ԱՂԹԱՄԱՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ, Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հակաթոռ կաթողիկոսություն (1113–1895), որի իրավասության տակ էր Վասպուրական նահանգի մի մասը: Աթոռանիստը՝ Աղթամարի վանքի Ս.Խաչ եկեղեցի: Վասպուրականի թագավորության անկումից (1021) հետո Արծրունիների հետ ազգակցություն ունեցող և նրանց ազդեցության տակ գտնվող հոգևորականները հիմնադրել և ժառանգաբար նստել են Աղթամարի կաթողիկոսության աթոռին՝ մարմնավորելով հոգևոր և աշխարհիկ իշխանությունը: Դավիթ եպս. Թոռնիկյանը 1113-ին, պատրվակ դարձնելով Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունու դեռահասությունը, իրեն հռչակել է Հայոց կաթողիկոս: Նույն տարում Կիլիկիայի Սև լեռան Քեսունի Կարմիր վանքում գումարված ժողովը մերժել է Դավթի կաթողիկոսությունը: Վերջինս չի ենթարկվել ժողովի որոշումներին և Աղթամարի կաթողիկոսությունը հռչակել է ինքնուրույն աթոռ: Մինչև XIII դ. 70-ական թթ. Աղթամարի կաթողիկոսությունը ժառանգել են նույն ընտանիքից (Թոռնիկյաններ) սերված եկեղեցականներ,իսկ 1272-ից կաթողիկոս է դարձել Աղթամար կղզու և հանդիպակաց ափի հայկական գյուղերին տիրացած Սեֆեդինյանների ներկայացուցիչ Ստեփանոսը: Սեֆեդինյաններն իրենց համարել են մոր կողմից Արծրունիներ: Աղթամարի կաթողիկոսությունը մինչև XVI դ. վերջը մնացել է այս գերդաստանի ձեռքում՝ որպես ժառանգական ստացվածք: Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ (1434–64) կարակոյունլու Ջհանշահ Փադիշահի օժանդակությամբ կարճ ժամանակով իր իշխանության տակ է միավորել Ս. Էջմիածնի կաթողիկոսությունը և Աղթամարի կաթողիկոսությունը:Մինչև XVIII դ. վերջը Ա. կ. ունեցել է 14 թեմ: Աղթամարի կաթողիկոսին հաստատել են այդ կողմերի մահմեդական տիրակալները: XVIIդ. Աղթամարի կաթողիկոսության և Ս. Էջմիածնի միջև վեճեր են սկսվել իրենց իրավասության սահմանների շուրջ: XVIII դ. վերջից Աղթամարի կաթողիկոսությունը ճանաչել է Ս. Էջմիածնի գերակայությունը: XIX դ. Վերջին Աղթամարի կաթողիկոսությունն ուներ երկու թեմ, որոնք ընդգրկել են Վանա լճի հվ. շրջանները (Հայոց ձոր, Ռշտունիք, Շատախ, Անձևացիք, Մոկք, Կորճայք, Խիզան)՝ 302 եկեղեցիներով և 58 վանքերով: Աղթամարի կաթողիկոսությունը վերացել է 1895-ին, իսկ թեմերն անցել են Կ.Պոլսի հայոց պատրիարքարանին:
Աղթամարի կաթողիկոսների անվանացանկ (ըստ Ն. Ակինյանի)՝
Դավիթ Ա (1113 – մոտ 1165)
Ստեփանոս Ա Ալուզ (մոտ 1165 – մոտ 1185/90)
[Անանուն] (աթոռակալության տարիները հայտնի չեն),
Ստեփանոս Բ Նկարեն (հիշատակվում է 1223 – վախճ. 1272)
Ստեփանոս Գ Տղա Սեֆեդինյան (1272 – մոտ 1296)
Զաքարիա Ա Սեֆեդինյան (1296–1336)
Ստեփանոս Գ (հիշատակվում է 1340-ից – վախճ. 1346)
Դավիթ Բ (1346 – մոտ 1368), զուգահեռ կաթողիկոս է հիշվում Ներսես Բոլատը (1316, 1324, 1371)
Զաքարիա Բ Նահատակ (1369–93)
Դավիթ Գ (1393–1433)
Զաքարիա Գ (1434–64)
Ստեփանոս Դ Տղա (1465–89)
Զաքարիա Դ (1489 – մոտ 1496)
Ատոմ (հիշատակվում է 1496, 1497, 1499, 1507)
Հովհաննես (հիշատակվում է 1512-ին)
Գրիգորիս Ա Աղթամարցի (Մեծ) (մոտ 1512 – մոտ 1544)
Գրիգորիս Բ Սեֆեդինյան, Աղթամարցի (Փոքր) (մոտ 1544 –մոտ 1586)
Գրիգորիս Գ Փոքր (հիշատակվում է 1595, 1602, 1604, 1605)
Մարտիրոս Գուրջի Փշրուկ (1660–62)
Պետրոս (վախճ. 1670)
Ստեփանոս (հիշատակվում է 1671-ին)
Փիլիպպոս (հիշատակվում է 1671-ին)
Կարապետ (հիշատակվում է 1677-ին)
Հովհաննես Թութունջի (հիշատակվում է 1679-ին)
Թովմա Ա (1681–98), հակաթոռ կաթողիկոսն էր Ավետիսը (հիշատակվում է 1698-ին)
Սահակ Արծկեցի (հիշատակվում է 1698-ին)
Հովհաննես Կեծուկ (հիշատակվում է 1699–1704-ին)
Հայրապետ Ա Փայխեցի (հիշատակվում է 1706-ին)
Գրիգոր Գավաշեցի (հիշատակվում է 1707, 1711-ին)
Հովհաննես Հայոցձորեցի (հիշատակվում է 1720-ին)
Գրիգոր Հիզանցի (հիշատակվում է 1725-ին)
Բաղդասար Բաղիշեցի (հիշատակվում է 1735–36-ին)
Նիկողայոս Սպարկերտցի (1736–51)
Գրիգոր (մոտ 1751–61)
Թովմա Բ Աղթամարցի (մոտ 1761–83),
Կարապետ Ղոմֆասմենց (1783–87)
Մարկոս Շատախեցի (1788–91)
Թեոդորոս (հիշատակվում է 1792–94-ին)
Միքայել (հիշատակվում է 1796-ին)
Կարապետ (վախճ.մոտ 1813)
Խաչատուր Ա Վանեցի (1813–14)
Կարապետ (վախճ. մոտ 1823)
Հարություն (վախճ. մոտ1823)
Հովհաննես Շատախեցի (1823–43)
Խաչատուր Մոկացի (մոտ 1844–51)
Գաբրիել Շիրոյան (1851–57)
Պետրոս Բյուլբյուլ (1858–64)
Խաչատուր Բ Շիրոյան (1864–95):
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 36-37:
Տես նաև՝
Մաքսուդյանց Մ., Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա), Էջմիածին, 1916:
Ակինյան Ն., Գավազանագիրք կաթողիկոսաց Աղթամարա, Վնն., 1920:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am