Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Աթանաս Ալեքսանդրացի

 ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ, սուրբ Աթանաս Մեծ (295, Ալեքսանդրիա – 373, Ալեքսանդրիա), Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետներից, Հայ առաքելական եկեղեցու համաքրիստոնեական տոնելի սուրբ հայրերից, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով (տես Եկեղեցու հայրեր),Ալեքսանդրիայի պատրիարք (326-ից): Սերել է հույն քրիստոնյա ընտանիքից: Լինելով տակավին սարկավագ՝ Նիկիայի Ա տիեզերական ժողովում (325) լուրջ հակահարված է հասցրել Արիոսին (տես Արիոսականություն) ու նրա հետևորդներին: Այնուհետև՝ իրԱթանաս Ալեքսանդրացի ողջ կյանքի ընթացքում պայքարել է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանել նիկիական ուղղափառ դավանանքը: Անզիջում ու հետևողական պայքարի համար հալածվել է արիոսական իշխանավորներից և իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ը անցկացրել աքսորում: Եկեղեցաքաղաքական, դավան. հակամարտությունների այդ մթնոլորտում նրա աշխատությունները, բնականաբար,ունեցել են տեսական, աստվածաբան. ուղղվածություն: Աթանաս Ալեքսանդրիացու մատենագր. վաստակը սերտորեն առնչվել է Նիկիական հանգանակի պաշտպանության և հերետիկոսների դեմ մղված պայքարի հետ: Մատենագրական գործունեության վաղ շրջանում (317–319) գրել է «Երկու ճառ ընդդեմ հեթանոսների»  ջատագով. բնույթի աշխատությունը:

