ՃՐԱԳԱԼՈՒՅՑ, Սուրբ  Ծնունդի և Աստվածահայտնության ու ս. Զատիկի նախընթաց երեկոյան կատարվող նախատոնական արարողություն՝ նախատոնակ: Այդպես է կոչվել եկեղեցու կանթեղները վառելու (ճրագ լցնելու կամ կպցնելու) և ներկա հավատացյալ ժողովրդին մոմեր բաժանելու համար:  Անցյալում բոլոր մեծ տոների նախատոնակ երեկոներին կատարվել է Ճրագալույց: Հայ եկեղեցում ներկայումս միայն վերոհիշյալ երկու տոներից առաջ է կատարվում Ճրագալույց, որի ընթացքում, ժամերգությունից հետո, ընթերցվում են հատվածներ Սուրբ Գրքից: Ընթերցվում է Դանիելի մարգարեությունը, որին անմիջապես հաջորդում է ս. Պատարագ (ընդ որում, միայն այս երկու նախատոնական պատարագներն են, որ ընդունված է կատարել երեկոյան): Պատարագից հետո քահանայական թափորը գնում է սեղանատուն՝ նախատոնակն այնտեղ կատարելու: Ընթերցվում է Ավետարանը, երգվում տոնին հատուկ շարականը, ասվում է «պահպանիչն» ու եզրափակիչ շնորհավորական բարեմաղթանքը, ապա սկսվում է ավանդ. ընթրիքը: Ճրագալույցի ժողովրդական սովորույթներից են՝ միմյանց ավետիս տալը, բանջարեղենի, ձվի և ձկնեղենի ճաշակումը՝ գինու հետ: Ճրագալույցի երեկոն կոչվել է նաև Խթում, որը կարելի է համարել ուտիքի նախատոնակը:

                                                                                        Սարգսյան Լ.

 

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 665

 

Տես նաև՝ 

Օրմանյան Մ., Ծիսական բառարան, Ե.,1992

Մանուկյան Ա., Հայ եկեղեցու տոները, 6-րդ հրտ., Թեհրան, 1999:

                                                                                             .
 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am