնորհալի վանքն ուխտի գնացողները ավանդաբար կանգ են առել լքված Քեսունի Կարմիր վանքում և մատաղ ու Պատարագ մատուցել: Քեսունի Կարմիր վանքի մեծաքանակ ձեռագիր  մատյանները, որոնք պահվել են Քեսուն քաղաքի հայկական եկեղեցում, ոչնչացել են 1915-ին: 


                                                                                                   Հասրաթյան Մ.  

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1056-1057:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am