Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Անիի եկեղեցական ժողով, 1207

 ԱՆԻԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ 1207, գումարվել է Ս. Ծննդյան տոնի նախօրեին, Հայոց իշխան Զաքարե ամիրսպասալարի (Զաքարե Բ Մեծ Երկայնաբազուկ) նախաձեռնությամբ՝ հայկական բանակում ս. Պատարագի շարժական սեղան ունենալու կամ «վրանում պատարագ մատուցանելու» օրինավոր արտոնություն ստանալու համար: Հայ-վրացական միացյալ զորքում, որի գերագույն հրամանատարն էր (ամիրսպասալար) Զաքարե զորավարը, վրաց հոգևորականները հեռավոր ռազմարշավների ժամանակ, ռազմաճակատում քարաշեն եկեղեցիներ չլինելու պատճառով, պատարագ են մատուցել վրաններում և հաղորդություն տվել վրացի զինվորներին, ինչն արգելվում էր Հայ եկեղեցու Կանոնագրքով: Վրաց հոգևորականները հայ զինվորականությանն ու հոգևորականությանը նախատել են այդ պատճառով, ինչն էլ նոր առիթ էր հայ-վրացական դավանական ու ծիսական տարբերությունների շուրջ կրքեր բորբոքելու և փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելու համար: Իվանե և Զաքարե եղբայրները փորձել են այս կետը մի քանի այլ ծիսական անհամաձայնությունների հետ ընդունելի դարձնել Հայ եկեղեցում: Զաքարե ամիրսպասալարն այդ նպատակով դիմել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Բ-ին և Հռոմկլայում նստող Հայոց կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցուն: 1204-ին Սսում գումարված եկեղեցական ժողովը (տես Սսի եկեղեցական ժողովներ) քննարկել և ընդունել է առաջարկությունը: Դրական պատասխանի հետ միասին կաթողիկոսը Զաքարեին է ուղարկել նաև շարժական սեղան և ծիսական այլ պարագաներ: Սակայն այդ նորամուծությանը հակադրվել են Հս. Հայաստանի վարդապետները (տես Արևելյան վարդապետներ)՝ այն դիտելով իբրև զիջում քաղկեդոնական Վրաց եկեղեցուն: Վարդապետների դիմադրությունը կոտրելու և խնդիրը կրկին քննարկելու համար Զաքարե ամիրսպասալարը 1205-ին ժողով է հրավիրել Լոռե բերդաքաղաքում, սակայն արդյունքի չի հասել: 1207-ի Անիի եկեղեցական ժողովը, որին, ըստ XIII դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցու, ներկա են եղել Լոռեի ժողովի բոլոր մասնակիցները՝ Հաղպատի, Անիի, Բջնիի, Դվինի,Կարսի եպիսկոպոսները, վարդապետները, այդ թվում՝ Մխիթար Գոշը, Դավիթ Քոբայրեցին և ուրիշներ, կրկին մերժել է ծիսական այդ նորամուծությունը: Սակայն Զաքարե ամիրսպասալարն անձնական  նախաձեռնությամբ այն կիրառել է հայկական  բանակում: 


                                                                                               Բոզոյան Ա.


Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ  61-62:

Տես նաև՝

Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն,Ե., 1982:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am