ԱՋԱՊԱՀՅԱՆՆԵՐ, իշխանական տոհմ Կիլիկյան Հայաստանում: Ժառանգաբար պահպանելեն կաթողիկոսական իշխանության խորհրդանիշ համարվող Սրբազան Աջերը (ս. Գրիգոր Ա Լուսավորչի, ս. Սեղբեստրոսի, ս. Նիկողայոս Սքանչելագործի, ս. Պարսամի) և այլ սրբություններ: Այստեղից էլ՝ տոհմի անունը: Ձեռագիր հիշատակարաններում արձանագրված ավանդության համաձայն, գերդաստանը սերել է Հեթում Բ թագավորի եղբայր Հովհաննեսից: 1292-ի հուլիսի 28-ին եգիպտական զորքերը, գրավելով Հռոմկլան, գերեվարել են Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և տարել կաթողիկոսական բոլոր սրբություններն ու թանկարժեք անոթները: Մի քանի տարի հետո, մեծ ջանքերի գնով, Հեթում արքային ու Հովհաննես Արքաեղբորը հաջողվել է վերադարձնել սրբությունների մի մասը, որոնց թվում՝ նաև սրբազան Աջերը: Հետագայում, նման դեպքերից խուսափելու համար, դրանք հանձնվել են ի պահպանություն Հովհաննես Արքաեղբորն ու իր հաջորդներին: Այսպես հիմնվել է Աջապահյան տոհմը, որը մեծ դեր է կատարել Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սսի, մասնավորապես՝ Կիլիկիայի կաթողիկոսության (տես Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո) եկեղեցական, վարչական, հոգևոր կյանքում: 1731-ին Հուսիկ քհն. Աջապահյանը մեկնել է Կ. Պոլիս և սուլթանից ստացել Կիլիկիայի կաթողիկոսության հրովարտակը, որով Աջապահյաններին իրավունք է տրվել տնօրինելու կաթողիկոսության գահը: 1731–1866-ին, անընդմեջ, կաթողիկոս են օծվել Աջապահյանների Սսի ճյուղի ներկայացուցիչները հետևյալ հաջորդականությամբ.

Ղուկաս Ա (1731–37), Միքայել Ա (1737–58),Գաբրիել Ա (1758–70), Եփրեմ Ա (1771–84), Եղիազար Ա (1772, անվավեր), Թեոդորոս Ա (այլ ցանկերում՝ Թորոս Գ, 1784–96), Կիրակոս Ա Մեծ (1797–1822), Եփրեմ Բ (1823–33), Միքայել Բ (1833–55), Կիրակոս Բ (1855–66):

Աջապահյան տոհմի կաթողիկոսները (Ղուկաս Ա, Միքայել Ա, Կիրակոս Ա) ծավալել են շինարարական, վարչական, հոգևոր-մշակութային և կրթական մեծ գործունեություն: Գրական գործունեությամբ աչքի է ընկել Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսը: 1860-ի Ազգային սահմանադրությամբ սահմանափակվել են Աջապահյանների իրավունքները, թեև, համաձայն գերդաստանի սրբագործված ավանդության, Աջապահյանների ժառանգներն իրենց տիրական ներկայությունը պահել են Կիլիկիայի կաթողիկոսական աթո-ռի միաբանության շարքերում: Մեծ եղեռնի տարիներին նրանք նույնպես ենթարկվել են ջարդի և տեղահանության: Փրկվածները բնակություն են հաստատել Լիբանանում, որտեղից էլ հետագայում սփռվել են այլ երկրներ:

                                                                                       ծ. վրդ. Աջապահյան Մ.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ  74-75: 

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am