ԱԴԴԵ, սուրբ Ադդե  Հայրապետ, I դարի տոնելի քրիստոնյա նահատակ: Ըստ ասոր. և հայկական աղբյուրների՝ Աբգար թագավորի համար խույր (թագ) գործող վարպետ՝ կերպասագործ: Ըստ ավանդության, Բագրատունիների իշխանական տոհմից: Երբ Թադեոս առաքյալն այցելել է Եդեսիա (Ուրֆա), Ադդեն անձամբ աշակերտել է առաքյալին, որն իր փոխարեն հոգևոր առաջնորդ՝ Եդեսիայի եպիսկոպոս է ձեռնադրել նրան: Աբգար թագավորի մահից հետո նրա որդին՝ Անանունը, «.. հայրենի առաքինության հետևող չեղավ, այլ կուռքերի մեհյանները բացեց ու հեթանոսական պաշտամունքն ընդունեց» (Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», գիրք 2-րդ, գլ. ԼԴ): Անանունը մարդ է ուղարկում Ադդեի մոտ, որ նա «իրեն համար բեհեզից խույր կարե ոսկե բանվածքով, ինչպես անում էր իր հոր համար»: Ադդեն պատասխանում է. «Իմ ձեռքերը խույր չեն կարի անարժան գագաթի համար, որ չի երկրպագում Քրիստոսին, կենդանի Աստծուն» (նույն տեղում), ինչի համար էլ թագավորի զինվորը սրով կտրում է Ադդեի սրունքները, և նա մահանում է: Հայ եկեղեցին ս. Ադդեի հիշատակը սկզբնապես տոնել է ս. Աբգար թագավորի հետ: Հետագայում Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը բաժանել է այս տոները. ներկայումս ս. Ադդեի հիշատակը տոնվում է Հիսնակի Դ կիրակիից հետո՝ երկուշաբթի օրը (Հիսնակը Աստվածահայտնությանը նախորդող հիսուն օրերի տոնն է):

                                                                                                      Սարգսյան  Լ.

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 15-16:

Տես նաև՝
Լաբուբնայ կամ Ղեբուբնայ, Եդեսացւոյ թուղթ Աբգարու եւ քարոզութիւն սրբոյն Թադէի, Երուսաղեմ, 1868:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am