Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Անտիոքի աստվածաբանական դպրոց

 ԱՆՏԻՈՔԻ ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ. Անտիոքը Ընդհանրական եկեղեցու պատմության մեջ հայտնի է նաև իր նշանավոր աստվածաբանական դպրոցով, որը Աստվածաշնչի մեկնության մեթոդի (տես Մեկնողական գրականություն) և քրիստոսաբանական հարցերում հակաճառությունների ու պայքարի մեջ է եղել Թեոդորիտ (սրբապատկեր)Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցի հետ: Ի տարբերություն Ալեքսանդրիայի, Անտիոքի աստվածաբանական  դպրոցը չի ունեցել հատուկ կամ պաշտոնական ուսումնական հաստատություններ. դրա ջատագովները հաճախ շրջել են քաղաքներում և քարոզել իրենց ուսմունքը: Չնայած Անտիոքի հելլենիստական հարուստ անցյալին, այնուամենայնիվ անտիոքյան աստվածաբանական ուղղության մեջ մեծ տեղ են գտել բուն սեմական պատկերացումներն ու աշխարհայացքը, հատկապես՝ ասորական հասարակության տեղական և պատմական առանձնահատկությունները: Եթե Ալեքսանդրյան դպրոցին հատուկ էր նորպլատոնականությունը և միստիցիզմը, ապա անտիոքյան աստվածաբանությունն ուներ արիստոտելյան և պատմական ուղղվածություն: 

