ԱՆԱՆԻԱ ՍԱՆԱՀՆԵՑԻ (ծ. թ. անհտ – XI դ.70-ական թթ.), մատենագիր, մեկնիչ, դավանաբան: Եղել է Հաղբատ-Սանահնի միաբանության անդամ, աշակերտել Դիոսկորոս Սանահնեցուն: Անանիա Սանահնեցու երկերը կարևոր դեր են կատարել հայ աստվածաբան-դավանաբանական մտքի զարգացման և մեկնողական գրականության մեջ: «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» հակաճառական-դավանաբանական աշխատությունը հեղինակը շարադրել է Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի կարգադրությամբ և ավարտել Խաչիկ Բ Անեցի կաթողիկոսի օրոք: Դավանական ամենազանազան խնդիրներին նվիրված այս երկը բաղկացած է 14 ճառից, որոնց խորագրերն արտացոլում են դրանց բովանդակությունը («Սակս անխտիր հաղորդելոյ»«Վասն Մեծի Հինգշաբթին»«Առ ապականացու ասողան է զմարմինն Տեառն»«Վասն պատկերապաշտից»«Վասն բաժանմանն Վրաց» ևն): Երկը աստվածաբանականից զատ ունի աղբյուրագիտական նշանակություն: Արժեքավոր են հատկապես Անանիա Նարեկացու «Հաւատարմատ»-ի, ինչպես նաև եկեղեցու հայրերի զանազան երկերի տարբեր հատվածները, որոնց ամբողջական բնագրերը մեզ չեն հասել: Պետրոս Ա Գետադարձի պատվերով 1055-ին Անանիա Սանահնեցին շարադրել է Պողոս առաքյալի 14 թղթերի մեկնությունը («Մեկնութիւն չորքետասան թղթոցն Պօղոսի առաքելոյն»), որտեղ հեղինակն օգտվել է Եփրեմ Ասորու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու և այլոց համաբնույթ աշխատություններից: Մեկնաբանական մյուս երկերը՝ «Մեկնութիւն Մատթէի» և «Մեկնութիւն Աւետարանին Յովհաննու», հեղինակը գրել է Դիոսկորոս Սանահնեցու պատվերով: Անանիա Սանահնեցու այս երկերը հետագայում իբրև դասագիրք կիրառվել են վանական դպրոցներում և վարդապետարաններում: Անանիա Սանահնեցին գրել է նաև ճառագրական և ներբողական գործեր («Յաղագս Յովհաննու Մկըրտչի»«Ի խաչելութիւն Պետրոսի»«Ներբողեան ասացեալ ի սուրբ Կաթողիկէ եկեղեցի»): Հեղինակ է նաև տոմարական մի աշխատության, որի մի հատված պահպանվել է Վարդան Այգեկցու «Արմատ հաւատոյ» դավանաբանական  աշխատության մեջ:

                                                                                             Քյոսեյան Հ.  

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002,  էջ  52-53:

Տես նաև՝

Տեր - Մինասյան Ե., Հաղբատ և Սանահին վանքերը (967–1300), «Արարատ» 1901, էջ 271–277, 338–344: 

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1,ԿՊ, 1912: 

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն,հ. 1, Ե., 1959: 

Քյոսեյան Հ., Աստվածաբանական բնագրեր, Ուսումնասիրություններ, 1, Անանիա Սանահնեցի, Ս. Էջմիածին, 2000: 

Conybeare F. C., A Catalogue of the Armenian Manuscripts in the British Museum, L., 1913, p. 339.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am