ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, Աստծո և կրոնական հավատալիքների նկատմամբ հավատարմություն, աստվածային պատվիրանների աներկբա կենսագործում: Քրիստոնեական բարեպաշտությունը իր մեջ ներառում է երեք հիմնական առաքինությունների (աղոթք, պահք, ողորմություն) կիրառությունն անձնական կյանքում:

Հեթանոսական շրջանում բարեպաշտությունը կուռքերի պաշտամունքի և հեթանոսական ծեսերի հետևողական կիրառումն էր: Հին կտակարանում բարեպաշտությունը թեև ունեցել է միաստվածային ուղղվածություն, սակայն հաճախ ուղեկցվել է միայն արտաքին ծիսական կողմի ձևական պահպանմամբ: Նահապետների ժամանակաշրջանում բարեպաշտությունը ունեցել է որոշակի ընդգրկում՝ զոհաբերական պրակտիկայի պահպանում և հավատարմություն Աստծուն: Մովսիսական օրենքի տվչությունից հետո բարեպաշտությունը ավելի լայն ոլորտ է ունեցել՝ իր մեջ ներառելով հասարակական և ընկերային հարաբերությունների բոլոր բնագավառները, առանց, սակայն, ներթափանցելու անհատական և ներանձնական կյանք: Այդ իսկ պատճառով մարգարեները բազմիցս պախարակում են հրեաների ձևական աստվածապաշտությունը, քանզի միայն, ըստ Դավթի՝ «Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սաղմ. 50.19):

Բարեպաշտության նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է քրիստոնեության մեջ: Այն, ամեն ինչից առաջ, պահանջում է ներքին մաքրություն և հոգևոր կատարելություն: Քրիստոսը մերժում է արտաքուստ բարեպաշտ, սակայն ներքուստ ամենայն աղտեղությամբ լեցուն փարիսեցիներին: Ճշմարիտ բարեպաշտությունն այստեղ նույնանում է «աստվածապաշտություն» հասկացության հետ: Այն ընդգրկում է քրիստոնեության ներանձնական ապրումի, Աստծո պաշտամունքի ու ծառայության և նրա օրենքների խոնարհ հնազանդության ոլորտները: Քրիստոնեական աստվածապաշտությունը բխում է կյանքի ու զորության ներքին սկզբունքից և աստվածային շնորհ է (Բ Պետ. 1.3, Բ Տիմ. 3.5)՝ տրված Սուրբ Հոգով:

Աստվածաշունչը բարեպաշտությունը դիտում է մի քանի տեսանկյունից: Հին կտակարանն այն անվանում է «Տիրոջից երկյուղ», ցույց տալով, որ ճշմարիտ բարեպաշտությունը հիմնված է Աստծո նկատմամբ հարգանքի, հնազանդության և խոնարհության վրա: Նոր կտակարանն այն անվանում է «հնազանդություն Ավետարանին» կամ «հնազանդություն ճշմարտությանը» (Հռոմ. 10.16, Գաղ. 5.7, Բ Թես. 1.8, Ա Պետ. 1.22)՝ բարեպաշտությունը բնութագրելով որպես պատասխան աստվածային հայտնությանը: Մեկ այլ տեսանկյունից, շեշտելու համար աշխարհից հրաժարվելու և դեպի Աստված կենտրոնանալու վիճակը, Նոր կտակարանն այն պարզապես անվանում է «սրբություն» (Ա Թես. 4.3, Եբր. 12.14, Բ Կորնթ. 7.1, Ա Թես. 3.13): Քրիստոսն ուսուցանեց, որ «Աստծո գործը» ինքնին հավատն է (Հովհ. 6.28–29), և քրիստոնեական բարեպաշտությունը նշանակում է ապրել այդ հավատով ու այն կենսագործել:

Համապատասխանաբար, Հովհաննես առաքյալը բարեպաշտությունը բնութագրում է երկու ամենահատկանշական գծերով. ա. հավատ Քրիստոսի նկատմամբ և բ. սեր քրիստոնյաների նկատմամբ (Ա Հովհ. 3.22–24): Նորկտակարանային բարեպաշտությունը ընդգրկում է հավատի գործնական արտահայտությունները՝ ապաշխարությամբ լեցուն կյանք, հավատարմություն առ Աստված, պայքար՝ ցանկությունների դեմ և մեղքի ոչնչացում, մշտական աղոթք, հարատև հաղորդակցություն՝ Գոհության և ս. Հաղորդության խորհրդին. հույսի, սիրո, ազնվության, համբերատարության ու բարյացակամության կենտրոնացում անձի մեջ. հարգանք Աստծո կողմից հաստատված եկեղեցու, պետության, ընտանիքի և հասարակության հանդեպ և այլն:

Ուղղափառ բարեպաշտությունը պահանջում է գիտակցորեն հետևել եկեղեցու և ավանդության կողմից հաստատված ու սրբագործված ծիսական, ազգային, հոգևոր-բարոյական հաստատություններին, ինչպիսիք են եկեղեցական արարողություններին հաճախելը, ազգային որոշակի ավանդություններով հյուսված կրոնական, եկեղեցական տոները պահպանելը, ծիսական խորհրդակատարություններին հետևելը:

Հայ եկեղեցին, որպես ուղղափառ եկեղեցի, առաջնորդվում է բարեպաշտության ավանդական ընկալմամբ՝ դրան ավելացնելով ազգային գիտակցությամբ պայմանավորված տարրեր: Այդ առումով Հայ եկեղեցին մյուս բոլոր ուղղափառ եկեղեցիների նման շեշտում է հավատի կարևորությունը Քրիստոսի նկատմամբ, հոգատարությունը սեփական անձի և սերը մերձավորի հանդեպ (տե՛ս նաև Բարեգործություն):

Քրիստոսի նկատմամբ աներկբա հավատի և ուղղափառ կենցաղավարության երեք չափանիշների՝ աղոթքի, պահքի և ողորմության մշտական կենսագործումով է պայմանավորվում յուրաքանչյուր քրիստոնյայի բարեպաշտության աստիճանը (տե՛ս նաև Հոգևոր բարեպաշտական արարողություններ):

Նոր կտակարանում Հակոբոս առաքյալը հորդորում է բարեպաշտ լինել գործնականորեն. «Սուրբ և անարատ բարեպաշտությունը Աստծու և Հոր առաջ այս է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, անարատ պահել իր անձը աշխարհից» (Հակոբոս 1.27):

Միքայել ծ. վրդ. Աջապահյան

 

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am