Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Աբրահամ Մամիկոնեից

 ԱԲՐԱՀԱՄ ՄԱՄԻԿՈՆԵԻՑ, Աբրահամ Մամիկոնյան (ծ. և մ. թթ. անհտ), VI դարի մատենագիր, Տարոնի առաջնորդ, Մամիկոնյան նախարարական տան եպիսկոպոս: Կենսագր. տվյալներ չեն պահպանվել: Ստորագրել է որպես աթոռակից Հովհաննես Բ Գաբեղենցի (557–574) կաթողիկոսի՝ Սյունյաց և Աղվանից եպիսկոպոսներին ուղղված երկու թղթերի տակ(«Գիրք թղթոց», էջ 78–84): Աղվանից Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի խնդրանքով գրել է «Թուղթ առ Վաչագան արքայ Աղուանից» և «Կանոնք Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի առ Վաչագան Աղուանից արքայ» խրատականները: Աբրահամ Մամիկոնեիցը համարվում է նաև Vդ. հույն եկեղեց. պատմագիր Սոկրատի երկի թարգմանիչը կամ խմբագրողը (Փոքր Սոկրատ կոչված խմբագրությունը): Նրա անունով մեզ է հասել «Պատմութիւն վասն ժողովոյն Եփեսոսի» երկը, որի մեկ այլ խմբագրությունը («Պատմութիւն ժողովոյն Եփեսոսի» կամ «Պատճառ հաւատոյ վասն տիեզերական և սուրբ ժողովոյն Եփեսոսի, և վասն անօրէնհայհոյությանն Նեստորի»)՝  Նաբովկ քաղաքի VI դ. ասորի հակաքաղկեդոնական եպիսկոպոս Փիլոքսենոս Նաբովկացու (Մաբուգեցի) անունով: Գրվածքը հայագիտության մեջ վերագրվել է կամ վերջինիս (Գ. Զարբհանալյան), կամ Վրթանես Քերթողին (Ն. Ակինյան), կամ Աբրահամ Մամիկոնեիցուն (Բ. Սարգիսյան): Հայ եկեղեցական մատենագրության ուշագրավ գործերից է «Պատմութիւն վասն ժողովոյն Եփեսոսի» երկը, որն առատ նյութ է տալիս Կյուրեղ Ալեքսանդրացու և Նեստորի (տես Նեստորականություն) դավանական վեճի, Եփեսոսի Գ տիեզերական ժողովի, նրա գումարման հանգամանքների, ընթացքի, պետության վերաբերմունքի և միջամտության, կյուրեղյանների ու նեստորականների անհաշտ պայքարի մասին: Անցուդարձերի նկարագրությունից երևում է հեղինակի հակվածությունը դեպի կյուրեղյան-եփեսոսյան դավանությունը: Հայ մատենագրության մեջ գրվածքը եզակի է նշված պատմ. դեպքերի հանգամանալի շարադրանքով:

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002 էջ 10-11: 

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am