ԱՂՎԱՆԻՑ ԵԿԵՂԵՑԻ, Աղվանքի թագավորության պաշտոնական եկեղեցի, Արևելյան հակաքաղկեդոնական եկեղեցիներից: Ընդունել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գահերեցությունը և «ի հոգևորս» ենթարկվել նրան: III դարից սկսած բուն Աղվանքում հանդես են եկել քրիստոնեական համայնքներ: Գրիգոր Ա Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը («Մանուկ Գրիգորիս»), նշանակվելով Աղվանից ու Վրաց եպիսկոպոս, քարոզչական առաքելությամբ Փայտակարան քաղաքից (ուր Տրդատ Գ Մեծի կողմից ուղարկվել էր որպես հոգևոր առաջնորդ) անցել է Աղվանք, ապա՝ Վիրք և Մազքթաց աշխարհ: 338-ին նահատակվել է Մազքթաց Սանատրուկ Արշակունի թագավորի հրամանով, սակայն նրա ջանքերով նոր վարդապետությունն Աղվանքում արդեն արմատավորվել էր, և քրիստոնեական համայնքները միավորվել էին: Ավանդաբար Գրիգորիսն էլ համարվում է Աղվանից եկեղեցու հիմնադիրն ու անդրանիկ հովվապետը: 370-ական թթ. Ուռնայր թագավորը քրիստոնեությունը հռչակել է Աղվանքի պետական կրոն: Ըստ ավանդության, նա Աղվանքի մեծամեծների ու բանակի հետ մկրտվել է Հայաստանում՝ Արածանի գետում և, վերադառնալով հայրենիք, դարձել քրիստոնեության փառաբանողն ու պաշտպանը: Ապա երկրում հիմնադրվել են բազում եկեղեցիներ (հաճախ եկեղեցիների են վերածվել հեթանոսական տաճարները), որոնց հատկացվել են կալվածքներ: Սահմանվել են առաջին եկեղեցական հարկերը՝ պտղին ու տասանորդը: Աղվանքում ևս եկեղեցին կազմավորվել է աշխարհիկ իշխանության ընդօրինակությամբ: Նրա գլուխ կանգնած էր արքեպիսկոպոսը (կաթողիկոսը), որին ձեռնադրել է Հայոց կաթողիկոսը: Հայաստանի օրինակով Աղվանքում ևս կաթողիկոսն է տնօրինել «Մեծի դատաւարութեան» գործակալությունը: Նվիրապետական աստիճանակարգով Աղվանից եկեղեցու կաթողիկոսին նախորդել են մետրոպոլիտները, եպիսկոպոսները, քորեպիսկոպոսները, քահանաները, սարկավագները, դպիրները, սաղմոսերգուները: Նոր կրոնը խթան է հանդիսացել 415–420-ին Բենիամին Երեցի օգնությամբ Մեսրոպ Մաշտոցի կողմից աղվանից գրերի ստեղծմանը: Ժամասացության լեզուն նախապես եղել է հունարենը, սակայն Եսվաղեն (Երսվաղեն) թագավորի օրոք (մոտ 414–444) փոխարինվել է հայերենով: IV–V դդ. Աղվանից եկեղեցուն են ենթարկվել բուն Աղվանքն ու մերձկասպյան մի շարք երկրամասեր (պաշտոնապես Աղվանքի կաթողիկոսը կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը): Սակայն Սասանյան Իրանի արքունիքը Աղվանից մարզպանության (461) մեջ քաղաքական նկատառումներով մտցրել է նաև Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները («Հայոց Արևելից Կողմանք»), և Աղվանից եկեղեցու ենթակայությամբ են գործել այդ երկրամասերի թեմերը: Աղվանից եկեղեցու եպիսկոպոսական աթոռանիստ կենտրոններ են եղել նաև Կապաղակը, Չողը, Շաքին: V դ. վերջին, Արցախի և Ուտիքի (կարճ ժամանակով նաև Աղվանքի) թագավոր Վաչագան Գ Բարեպաշտի (մոտ 487–510) նախաձեռնությամբ կայացած ժողովում սահմանվել են Աղվանից եկեղեցու կարգն ու կանոնները, առաջնորդների իրավունքներն ու պարտականությունները (տես Աղվենի եկեղեցական ժողով): Կրելով Հայ եկեղեցու անմիջական ազդեցությունը՝ Աղվանից եկեղեցու առաջնորդները հիմնականում գործել են Հայոց կաթողիկոսների հետ «համակամ եղբայրութեամբ և անքակ ուխտիւ», համատեղ հանդես եկել դավանական ու քաղաքական կարևորագույն հարցեր քննարկած մի քանի եկեղեցական ժողովներում: 506-ի Դվինի ժողովում (տես Դվինի եկեղեցական ժողովներ) Աղվանից եկեղեցու նույնպես մերժել է Քաղկեդոնի ժողովը: 554-ի Դվինի եկեղեցական Ժողովում Հայ և Աղվանից եկեղեցիները վերջնականապես խզել են հարաբերությունները բյուզանդական եկեղեցու հետ: Այդ ժամանակից սկսած Աղվանից եկեղեցու հոգևոր պետը կրել է «կաթողիկոս» տիտղոսը (տես Աղվանից կաթողիկոսություն): Տարբեր ժամանակներում Աղվանից եկեղեցին գործուն պայքար է ծավալել Աղվանքում զրադաշտականություն տարածելու պարսից արքունիքի քաղաքականության, ինչպես նաև նեստորականության և քաղկեդոնականության դեմ:

Աղվանից եկեղեցու  հոգեվոր  առաջնորդների (արքեպիսկոպոսների) անվանացանկ

ս. Մանուկ Գրիգորիս, ս. Շուփհաղիշո, Մատթեոս, 

Սահակ, Մովսես, Պանդ, Ղազար,  

Գրիգոր, Զաքարիա,  Դավիթ,  Հովնան,  Երեմիա: 

 

                                                                                                     Սվազյան Հ.

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002,  էջ 40-41:

Տես նաև՝

Մովսես Կաղանկատվացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե., 1983: 

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:



 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am