ԱՆԱՆԻԱ ԹԱՐԳՄԱՆԻՉ, Անանիա Սյունեցի, Անանիաս, Անանե (ծ. և մ.թթ. անհտ), V դարի առաջին հայ թարգմանիչներից, մատենագիր: Աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին: Սահակ Ա Պարթևը նրան ձեռնադրել է Սյունյաց եպիսկոպոս (ենթադրաբար՝415-ին): Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի՝ աթոռակալել է շուրջ 42 տարի՝ «պայծառացնելով Սյունյաց աթոռը»: Մեսրոպ Մաշտոցի կենսագիր և աշակերտ Կորյունը և պատմահայր Մովսես Խորենացին որոշ տեղեկություններ են հաղորդում Անանիա Թարգմանչի մասին: Անանիա Թարգմանիչը ուղեկցել է Մեսրոպ Մաշտոցին՝ Գողթնի առաջին քարոզչության ընթացքում, գործակցել է նրա հետ՝ Սուրբ Գիրքը թարգմանելիս և աղվանականգիրն ստեղծելիս, աղվաներեն թարգմանել ինչ ինչ կրոնական-եկեղեցական գրքեր: Անանիա Թարգմանիչը մասնակցել է Շահապիվանի եկեղեցական ժողովին (444), իսկ Արտաշատի ժողովին (449) եպիսկոպոսական գահնամակում զբաղեցրել է առաջին տեղը: Անանիա Թարգմանչի գրչի արգասիքն են «Երանելոյն Անանիայի Հայոց վարդապետի՝ ի խորհուրդ Յովհաննու մարգարէի» և «Յաղագս Յովհաննու Մկրտչի, Անանիայի վարդապետի ասացեալ» խորագրով ճառերը՝ աստվածաբանական  բովանդակությամբ, ինչպես նաև Փիլոն Ալեքսանդրացու, Իրենեոսի գործերի  հայերեն թարգմանությունները:

                                                                                          Սարգսյան  Լ.

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002,  էջ  50:

Տես նաև՝

Ստեփանոս  Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986: 

Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893, էջ 20, 208: 

Սարգիսյան Բ., Անանիա Թարգմանիչն և իւր գրական գործոց նմոյշներ, Վնտ.,1899: 

Ակինյան Ն., Շահապիվանի ժողովին կանոնները, Վնն., 1953, էջ 5: 

Ալեքսանյան Վ., Անանիա եպիսկոպոս Սյունեցի, «Էջմիածին», 1999, դ 3:

 

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am