ԱՋ, աստվածաշնչյան և կրոնածիսական նշանակությամբ՝
1. արարչական Ձեռք. օրհնության, աստվածային հաճության նշանակ. բարու խորհրդանիշ. աստվածային զորության, իշխանության ցուցիչ:Աստծո մասին Դավիթն ասում է. «... Իր Աջն ու իր սուրբ բազուկը փրկեցին նրան» (Սաղմ.97.1): Աջ հասկացությունն Աստվածաշնչում հանդես է գալիս նաև այլ նրբիմաստներով, սակայն հիմնականում ըմբռնվում է որպես Աստծո Աջ: Ընդ որում եբրայերենում Աջը նշանակում էր նաև հարավ, իսկ ձախը՝ հյուսիս: Կարմիր ծովով անցնելուց հետո Մովսեսն ու իսրայելացիները փառաբանում են Աստծուն՝ ասելով. «Քո աջը, Տե՛ր, զորությամբ փառավորվեց, քո աջը, Տե՛ր, խորտակեց թշնամուն» (Ելք 15.6):Աստծո Աջը խորհրդանշում է Հիսուսին: Հիսուսի համբարձման վերաբերյալ Մարկոս ավետարանիչը գրում է. «Եվ ինքը Տեր Հիսուս,նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16.19):Աստվածաշնչում բազմաթիվ են Աստծո Աջի հիշատակումները՝ որպես խորհրդանիշ զանազան իրողությունների. Աստծո արարչագործության (Եսայի 48. 13), Աստծո զորության (Ելք 15. 6, Սաղմ. 21.8), պատվի, մեծարման (Սաղմ. 44.10, Մատթ. 25.34, Գործք 7.55),մասնավոր օրհնության (Ծննդ. 48. 14), եղբայրական սիրո (Գաղատ. 2.9), թշնամության(Սաղմ. 108.6, Զաքարիա 3.1), երդման [Հայտն.10.5–6, Ծննդ. 14. 22 ևն (իսկ երդմնազանց մարդու ձեռքը համարվում է «մեղսագործ աջ», Սաղմ. 143. 8)]:Աստծո աջը սրբապատկերներում առկա է իբրև օրհնության խորհրդանիշ՝ ձեռք, որը երևում է բացված երկնքից:
Սարգսյան Լ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 74:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am