ԱՆԱՊԱՏ, հասարակությունից և բնակավայրերից մեկուսացած քրիստոնյա ճգնավորների մենաստան: Առաջին Անապատները ստեղծվել են III դ., Եգիպտոսում և տարածվել այլ երկրներում, վաղ միջնադարում՝ նաև Հայաստանում: Ներսես Ա Մեծ կաթողիկոսը IV դ. Հայաստանի անապատականներին հավաքել է առանձին համալիրներում՝ օժտելով այդ Անապատները հատուկ կանոնադրությամբ, որը նպաստել է երկրում անապատական տարերային շարժումը կազմակերպված, ազգօգուտ և եկեղեցաշեն հաստատությունների վերածելուն: Այս Անապատների հիմքի վրա զարգացել են հայկական վանքերը, որոնք միջնադարյան Հայաստանում ոչ միայն զորացրել են քրիստոնեական հավատքը, այլև դարձել հայ մշակույթի զարգացման ու պահպանման կենտրոններ: Անապատականության շարժումը Հայաստանում մեծ վերելք է ապրել XVII դ. 1-ին կեսին, երբ Սյունյաց Մեծ անապատից ելած գործիչները երկրի տարբեր նահանգներում ստեղծել են բազմաթիվ նոր Անապատներ. Վասպուրականում՝ Լիմ անապատը, Կտուց անապատը, Արցախում՝ Չարեքա անապատը, Սյունիքում՝ Տանձափարախը և Տաթևի Մեծ անապատը, Այրարատում՝ Երևանի Ս. Անանիա առաքյալ անապատը ևն: Անապատի համալիրը շրջապատող պարսպի պարագծով կից կառուցում էին խցերը և տնտեսական շինությունները, իսկ բակի մեջտեղում տեղադրվում էր Անապատի միակ եկեղեցին: Հայաստանի Անապատները երբեք չեն եղել զուտ ճգնավորական (տես Ճգնավորություն) հաստատությունն եր, դրանք հայ մշակույթի զարգացման կենտրոններ էին, իսկ անապատականները դարձել են նաև բարոյական մաքրության տիպարներ ու ազգ-եկեղեցական առաջնորդներ (տես նաև Անապատականություն):
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 55:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am