Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Աղվենի եկեղեցական ժողով

 ԱՂՎԵՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ, կանոնադիր ժողով. գումարվել է V դարի վերջին կամ VI դարի սկզբին, Աղվանից արքա Վաչագան Գ Բարեպաշտի (480-ական թթ. վերջ –510) նախաձեռնությամբ, Պարտավից արևմուտք ընկած թագավորական ամառանոց Աղվենում: Իր բնույթով ժողովն աշխարհիկ-եկեղեցական էր, մասնակցել են 18 հոգևորականներ (արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ,երեցներ), ինչպես նաև Արցախի և Ուտիքի ավագանին, իշխաններ, ազատներ: Հրավիրման դրդապատճառը, ինչպես ասված է ընդունված կանոնների Առաջաբանում, բազմաթիվ հակառակություններն էին աշխարհականների և հոգևորականների, ազատների և շինականների միջև, նպատակը՝ ներգործության իրավական միջոցներով դրանք հարթելը: Ժողովն ընդունել է 21 կանոն, որոնք հայտնի են որպես Վաչագան Աղվանից «արքայի կանոնախումբ» կամ «Սահմանադրություն կանոնական Վաչագան Աղվանից արքայի»: Աղվենի եկեղեցական ժողովի կանոնախումբը վաղ միջնադարի հայկական եկեղեցական իրավունքի կարևոր հուշարձաններից է: Հիշատակվում է «Կանոնագիրք Հայոց»-ում և Մովսես Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմության» մեջ: Կանոնները չափազանց մերձ են Աշտիշատի 356-ի ժողովի (տես Աշտիշատի եկեղեցական ժողովներ) սահմանումներին: Դրանցից հետևում է, որ մինչ այդ ազատներնիրենց դաստակերտներից վտարում էին երեցներին, նոր երեցներ կարգում, եկեղեցիներում սեղան կանգնեցնում, նշխարներ տեղադրում,Պատարագ մատուցում առանց եպիսկոպոսի հետ համաձայնեցնելու՝ յուրացնելով վերջինիս իշխանությունը (կանոն Ի, ԻԱ), կիրակի օրերին իրենց ծառաների հետ եկեղեցի չէին գնում (կանոն ԺԹ), հանգուցյալի հոգեբաժինը չէին հանձնում եկեղեցուն (կանոն Գ), հանգուցյալի հիշատակին նվիրված Պատարագ չէին կատարում (կանոն Ե), շարունակում էին ապրել հեթանոսաբար. ամուսնանում էին մերձավոր ազգականների հետ, կին առնում առանց պսակի և օրհնության, առանց հիմնավոր պատճառի կնոջից ամուսնալուծվում (կանոն Ժ, ԺԱ) ևն: Ժողովը նվազեցրել է աշխարհականներից գանձվող պտղի և տասանորդ կոչվող հարկերը: Նրանց համար սահմանվել են նաև հոգևոր բնույթի մի շարք պարտավորիչ կանոններ. արգելվել են քրիստոնեական գաղափարներին հակասող հեթանոսական կենցաղավարության առանձին երեվույթներ, հետապնդվել հոգևորականների դատապարտելի վարքը (օրինակ՝  միմյանց վրա մեղք բարդելը, վանքի հասույթները հափշտակելը ևն):


Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002,  էջ  44:

 

Տես նաև՝

Մովսես Կաղանկատվացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե., 1983: Բարխուդարյան Մ., Պատմութիւն Աղուանից, հ. 1, Վաղ-պատ, 1902: 

Հովհաննիսյան Ս., Աղվենի սահմանադիր ժողովի կանոնները և նրանց աղերսը Աշտիշատի կանոնների հետ, ՊԲՀ, 1967, դ 4: 

Ակինյան Ն., Մովսէս Դասխուրանցի (կոչուած Կաղանկատուացի) եւ իր Պատմութիւն Աղուանից, Վնն., 1970: 

Կանոնագիրք Հայոց, աշխատասիր. Վ. Հակոբյանի, հ. 2, Ե., 1971, էջ 91–100:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am