Առաջինում ապացուցել է հեթանոսության կեղծ ու հոռի էությունը և նախանշել ինքնազննման, արտաքին աշխարհի գեղեցկության ընկալման միջոցով Աստծո և Բանի ճանաչողությանը հասնելու ճանապարհը: Երկրորդ ճառում բացահայտել է Բանի մարմնավորման ճշմարտությունն ու իմաստը, դա հիմնավորել մարգարեությունների կատարման իրողությամբ և քրիստոնյա աշխարհի հոգևոր նվաճումների արձանագրումով: Աթանաս Ալեքսանդրացին իր դավան-հակաճառ. երկերի մեծ մասը շարադրել է աքսորավայրում (356–362): Հատկանշական են հատկապես արիոսականների դեմ գրած երեք ճառերը: Դրանցում հեղինակը ժխտել է արիոսականների տրամաբան.և մեկնաբան. փաստարկները, բացատրել աստվածային համագոյության իմաստը:Աթանաս Ալեքսադրացու ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրման համար խիստ արժեքավոր են նրա Զատկական նամակները. հուն. բնագրից մեզ են հասել առանձին փշրանքներ, սակայն պահպանվել է դրանց ասոր. թարգմանությունը:Աթանաս Ալեքսանդրացին հեղինակել է Անտոն Անապատականի (250–356) վարքը (մոտ 356–357-ին),նրա կերպարը ներկայացրել իբրև ճգնական նվիրումի չափօրինակ: Երկը զգալի ազդեցությունէ գործել սրբախոսական գրականության վրա: Հայերեն է թարգմանվել V դ.: Աթանաս  Ալեքսանդրացու հնում հայտնի սուրբգրային բազմաթիվ մեկնություններից մեզ են հասել սաղմոսների, Մատթեոսի և Ղուկասի Ավետարանների մեկնության լոկ առանձին հատվածներև Սարգիս Կունդի (XII դ.) Կաթողիկե թղթերի խմբագիր մեկնության մեջ կարևոր տեղ զբաղեցնող աթանասյան ընդարձակ հատվածները, որոնք հայտնի են միայն հայերեն թարգմանությամբ: Աթանաս Ալեքսանդրացին գրել է նաև կանոններ, Պատարագամատույց, ներբողներ, խրատներ, աստվածաբան., քրիստոսաբան., ջատագով. և հակաճառ. բնույթի բազմաթիվ թղթեր: Աթանաս  Ալեքսանդրացուն իրավամբ անվանել են «սիւն եկեղեցւոյ» և «սիւն հաւատոյ»: Քրիստոնեական մտքի պատմության մեջ նրա երրորդաբան. և քրիստոսաբան. Ուսմունքն անգերազանցելի ապացույցն է Ընդհանրական եկեղեցու հնագույն ավանդության, ուսուցման և հավատքի: Ալեքսանդրիայի աստվածաբան. դպրոցի ամենակարկառուն ներկայացուցչի՝ Աթանաս  Ալեքսանդրացու քրիստոսաբանությունը ուղենիշ է հանդիսացել հետագայում Անտիոքի դպրոցի դեմ մղված պայքարում և հակաքաղկեդոն. վեճերի շրջանում: Մեծ է եղել նրա ուսմունքի ազդեցությունն արևելաքրիստ., այդ թվում՝ Հայ եկեղեցու աստվածաբանդավանաբան. մտքի վրա: Աթանաս  Ալեքսանդրացու աստվածաբանության և քրիստոսաբանության հիմքը Փրկագործության և Մարդեղության գաղափարն է: Նրա համար Բանի Աթանաս ԱլեքսանդրացիՄարդեղությունը և Հոր հետ համագոյությունը փրկաբանական հարց է, Փրկագործության վարդապետություն: Փրկությունը տեսել է Աստծո հետ մարդու արարված բնության վերամիավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարմնավորման և մարդացման պարագայում: Փրկությունը, ըստ Աթանաս Ալեքսանդրացու, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա», այսպես է բանաձևել Աթանաս Ալեքսանդրացու Մարդեղության և Փրկագործության վարդապետությունը: Աստվածացումը Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»: Ինչպես ճյուղերն են համագո խաղողի որթին, այնպես էլ մենք մեր մարմնով համաբնույթ ենք Տիրոջ մարմնին, և նրա մարմինը մեզ համար «հարության փրկության արմատ է»:Ս. Երրորդության խորհրդի բացահայտումը Աթանաս Ալեքսանդրացին իրականացրել է արիոսական գաղափարների ժխտման ընթացքում: Եթե «կար ժամանակ, երբ չկար Որդին» (արիոսականություն),ապա նշանակում է, որ Աստված էլ երբևէ Հայր չի եղել, հետևաբար չի եղել Ս.Երրորդություն, այլ եղել է մեկը, որը վերացարկված միաստվածականություն է, բացահայտ հրաժարում քրիստ. նոր Հայտնությունից, Աստծո՝ որպես Ս. Երրորդության, իմացությունից: Իր անփոփոխելիության մեջ Հայրը միշտ Հայր է: Հոր և Որդու հարաբերության մեջ բացառվում է որևէ հերթականություն,տևականություն և տարածություն:Այստեղ տիրում է լիակատար հավերժակցություն,որը ցույց է տալիս, որ Որդին ծնունդ է էությունից և դրա համար էլ համագո է Հորը: Հոր աստվածությունն անխառն և անբաժանելիորեն առկա է Որդու մեջ: Համաձայն Աթանաս Ալեքսանդրացու, Հոր և Որդու այսօրինակ հարաբերության ամենաճշգրիտ անվանումը «համագոյություն» եզրն է: Ս. Հոգու վերաբերյալ ուսմունքը Աթանաս Ալեքսանդրացին ներկայացրել է բացառիկ հստակությամբ: Նրա ելակետը Ս. Երրորդության կատարյալ միասնության գաղափարն է, այսինքն՝ Ս. Հոգին ունի Հոր և Որդու նույն բնությունը՝ «Մի Աստուած երեք անձինք կատարեալք, միով բնութեամբ» («Ճառք...»,1899, էջ 238): Հոգին ծնված չէ և այդ պատճառով չի կոչվում Որդու եղբայր, այլ՝ Ս. Հոգի: Բայց նա դուրս չէ Որդուց, դրա համար էլ կոչվում է Որդեգրության Հոգի, Հզորությանև Իմաստության Հոգի: Նա Որդու հետ ունի նույն միասնությունը, ինչ՝ Որդին Հոր հետ: Յաղագս աստուածութեան «Որդւոյ»«Առ Արիոս»«Յաղագս Սրբոյ Երրորդութեանն» և այլ գրվածքներում ու ճառերում Աթանաս Ալեքսանդրացին զարգացրել է Ս. Երրորդության աստվածության և միության ուղղափառ ըմբռնումը. «զՄի Աստուած յԵրրորդութեան և զԵրրորդութիւն իմիութեան... այլ Հօր և Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ՝ մի աստուածութիւն, հաւասար փառքեւ յաւիտենակից մեծութիւն» (նույն տեղում, էջ 478): Աթանաս Ալեքսանդրացու աշխատությունների զգալի մասըհայացվել է V դ.՝ թարգմանիչ հայրերի, իսկ մյուս մասը VIII դ.՝ Ստեփանոս Սյունեցու ջանքերով: Թարգմանված առավել կարևոր երկերից են՝ «Յաղագս ամենասուրբ Երրորդութեան»«Ի Հոգին Աստուծոյ»«Յաղագս մարմնաւորութեանն Որդւոյն եւ Սրբոյ Երրորդութեանն»«Յաղագս փրկական յայտնութեանն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ընդդեմ Մարկիոնի»«Ի ծնունդն Քրիստոսի» ևն: Աթանաս Ալեքսանդրացու գործերի հայերեն թարգմանությունների մի մասը (ճառեր, թղթեր, մեկնություններ ևն) հրատարակվել է 1899-ին, տարբեր աշխատություններից հատվածներ և վկայություններ՝ «Կնիք հաւատոյ» ժողովածուում: Աթանաս Ալեքսանդրացու երկերը բացառիկ կարևոր դեր են կատարել Հայ եկեղեցու որդեգրած դավանական դրության, մասնավորապես քրիստոսաբանության և երրորդաբանության մեջ: Ուստիև նրա մատենագրության տարբեր հատվածներ լայնորեն վկայակոչվել են հայ դավանաբան. գրականության մեջ («Կնիք հաւատոյ»«Արմատ հաւատոյ», Անանիա Սանահնեցու «Հակաճառութիւն», Պողոս Տարոնեցու «Ընդդեմ Թեոփիստեայ հոռոմ փիլիսոփայի» և այլն): Աթանաս Ալեքսանդրացին իր ուրույն տեղն ունի նաև հայմեկնաբանական գրականության մեջ:Հայ եկեղեցին ս. Աթանաս Ալեքսանդրացու հիշատակը տոնում է տարին 2 անգամ՝ հունվարին և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ: 