Ս. Գրքի մեկնության անտիոքյան պատմաքերականական մեթոդը հակադրվել է ալեքսանդրյան այլաբանական մեթոդին: Անտիոքի եկեղեցու հայրերը խուսափել են իրենց տեքստերը դժվարամատչելի հասկացություններով ու արտահայտություններով ծանրաբեռնելուց և դրանցում չեն քողարկել խորհրդավոր, առեղծվածային մտքեր: Անտիոքացիները բառացիորեն են բացատրել Աստվածաշնչի դժվար ըմբռնելի տեղիները՝ ընթերցողին հասկանալի դարձնելու նպատակով: Անտիոքի դպրոցում գերիշխել է զգաստ, տրամաբանական մտածողությունը: Անտիոքյան աստվածաբանները կրոնագիտության միակ չափանիշ են համարել տրամաբանությունը, ձգտել իրենց դավանական տեսություններն անցկացնել մաքուր տրամաբանության ճանապարհով՝ հաճախ ընկնելով չոր բանական փիլիսոփայական (ռացիոնալիզմ) ծայրահեղությունների մեջ: Անտիոքի ուղղությունը թեև լիովին չի մերժել այլաբանությունը, սակայն գերադասել է պատմական մեթոդը և խստորեն քննադատել Հին և Նոր կտակարանների կամայական զուգորդումները: Ըստ անտիոքացիների, իսկական այլաբանական միտքը (որը կիրառել են ալեքսանդրացիները) խոսքերի մեջ չէ, այլ՝ խոսքերով արտահայտված իրականության, անձանց և դեպքերի մեջ: Անտիոքի դպրոցի մի շարք ներկայացուցիչներ (Հովհան Ոսկեբերան, Թեոդորիտ), հավատարիմ մնալով անտիոքյան մեկնաբանության սկզբունքներին, յուրացրել են նաև Ալեքսանդրյան դպրոցի լավագույն կողմերը և տվել գիտական մեկնությունների օրինակներ, որոնք ուղղափառ մեկնաբանության լավագույն նմուշներն են: Այդ իմաստով նրանց աշխատություններն առ այսօր նշանակալից արժեք են ներկայացնում Սուրբ Գիրքն ուսումնասիրողների համար: ՀայՀովհան Ոսկեբերան (11-րդ դար) եկեղեցին, դավանության մեջ լինելով Ալեքսանդրյան դպրոցի հետևորդ, Աստվածաշնչի մեկնության մեթոդի հարցում հակվել է Անտիոքի դպրոցին՝ հետևելով հատկապես Հովհան Ոսկեբերանին: Ընդհանրական եկեղեցու պատմությունն ուղեկցվել է Անտիոքի և Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցների պայքարով: Քրիստոսաբանական տարբեր, անգամ հակադիր համակարգերը, Անտիոքի և Ալեքսանդրիայի ուղղությունների բախումը հող են նախապատրաստել IV–V դդ. դավանաբան. մեծ վեճերի համար: Անտիոքի դպրոցի աստվածաբանները շեշտել են Քրիստոսի պատմական, մարդկային անձնավորությունը, Քրիստոսի մարդ լինելը: Սամոսատի, այնուհետև Անտիոքի եպիսկոպոս (260–270) Պողոս Սամոսատցին, որը համարվում է Անտիոքի դպրոցի հիմնադիրը, քարոզում էր, որ Քրիստոսը ծնվել է իբրև մարդ և ապա լցվել Լոգոսով, այսինքն նրա մեջ աստվածության երկրորդ անձն է բնակվել և կամքի միությամբ ու սիրոմշտնջենականությամբ մեկ դարձել Աստծո հետ: Նա ավելի բարձր է, քան մարդը, բայց աստվածացել է իր բարոյական զարգացման ևորդեգրության շնորհիվ: Պողոս Սամոսատցին առաջինն էր, որ առաջ է քաշել Քրիստոսի էության երկակիության գաղափարը: Թեև 268-ի Անտիոքի եկեղեց. ժողովը բանադրել և աթոռազրկել է Պողոս Սամոսատցուն, սակայն նրա համախոհները, մասնավորապես Լուկիանոս Սամոսատցին, շարունակել են քարոզել իրենց ուսուցչի վարդապետությունը: Անտիոքի դպրոցի ներկայացուցիչները, Քրիստոսի մեջ շեշտելով մարդուն («Խոստովանեսցուք զոր ի մարդումն Աստուած»), Քրիստոսին համարել են ամենակալ Աստծուն երկրպագակից մարդ երկու բնությամբ՝ Աստված առանձին, մարդն առանձին,նրանք գոյություն ունեն իրարից անջատ, մեկը՝ ճշմարտապես բնությամբ որդի, մյուսը, շնորհիվ որդեգրության՝ Աստված: Մարդ Քրիստոսը բնակարան, տաճար է եղել աստվածայինի համար: Մարիամը ոչ թե Աստվածամայր է, այլ աստվածության հետ միացած մարդու մայրը (Նեստոր): Անտիոքի և Ալեքսանդրիայի քրիստոսաբանական տարբեր մեկնակետերն արտահայտվել են հետևյալ բանաձևերով. «Մարդ, որն աստվածացել»«Աստվածազգեստ մարդ» (Անտիոքի դպրոց) և «Ինքը Աստվածն է մարդ դարձել»«Մարդացյալ Աստված» (Ալեքսանդրիայի դպրոց): Ի տարբերություն Ալեքսանդրիայի դպրոցի, անտիոքացիները, տարանջատելով Քրիստոսի երկու բնությունները, հանձին Հիսուսի տեսել են մի մարդու, որը ծնվել է մշտնջենական Բանից (Լոգոս) և նրա անբաժանելի մասն է: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նրանք ծիսակատարություններից և իրենց աստվածաբան. գրականությունից դուրսեն թողել «Որդի» բառը: Ըստ Անտիոքի աստվածաբանության, աստվածային Բանն ընտրել է Հիսուսին որպես իր գործիք, որը, սակայն, զարգացել է զուտ մարդկային բարոյական ուղիով: Դա համարվել է Աստծուն մոտենալու հիմնական ճանապարհը, և այդ ամենը հարգանք է ծնել մաքուր և անարատ դառնալու մարդկային ձգտումների ու ճիգերի հանդեպ: Այդ գաղափարների տրամաբան. շարունակությունն է եղել «ազատ ընտրության» վերաբերյալ պելագիականների ուսմունքը, որն էլ իր հերթին մեծ ազդեցություն է ունեցել Նեստորի վարդապետության վրա (տես Նեստորականություն): Նեստորականությունը Անտիոքի աստվածաբանական դպրոցի զարգացման վերջին փուլն էր: Անտիոքի դպրոցի աստվածաբանության որոշ սկզբունքներ ընկել են Լևոնի տոմարի և Քաղկեդոնի ժողովի քրիստոսաբանական համակարգերի հիմքում: IV դ. վերջին քառորդից մինչև V դ.կեսը եղել է Անտիոքի և Ալեքսանդրիայի դպրոցների ծաղկման շրջանը: Թեև IV դ. Անտիոքի դպրոցը տվել է արիոսական և արիոսականությանը հարող աստվածաբաններ (Եվսեբիոս Նիկոմեդացի, Նումերիոս, Եվսեբիոս Եմեսացի, Այետիոս Անտիոքացի, Եվնոմիոս Անտիոքացի և ուր.), որոնք կրել են նաև Լուկիանոս Սամոսատցու ազդեցությունը, սակայն ունեցել է նաև իր ուղղափառ գործիչները: Եվստաթեոս Անտիոքացին առաջինն էր արիոսականությունը դատապարտողներից, իսկ Հովհան Ոսկեբերանը հռչակվել է Ընդհանրական եկեղեցու սուրբ հայրերից: Անտիոքի դպրոցի IV–V դդ. նշանավոր աստվածաբաններից էին նաև Դիոդորոս Տարսոնացին, Թեոդորոս Մոպսուեստացին, Թեոդորետ Կյուրոսցին և ուրիշներ: Անտիոքի, ինչպես և Ալեքսանդրիայի, Աթենքի աստվածաբանական դպրոցները փակվել են VI դ.՝ բյուզանդացի կայսր Հուստինիանոս I-ի օրոք:

                                                                                 Ղազարյան   Ա.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ  67-68:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am