ԱՆԳԼԻՈ ԹԵՄ. Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, կազմավորվել է 1974-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը՝ Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցի: Թեմի անդրանիկ առաջնորդ է նշանակվել Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը (1974–82): Բրիտանահայ համայնքը՝ որպես հոգևոր հովվություն, 19-րդ դարավերջից մինչև 1965-ը եղել է Եվրոպայի հայրապետական պատվիրակության կազմում: 1965–74-ին, մնալով հոգևոր հովվություն, եղել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցչություն Քենթրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ: Համայնքի առաջին հոգևոր հովիվն է եղել Կարապետ վարդապետ Շահնազարյանցը (1862–1866), որը 1863-ին Մանչեստրում վարձված անգլիական մատուռում սուրբ Զատկի տոնին Պատարագ է մատուցել:

Նրա ջանքերով Մանչեստրում լույս է տեսել Անգլիայում հայերեն առաջին պարբերականը՝ «Երկրագունդը» (1863–64): 1900–01-ին հրատարակվել է «Եկեղեցի Հայաստանյայց», 11 համարից հետո՝ «Հայոց եկեղեցի» կրոնաաստվածաբանական հանդեսը (խմբագիր՝ Թորոս քահանա Իսահակյան): Անգլիայում առաջին հայկական՝ Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է Մանչեստրում, 1870-ին, հոգևոր հովիվ Խորեն վարդապետ Կյուրոյանի ջանքերով: Եկեղեցին ունի առաջնորդարան, գրադարան, սրահներից մեկը տրամադրվել է Տիկնանց միությանը (հիմնված 1908) և Հայկական կեդրոնին (հիմնված՝1988): Սուրբ Երրորդություն եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա վարժարան (1984-ից), որտեղ 130-ից ավելի աշակերտ ստանում է հայեցի դաստիարակություն: 1975-ից Մանչեստրի Սուրբ Երրորդություն եկեղեցին չունի մնայուն հովիվ: Եկեղեցու հոգևոր կարիքները հոգում է Լոնդոնից հրավիրված այցելու հովիվը: Լոնդոնի առաջին հայկական մատուռը (վարձու) Եսայի վարդապետ Աստվածատրյանի նախաձեռնությամբ բացվել է 1885-ին և գործել մինչև 1901-ը: 1922-ին Գալուստ Կյուլպենկյանի բարերարությամբ կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցին (օծվել է 1923-ի հունվարի, գտնվում է Լոնդոնի կենտրոնական թաղամասերից մեկում՝ Քենսինգթոնում): 1975-ից Լոնդոնի հայերի վարձակալած Սուրբ Պետրոս եկեղեցին Վաչե Մանուկյանի բարերարությամբ 2000-ին գնվել է և վերանվանվել Սուրբ Եղիշե եկեղեցի (օծվել է 2001-ի հունիսի 11-ին՝ ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի): Կից գործում է կիրակնօրյա դպրոց (1978-ից): Սուրբ Եղիշե եկեղեցու հովիվն է Ներսես քահանա Ներսիսյանը (2000-ից): 1967–78-ին գործել է Սուրբ Սահակ-Մեսրոպ կիրակնօրյա ազգային վարժարանը: 1986-ից բրիտանահայ գաղութի ներկայացուցչական մարմինը համայնքային եկեղեցական խորհուրդն է: Բաղկացած է 23 անդամից, ունի իր կանոնադրությունը՝ վավերացված 1989-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով: Խորհուրդը վերահսկում և համադրում է գաղութի եկեղեցական, կրթական և այլ աշխատանքներ, համագործակցում բոլոր միությունների և կազմակերպությունների հետ: Խորհրդի ժողովները նախագահում է թեմի առաջնորդը, որը միաժամանակ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչն է Քենթրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ: Անգլիայի թեմի առաջնորդն է Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը (2000-ից):

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002, էջ 59-60:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am