 

                                                                                                      Քյոսեյան  Հ.

 

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան, հրատ., Երևան, 2002, էջ 21-23:

 


Տես նաև՝

Ճառք, թուղթք և ընդդիմասացութիւնք,Վնտ., 1899:

Սաղմոսների մեկնություն, թրգմ. Մ. Ղազարյան, Ե., 2000:

Զարբհանալյան Գ., Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց, Վնտ., 1889:

Գաթըրճյան Հ., Սրբազան պատարագամատոյցք Հայոց, Վնն., 1897, էջ 217–318:

Տեր - Մինասյան Ե., Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, Էջմիածին, 1908:

Սագարդա Ն., Յոյն-Արևելքի հին եկեղեցական աստվածաբանական գիտութիւնը իւր ծաղկման շրջանում (IV–V դդ.), Վաղ-պատ, 1910:

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 321–368:

Հատիտյան Ա., Սուրբ Աթանաս հայրապետ Ալեքսանդրացի, «Էջմիածին», 1977, դ 2:

Քյոսեյան Հ., Յունարէն բնագրով անյայտ ճառ ս. Աթանաս Ալեքսանդրացու անուամբ, «Գանձասար», 5,1994:

Նույնի, Ս. Աթանաս Ալեքսանդրացու՝ հունարեն բնագրով անհայտ Անտիոքի եկեղեցուն հղած թղթի հայերեն թարգմանությունը, «Էջմիածին», 1995, դ 2–3: 

Migne J. P., PG, t. 25–28, P., 1857–66.

Quasten J., Patrology, v. 3, Utrecht, 1966.

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am