ԱՊՈՂԻՆԱՐԻԶՄ, հերետիկոսական ուսմունք, ըստ որի՝ Քրիստոսի մեջ մարդկությունը չունի բանական հոգի, և Բանն Աստված ընդամենը միավորվել է շնչավոր մարմնի հետ: Աստվածաբանական մտքի պատմության մեջ քրիստոսաբանական հարցն իր ողջ սրությամբ առաջ է քաշվել այս ուսմունքով: Հիմնադիրն է Ապողինար Լաոդիկեացին (մահ. մոտ 392-ին), որը նախապես եղել է Նիկիական հավատի պաշտպաններից մեկը և բարձր գնահատվել մասնավորապես Աթանաս Ալեքսանդրացու և Բարսեղ Կեսարացու կողմից: Ապողինարը փորձում էր պարզել այն հանգամանքները, որոնց դեպքում Բանի մարմնացումն իսկապես կլիներ Աստվածության և մարդկության կատարյալ միություն՝ Քրիստոսի անձի կատարյալ միակության դեպքում: Նա ընդունում էր մեկ դեմք, մեկ անձ և մեկ բնություն հետևյալ կերպ. «Աստված և մարդ կազմեցին մեկ բնություն՝ բարդ և բաղադրյալ», և «երկու կատարյալներից» չի կարող կազմվել «կատարյալ միություն»: Եթե Աստված կատարելապես միանար մարդու հետ՝ միտք, հոգի և մարմին ունեցող, ապա կմնար չլուծված երկվություն: Ավելի ստույգ, եթե Բանը վերցներ մարդկային միտքը՝ ազատության և ինքնիշխանության սկիզբը, ապա Ապողինարին թվում էր, որ իսկական միացում չէր լինի, այլ կստացվեր երկու կենտրոն և երկու սկիզբ: Ուստի մարմնավորման հիմնական նպատակը տեղի չէր ունենա. Աստված չէր մեռնի ինչպես մարդ, այլ ոմն մարդ կմեռներ: Բացի այդ, մարդկային միտքը, պահպանելով իր ազատությունը և «ինքնաշարժությունը», չէր կարող հոգու մեջ հաղթահարել մեղքի թթխմորը: Դա հնարավոր էր միայն աստվածային մտքի համար: Ըստ այդմ՝ Ապողինարը բացառում էր մարդկային էության ամբողջականությունը մարմնացյալ Բանի մեջ և պնդում, որ «միտքը» միացման ժամանակ չէր վերցվել, և նրա տեղը զբաղեցրել էր Բանը՝ միանալով շնչավորված մարմնի հետ: Կատարվել է մարմնավորում և ոչ թե մարդացում: Ապողինարը համարում էր, որ Քրիստոսի շնչավորված մարմինն անբաժանելիորեն «էակցվեց» և «սերտաճեց» Բանի հետ, որը նրա մեջ դարձավ գործունեության սկիզբ և վերափոխվեց գոյության մի նոր կերպարի՝ «բաղադրյալ, մարմնավորված և աստվածային բնության միավորությամբ»: Ապողինարիզմը դատապարտվել է Ալեքսանդրիայի 362-ի և մի շարք եկեղեցական ժողովների, ինչպես նաև 381-ի Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովի կողմից: Ապողինարիզմը սուր քննադատության են ենթարկել եկեղեցու հայրերը: IV դ. 70-ական թթ. է վերաբերում անանուն հեղինակի «Ընդդէմ Ապողինարի» երկհատոր գրվածքը, որը զետեղվել է Աթանաս Ալեքսանդրացու երկերում: Նշանավոր է Բարսեղ Կեսարացու «Ընդդէմ Ապողինարի» հակաճառությունը: Բան Աստծո մարդացումը, ըստ Բարսեղ Կեսարացու, «երկու կատարյալ գոյացությունների միավորում» է, որը նա բնորոշել է «տնօրէնութեան միաւորութիւն» կարևոր եզրով: Աստված քաղցեց, ծարավեց, հոգնեց, արտասվեց, խաչվեց, չարչարվեց տնօրենության միավորությամբ և ոչ թե՝ աստվածային բնությամբ: Նույնպես և մարդկային մարմինը, հոգին, միտքը բնությամբ մարդկային են, սակայն տնօրենության միավորությամբ՝ աստվածային, ուստի անապական են և անմեղ: Մարդկության կատարելությունը Քրիստոսի մեջ կարևոր է փրկաբանական տեսանկյունից: Աստված կատարելապես մարդացավ, այսինքն՝ վերցրեց մարդկային բնության ամբողջականությունը, որպեսզի մեր փրկությունը լինի կատարյալ և ամբողջական: Եթե Քրիստոսի մարդեղությունը թերի է կամ ոչ իրական, ապա իրական չէ մարդու փրկությունը: Աստծո մարմնավորման ողջ խորհուրդը չի կարելի սահմանափակել մարմին հագնելով, և Աստծո մարդասիրությունը՝ մարմնասիրությամբ: Եթե մարմինն անձնավոր չէ, ապա այլևս մարդկային չէ, քանզի առանց բանական անձով անձնավորվելու՝ մարդկային մարմին գոյություն ունենալ չի կարող: Մարմինը մարմին է և անձը՝ անձն. միայն բանական անձի մարմնացումով և մարմնի անձնավորումով է կայանում մարդկային բնությունը: Ապողինարիզմը, որպես քրիստոսաբանական ծայրահեղություն, իրենից ներկայացնում է, այսպես կոչված՝ մարդաբանական առնվազություն (մինիմալիզմ): Ապողինարիզմըի քննադատությանը զուգահեռ առաջ է քաշվել (հատկապես Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Գրիգոր Նյուսացու կողմից) նաև եզրերի սահմանման հարցը. հարկ էր զանազանել և սահմանել «բնություն»«դեմք»«անձ» եզրերը և հստակ լուսաբանել Աստծո և մարդու միության խորհուրդը: Ապողինարիզմը պատմական շարունակություն չի ունեցել: Ապողինար Լաոդիկեացու աշակերտների և հետևորդների զգալի մասը վերադարձել է եկեղեցի:

                                                                          քհն. Արամյան  Մ.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ  72-73:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am