Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Աբրահամ Գ Կրետացի

 ԱԲՐԱՀԱՄ Գ ԿՐԵՏԱՑԻ [ծ. թ. անհտ, ք. Կանդիա (Կրետե կղզում) – 18.4.1737], Ամենայն հայոց կաթողիկոս 1734-ից, պատմագիր: Հաջորդել է Աբրահամ Բ Խոշաբեցուն: Եղել է Երուսաղեմի միաբան և նվիրակ, 1709–34-ին՝ Թրակիայի Թեքիրդաղ (Ռոդոսթո) քաղաքի թեմի առաջնորդ, որի համար կոչվել է նաև Թեքիրդաղցի: Աբրահամ Գ Կրետացու օրոք Անդրկովկասի քաղ. դրությունն անկայուն էր: Իրանում ասպարեզ իջած Թահմազ Ղուլի խանը (ապագա Նադիր շահը), պատերազմելով Թուրքիայի դեմ, վերանվաճել է Իրանի կորցրած հողերը,այդ թվում՝ Անդրկովկասը: Աբրահամ Գ Կրետացին, շահելով խանի վստահությունը, վերականգնել է Էջմիածնի կաթողիկոս. աթոռի կալվածատիր. իրավունքները և գերությունից ու աքսորից փրկել բազմաթիվ հայերի: Աբրահամ Գ Կրետացու միջնորդությամբ խանը թույլատրել է Մելիք Հակոբջանին Երևանում հիմնել դրամատուն և կտրել արծաթե ու պղնձե դրամներ: Աբրահամ Գ Կրետացու «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր Շահին պարսից» (1 հրտ., Կալկաթա, 1796, թրգմ. նաև ֆրանս.) աշխատությունն ընդգրկում է մոտ երկու և կես տարվա ժամանակամիջոց (1734–36), բաղկացած է 53 գլխից, որտեղ մանրամասնորեն նկարագրված են իր կաթողիկոսության ժամանակի և Նադիր շահիիշխանության առաջին տարիների իրադարձությունները: Աբրահամ Գ Կրետացու պատմագր. երկերից են «Հիշատակարանը» («Ծոցի տետրակ») և Անի քաղաքի պատմությունը: Հայտնի են նրա մի քանի կոնդակները: Կաթողիկոսական գահին Աբրահամ Գ Կրետացուն հաջորդել է Ղազար Ա Ջահկեցին:

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 10:

 

Տես նաև՝

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն,հ. 1, Ե., 1959:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am