ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ, Անանե Նարեկացի (ծ. թ. անհտ – 980-ական թթ., ամփոփվել է Նարեկավանքի գավթում), մատենագիր, աստվածաբան, փիլիսոփա, մեկնիչ, Նարեկավանքի առաջնորդ և դպրոցի հիմնադիր: Գրիգոր Նարեկացու ազգականը: Ամբաստանվել է թոնդրակեցիներին հարելու մեջ՝ իբրև Խոսրով Անձևացու և Հակոբ Սյունեցու կողմնակից և համակիր: Կաթողիկոս Անանիա Ա Մոկացու պահանջով, աղանդավոր լինելու մասին իր դեմեղած մեղադրանքները հերքելու համար, գրել է «Գիր խոստովանութեան»-ը (հայտնաբերել և 1892-ին հրատարակել է Գ. Տեր-Մկրտչյանը): Նույն կաթողիկոսի պատվերով հեղինակել է «Հակաճառութիւն ընդդէմ թոնդրակեցւոցը», որտեղ բացահայտել է թոնդրակեցիների սխալներն ու մոլորությունները, նզովել նրանց աղանդը: Անանիա Նարեկացու «Հակաճառությունը» չի պահպանվել: Սակայն Գրիգոր Նարեկացին Կճավա վանքին գրած «Անանիայի խոստովանութեան յաղագս սուտ կարծեացն, որ վասննորա» թղթում ամփոփ տվել է Անանիա Նարեկացու գրվածքի բովանդակությունը և համառոտ թվել թոնդրակեցիների ուսմունքի 14 կետերը («Արարատ», 1892, էջ 5–18): Անանիա Նարեկացու աշակերտ Ուխտանեսը հիշատակում է նաև «Հաւատարմ ատ» գործը (973) ընդդեմ երկաբնակների, որը հեղինակն անձամբ ներկայացրել է կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունուն: Անանիա Նարեկացու գրվածքները կարևոր աղբյուր են թոնդրակեցիների գաղափարախոսությունն ուսումնասիրելու համար: Որպես մանկավարժ նա առաջնային է համարել ուսուցչի գիտելիքների հարստությունը, մեծ տեղ հատկացրել գրականությանը և երգեցողությանը: Ստեփանոս Ասողիկի վկայությամբ՝ հռչակված էր ի «...բազմամարդ պաշտոնապայծառ երգեցողօք և գրական դիտողօք...»: Եղել է Խոսրով Անձևացու որդիների՝ Սահակի, Հովհաննեսի և Գրիգորի (Նարեկացիներ) ուսուցիչը, որոնց կատարած ընդօրինակությունների շնորհիվ մեզ են հասել Անանիա Նարեկացու և Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները: Գրիգոր Նարեկացին և Ուխտանեսը Անանիա Նարեկացուն համարել են «հոգեզարդ փիլիսոփա» և «հռչակավոր հռետոր»: Ուխտանեսը Անանիա Նարեկացու պատվերով է գրել «Պատմութիւն Հայոց»  երկասիրությունը: Նրանք 980-ի հուլիսի 4-ին «յեզր գետոյն, որ կոչի Ախուրեան», զրուցել են «բերան ի բերան... յաղագս պատմութեանս», այսինքն՝ միասին են քննարկել և ծրագրել աշխատության թե՛ կառուցվածքը և թե՛  բովանդակությունը: Երկի առաջին (Ա) գլուխը ընծայական է Անանիա Նարեկացուն:


Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002,  էջ  50:

Տես նաև՝

Հոգեւոր կեանքի մասին, խմբ. քահանայ Արամեան Մ., Երևան, 1997:

Ուխտանես, Պատմութիւն Հայոց, հ. 1,Վաղպատ, 1871: 

Օմանյ ան Մ., Ազգապատում,հ. 1, ԿՊ, 1912: 

Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, հ. 1, Ե., 1944: 

Թամրազյան Հ., Անանիա Նարեկացի, Ե., 1980:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am