Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ապարանից Ս. Խաչ վանք

 ԱՊԱՐԱՆԻՑ Ս. ԽԱՉ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Մոկք նահանգի Միջա գավառում (հետագայում՝ Մամռտանք), Սարիխաչ լեռան հարավ-արևմտյան լանջին: Ըստ ավանդության՝ հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը: Ապարանից Ս. Խաչ վանքը հիշատակվում է X դարից. եղել է Մոկաց աշխարհի եպիսկոպոսանիստ վանքը: Մոտ 950-ին վանահայր Դավիթը կառուցել է վանքի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին, վախճանվելուց հետո թաղվել եկեղեցու խորանում, իսկ նրա գերեզմանի հողը համարվել է բուժիչ ու հրաշագործ: Արտաքուստ ուղղանկյուն, ներսից եռախորան, գմբեթավոր հորինվածքով եկեղեցին կառուցված է քարի ու աղյուսի զուգակցումով: Հվ-ից կից է թաղածածկ մատուռը, որը դռնով հաղորդակցվում է եկեղեցու հվ. խորանին: Դավթի ազգական և նրան հաջորդած վանահայր Ստեփանոս եպիսկոպոսը մոտ 970-ին կառուցել է վանքի Ս. Ստեփանոս Նախավկա՝ խոշոր, թաղածածկ եկեղեցին և նրան հս-ից կից Ս. Աստվածածին եկեղեցին: Եկեղեցու շինարարության համար միջոցներ հայթայթելու նպատակով Ստեփանոս եպիսկոպոսը վանքի հռչակավոր հողից ուղարկել է Կոստանդնուպոլիս: Հողի գործած հրաշքներից տպավորված բյուզ. Վասիլ II կայսրը, նյութ. օժանդակությունից բացի, Ապարանից Ս. Խաչ վանքին նվիրել է ոսկեզօծ և մարգարտազարդ ս. Խաչի երկդռնանի տապանակը, որի մեջ զետեղված էին Կենաց փայտի և Փրկչի փշե պսակի մասնիկներ,Աստվածածնի հանդերձից մի կտոր և այլ մասունքներ: Ս. Աստվածածին եկեղեցու շինարարության ավարտին կառուցել են վանքի Ս.Առաքելոց, Ս. Գրիգոր Լուսավորիչ և Ս. Աբդլըմսեհ մատուռները: 983-ին Ս. Աստվածածին եկեղեցու օծմանը ներկա են եղել բազմաթիվ եպիսկոպոսներ, իշխաններ, Վասպուրականի արքայազն եղբայրներ Աշոտը, Գուրգենը, Սենեքերիմ Հովհաննեսը: Օծման շքեղ հանդեսին ս. Խաչի տապանակը Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցուց տեղափոխել են նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցի: Հանդեսին ներկա Գրիգոր Նարեկացին Ստեփանոս եպիսկոպոսի խնդրանքով գրել է Ապարանից Ս. Խաչ վանքի պատմությունը և ս. Խաչին նվիրված ներբող, նկարագրել Ս. Աստվածածին եկեղեցու փառավոր նկարները, գեղեցիկ քանդակները, շքեղ սպասքն ու վարագույրները: XI դ., ապահովության համար, ս. Խաչը տեղափոխել են Աղթամարի վանք: 1441-ին վանահայր Հովհաննես վարդապետը մասնակցել է Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովին և կաթողիկոսական ընտրությանը: XV–XVII դդ. վանքումգործել է գրչության կենտրոն, որից բազմաթիվ ձեռագրեր են պահպանվել: XVI դ. վանահայր Սիմեոն վարդապետը տաղաչափել է Մամիկոնյաններին ու Պահլավունիներին նվիրված վիպասանությունը, գրել վանքի պատմությունը: XVII դ. Ս. Աստվածածին եկեղեցուն արմից կից կառուցել են (քարից և աղյուսից) քառամույթ գմբեթավորգավիթ: 1638-ին նորոգել են Ս. Աստվածածին եկեղեցու մուտքը: 1651-ին վանահայր Սիմեոն վրդ. Ապարանցին կառուցել է վանքի պանդոկը (չի պահպանվել), գրել 24 տնից բաղկացած տաղ՝ նվիրված Ապարանից Ս. Խաչ վանքին, 1664-ին կառուցել Ապարանք գյուղի ծխական եկեղեցին: 1762-ին վանքի եկեղեցիների գմբեթներին լույս է ճառագել, որը տևել է մի քանի օր և մեծ ուխտագնացության առիթ հանդիսացել: XIX դ. վանքն ունեցել է 27 արտ, ջրաղաց, ձիթհանք: 1895-ին շրջակայքի քրդերը կողոպտել են վանքի սպասքը, ձեռագրերը,սրբությունները, քանդել Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու գմբեթը և վանական շինությունները:

                                                                                            Հասրաթյան Մ.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ  71-72:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am