ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ, Անիի Կաթողիկե Ս. Աստվածածնի եկեղեցի, 989-ին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001-ին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին: Կառուցել է Տրդատ ճարտարապետը: Քառամույթ գմբեթավոր հորինվածքով (չափերը՝ 24,7x34,3 մ) Անիի Մայր տաճարն իր կոթողային ձևերով և հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը: «Հայկական Անիի Մայր տաճարըխորշերով» ակոսված արտաքին ճակատները հարդարված են նրբագեղ կամարաշարով: Ավագ խորանը զարդարվել է «Քրիստոսը գահի վրա» պատկերագրությամբ որմնանկարով (հետագայում ծածկվել է սվաղով): Տրդատը կարևոր ավանդ է մուծել եկեղեցական ճարտարապետական ձևերի զարգացման գործում. տաճարի միջին՝ գմբեթակիր նավը գերիշխում է շենքի ողջ ներքին տարածության վրա՝ շնորհիվ կողմնային նավերի զգալի նեղացման: Մույթերի և որմնամույթերի փնջաձև տրոհումը,կամարների սլաքաձևությունը Անիի Մայր տաճարին հաղորդում են շեշտված վերսլացություն: Եկեղեցու ներսի այդպիսի լուծումը, հատկապեսմույթերի՝ ջլաղեղների նմանությամբ մասնատումը XII–XIV դդ. դարձել են Արմ. Եվրոպայում ձևավորված ու տարածված գոթական ճարտարապետության բնորոշ հատկանիշները: Իր այս առանձնահատկությունների, կառուցվածքային կատարելության և գեղաշուք հարդարանքի շնորհիվ Անիի Մայր տաճարը դասվում է համաշխարհային ճարտարապետության լավագույն ստեղծագործությունների թվին: Կատրանիդե թագուհին Անիի Մայր տաճարը զարդարել է «ծիրանեծաղիկ ոսկեղեն» գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով: Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթեԱրշակ Ֆեթվաճյան - Անի. Մայր տաճարը: Հայաստանի ազգային պատկերասրահ: խաչ, իսկ Սմբատ Բ թագավորը Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ: 1010-ական թթ. Անիի Մայր տաճարի կողքին կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին (992–1019) կառուցել է Ս. Հռիփսիմյանց վկայարան: 1040–1050-ական թթ. Անիի Մայր տաճարի արլ. և արմ. ճակատներին արձանագրվել են Առոն Մագիստրոսի և Բագրատ Մագիստրոսի կատարած գործերը (պարիսպների վերակառուցում, քաղաքի ջրատարն անցկացնելը, անեցիների հարկերը թեթևացնելը): 1064-ին սելջուկները գրավել են Անին և Անիի Մայր տաճարը վերածել մզկիթի: 1124-ին Անիի ամիրան Անիի Մայր տաճարի գմբեթին խոշոր մահիկ է զետեղել: Զայրացած անեցիները հրավիրել են Վրաց Դավիթ Շինարար թագավորին և քաղաքի դարպասները բացել նրա զորքի առջև: Անիի Մայր տաճարը վերստին օծվել է և գործել որպես եկեղեցի՝ կրկին կարևոր տեղ գրավելով հայ հոգևոր կյանքում: XII դ. տաճարի սպասավորներն են եղել Հովհաննես Սարկավագը, պատմիչ Սամուել Անեցին, պատմիչ և թարգմանիչ Մխիթար Անեցին: 1126-ին վրացիներըստիպված Անին վերադարձրել են Շադդադյաններին, որոնք երդվել են այլևս Անիի Մայր տաճարի նկատմամբ ոտնձգություններ չանել: 1198-ին Անին Զաքարյան իշխանների ազատագրելուց հետո, XIII դ. Անիի Մայր տաճարը բազմաթիվ նվիրատվություններ է ստացել (կրպակ, ձիթհանք, արծաթե սպասք, Ավետարան ևն): 1213-ին Տիգրան Հոնենցը նորոգել է տաճարի խարխլված աստիճանները: 1319-ի երկրաշարժից քանդվել է Անիի Մայր տաճարի գմբեթը, 1988-ի երկրաշարժից՝ հս-արմ. անկյունը: 

                                                                     Հասրաթյան  Մ.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ  63-64:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am