ԱՌԱՔԵԼ ԲԱՂԻՇԵՑԻ, Պոռեցի [մոտ1380, գ. Պոռ (Վասպուրական) – 11.1.1454, ք. Արղնի (կամ Արկնի)], վարդապետ, տաղերգու, բանաստեղծ: Աշակերտել է Գրիգոր Խլաթեցուն (Ծերենց)՝ լինելով Թովմա Մեծոփեցու ուսումնակիցը: Եղել է Չմշկածագի Երկայն Ընկուզյաց վանքի առաջնորդ (1422): Այստեղ ծավալել է բարենորոգչական-կրթական և գրական գործունեություն, խրախուսել գրչության արվեստը: Առաքել Բաղիշեցին անձնական ծանոթություն է ունեցել ժամանակի նշանավոր շատ գործիչների, այդ թվում՝ Մկրտիչ Նաղաշի հետ, որն իր համագյուղացին էր: Գրիգոր Խլաթեցու ողբերգական մահվանառթիվ Առաքել Բաղիշեցին ձոնել է «Եղերերգութիւն ի մահնահատակութեան Ծերենց Գրիգոր վարդապետի Խլաթեցւոյ» չափածո եղերերգը (1425) և «Պատմութիւն քաջ և տիեզերալոյս վարդապետին մերոյ Գրիգորի Խլաթեցւոյ Ծերենցն» արձակ վկայաբանությունը (1426), որոնք, գեղարվեստական արժեքից զատ, ունեն արժանահավատ պատմական սկզբնաղբյուրի նշանակություն: Առաքել Բաղիշեցին թողել է բազմաժանր գրական ժառանգություն՝ տաղեր, գանձեր, պատմական պոեմներ, ողբեր, ներբողներ, վկայաբանություններ ևն՝ իր ստեղծագործության մեջ ամենից առաջ կարևորելով հայ ժողովրդի ազատագրության և անկախ պետականության վերականգնման գաղափարը: «Ողբ մայրաքաղաքին Ստամպոլու» պատմաքաղաքական պոեմում, գրված 1453-ին Կոստանդնուպոլսի անկման առթիվ, քրիստոնյա Բյուզանդական կայսրության փլուզումը համարում է գույժ քրիստոնյա ժողովուրդների և, մանավանդ, հայերի համար, բայց և հավատում է հաղթական գալիքին, երբ վերականգնվելու է Հայոց խորտակված գահը՝ Արշակունյաց քաղաքամայր Վաղարշապատում, կաթողիկոսական աթոռին վերստին բազմելու են Գրիգոր Ա Լուսավորչի տոհմի շառավիղները: «Պատմութիւն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին» պոեմի համար ուղեցույցաղբյուր է եղել Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն», իսկ «Ներբողեան տաղաչափականի վերայ վարուց Մեծին Ներսէսի» պոեմի համար՝ Մեսրոպ Վայոցձորեցու (X դ.) «Պատմութիւն սրբոյն Ներսէսի Պարթևի հայոց հայրապետի» երկը: Հեղինակն այս պոեմներումդրվատում է Հայ եկեղեցին ու դավանանքը, որոնց մեջ է տեսնում ազգային անաղարտ դիմագծի պահպանման և Հայոց ապագա ազատության գրավականը: Առաքել Բաղիշեցին անդրադարձել է նաև պարականոն գրականության առանձին թեմաների. ուշագրավ է «Տաղ աւետեաց» պոեմը, որտեղ դրամատիզմով է պատկերել Մարիամ Աստվածածնի ծնողների՝ Հովակիմի և Աննայի կյանքի որոշ դրվագներ, կույս Մարիամի հուզումները՝ Գաբրիել հրեշտակապետի բերած աստվածային՝ կուսական հղության պատգամն ընդունելիս: 1434-ին գրված «Տաղ Յովասափու» պոեմի հիմքում ընկած է Բուդդայի ավանդական կենսագրության քրիստոնեական տարբերակներից մեկը, որը, ինչպես ենթադրվում է, սկզբնապես գրված է եղել պահլավերեն, ապա՝ թարգմանվել այլ լեզուներով. հայերեն տարբերակը թարգմանվել է հունարենից՝ 1048-ին: Առաքել Բաղիշեցին արձակ վեպը վերամշակել է չափածո: Պոեմի գործողությունը ծավալվում է հեթանոսական պաշտամունքի կողմնակիցների և քրիստոնեական կրոնի լուսակիրների միջև: Գլխավոր հերոսը՝ Աբեներ թագավորի որդի Յովասափը, հրաժարվում է գահից ու թագից, դառնում քրիստոնյա և գնում անապատ՝ ճգնելու: Հայրը ևս հետևում է որդու օրինակին: Առաքել Բաղիշեցու տաղերը հիմնականում ունեն բարոյախրատական բովանդակություն:

                                                                                                         Ղազինյան Ա.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ  75-76: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am