Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ապրակունիսի Ս. Կարապետ վանք

ԱՊՐԱԿՈՒՆԻՍԻ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառի Երնջակ գետի աջ ափին, Ապրակունիս գյուղի մոտ, սարավանդի վրա (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Ջուլֆայի շրջանում): Հիմնադրել է Մաղաքիա Ղրիմեցի 

Ապրակունիսի Ս. Կարապետ վանքըվարդապետը 1381 թվականին: Աշակերտներ հավաքելով՝ հրավիրել է Հովհան Որոտնեցուն ու Գրիգոր Տաթևացուն և վանքում հիմնադրել Ապրակունյաց բարձրագույն տիպի դպրոցը, որի առաջին րաբունապետն է դարձել Հովհան Որոտնեցին: Վանքի շինարարությունն ավարտել է Գրիգոր Տաթևացին, որը Հովհան Որոտնեցու մահից հետո՝ 1386-ին փոխարինել է նրան որպես րաբունապետ, իսկ 1391-ին, Լենկթեմուրի արշավանքի պատճառով, ստիպված հեռացել է Երնջակից: 15–16-րդ դարերին Ապրակունիսի Սուրբ Կարապետ վանքը և նրա դպրոցն անկում են ապրել, 17-րդ դարին եկեղեցին ու մյուս շինություններն արդեն եղել են խարխուլ վիճակում: 1655-ին Եսայի ու Ղազար վարդապետները նոր եկեղեցի են կառուցել՝ քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով, բազմանիստ խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով: Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնական ծավալը կառուցված է սրբատաշ բազալտից, իսկ բարձր, սլացիկ թմբուկով գմբեթը՝ աղյուսից: Հարդարանքի տարրերն են պատերի ստորին մասի բազմագույն, շախմատաձև շարվածքը և դեկորատիվ կամարաշարը: Եկեղեցու խորանի վերևի արձանագրության մեջ նշված է ճարտարապետի անունը՝ Դավիթ ուստա: Արմ. ճակատին 1664–1666-ին կցել են եռակամար գավիթ-սրահ (այժմ՝ավերակ): Հարավից կից է թաղածածկ, երկար Սուրբ Ստեփանոս մատուռը, որը, ըստ չափածո շին.արձանագրության, 1714-ին կառուցել է շոռոթեցի վաճառական Խոջա Այվազը: 1705-ին նախիջևանցի պարոն Աղամալը Սուրբ Ստեփանոս մատուռի տանիքին երկհարկ զանգակատուն է կառուցել: Սուրբ Կարապետ եկեղեցու ներսը ՆաղաշԱպրակունիսի Ս. Կարապետ վանքը Հովնաթանի որդիներ Հարությունը և Հակոբը 1740-ին զարդարել են բարձրարվեստ որմն անկարներով. պահպանված հատվածներից արժեքավոր են Աստվածածնի, Պողոս և Պետրոս առաքյալների դիմապատկերները: Ապրակունիսի Սուրբ Կարապետ վանքը 14–18-րդ դարերին եղել է հոգևոր, մշակութային և գրչության կենտրոն: Այդտեղի ձեռագրերից առանձնանում է Հակոբ գրչի 1386-ին ընդօրինակած «Ժողովածու բանից Գրիգոր Նարեկացվո, Գրիգոր Տղայի և այլոց»-ը: Վանքը եղել է նաև օձի խայթոցը բուժող հայտնի ուխտատեղի: Ապրակունիսի Սուրբ Կարապետ վանքում պահվել են սուրբ Կարապետի և սուրբ Հովհան Ոսկեբերանի մասունքները«Հազարափրկիչ» խաչը, որը համաճարակների ժամանակ թափորով տարել են ախտահարված վայրերը (օրինակ, 1878-ին՝ Ագուլիս):

 

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակություն, Երևան, 2002, էջ  73:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am