ԱՆՏՈՆ, սուրբ Անտոն (ծ. թ. անհտ –342/355), ճգնավոր-կրոնավոր, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Գրիգոր Ա Լուսավորիչը, 302-ին Կեսարիայից Հայաստան գալով, ձեռնադրել և իր հետ բերել է նաև ազգությամբ հույն Անտոն և Կրոնիդես ճգնավորներին: Անտոնը և Կրոնիդեսը գործել են Տարոնի Իննակընյան բարձունքի Գիսանեի մեհյանի տեղում Գրիգոր Ա Լուսավորչի հիմնած Մշո Ս. Կարապետ վանքում: Այստեղ հաստատել են միաբանական ուխտ, վանահայր նշանակել իրենց աշակերտներից Եպիփանին, որը միաժամանակ Տարոն գավառի առաջնորդ Զենոբ Գլակի տեղապահն էր: Անտոնը և Կրոնիդեսը շուրջ 15 տարիգործել են Մշո Ս. Կարապետ վանքում, ապա մոտ 40 տարի ճգնել շրջակա անտառներում: Անտոնի գերեզմանը մատնանշվում է Մշո Ս. Կարապետ վանքին մերձ մի մատուռում: Հայ եկեղեցին ս. Անտոնի և ս. Կրոնիդեսի հիշատակը նշում է Խաչվերացի 5-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը, տոնելի մյուս հայ ճգնավորների հետ: Թեև չկա նրանց նվիրված առանձին շարական, բայց Յոթը խոտաճարակներին նվիրված շարականում հիշատակվում են նաև նրանք.
«Սուրբ երջանիկ երկնահանդես,
Ճգնող Անտոն, Կրոնիդես.
Ի հողանիւթ ծնեալ զարմէս՝
Գերազանցեալ ի բնութենէս...»:
Սարգսյան Լ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 68-69:

Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am