Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Աբրահամ Ա Աղբաթանեցի

  ԱԲՐԱՀԱՄ Ա ԱՂԲԱԹԱՆԵՑԻ [VI դ. կես, գ.Աղբաթանք (Ռշտունիք գավառ) – մոտ 613], Ամենայն հայոց կաթողիկոս 607-ից: Հաջորդել է Մովսես Բ Եղիվարդեցուն: Եղել է Ռըշտունիք գավառի եպիսկոպոսը: Նրա օրոք է տեղի ունեցել Վրաց եկեղեցու բաժանումը Հայ եկեղեցուց: VI–VII դդ., ինչպես ողջ քրիստոնյա Արևելքում, այնպես էլ Հայ և բյուզ. եկեղեցիների միջև սրվել էր պայքարը դավան. հարցերի շուրջ: Այդ պայքարն ընթացել է քաղկեդոնականների (տես Քաղկեդոնի ժողով 451) և հակաքաղկեդոնականների, նեստորականների (տես Նեստորականություն) և արլ. եկեղեցիների, այդ թվում՝ Հայ եկեղեցու միջև: Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև շարունակվող պատերազմում երկու կողմերնէլ ձգտել են իրենց կողմը գրավել քրիստոնյաներին՝ այդ քաղաքականության մեջ մեծ տեղ հատկացնելով դավան. խնդիրներին: Չնայած արդեն V դ. վերջին նեստոր. եկեղեցին Պարսկաստանում պաշտոնապես ճանաչում էր ստացել, սակայն քաղկեդոնականություն ընդունած Բյուզանդիայի ազդեցությունից հայերին հեռացնելու համար Պարսից Խոսրով Բ Փարվեզ թագավորը պաշտպանել է Հայ եկեղեցու հակաքաղկեդոն. դիրքը և խրախուսել հակահուն. տրամադրությունները: Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունի Բազմահաղթի (VI դ. վերջ) միջոցով հեռացնելով Հայաստանի հունաց մասի հակաթոռ Հովհաննես կաթողիկոսին, որին հաստատել էր բյուզ. Մավրիկիոս կայսրը (591-ից), թույլատրել է Հայաստանի մայրաքաղաք և կաթողիկոսանիստ Դվինում կառուցել նոր եկեղեցի, իսկ ավելի ուշ՝ Պարսից ժողովում Հայ եկեղեցու դավանանքը ճանաչել է միակ ուղղափառ դավանությունը Պարսից տերության սահմաններում: Աբրահամ Ա Աղբաթանեցու օրոք պայքարը բյուզ. և պարսկ. Կողմնորոշում ունեցող քրիստոնյաների (հայեր, վրացիներ, ասորիներ) միջև շարունակվել է քաղկեդոն. և հակաքաղկեդոն. դավանանքի քողի տակ: Չնայած Աբրահամ Ա Աղբաթանեցու ջանքերին՝ հետ պահել Վրաց Կյուրիոն կաթողիկոսին քաղկեդոնականություն ընդունելուց և հույների հետ դավան.միություն հաստատելուց, այնուամենայնիվ 608-ին Վրաց եկեղեցին ընդունել է քաղկեդոնականությունը: Այդ շրջանի իրադարձությունների, դավանական թեժ պայքարի կարևոր վավերաթղթեր են «Գիրք թղթոցում» (էջ 146–211) պահպանված՝ Աբրահամ Ա Աղբաթանեցու եպիսկոպոս. և կաթողիկոս. գործունեությանը վերաբերող թղթերը, շրջաբերական գրությունները՝ ուղղված Վրաց Կյուրիոն կաթողիկոսին, Ցուրտավի Մովսես եպիսկոպոսին, Վրթանես Քերթողին, Վրկանաց մարզպան Սմբատ Բագրատունուն: Հատկապես Վրաց Կյուրիոն կաթողիկոսինգրած թղթերում Աբրահամ Ա Աղբաթանեցին շեշտել է Հայոց, Վրաց և Աղվանից եկեղեցիների միությունը VI դ. սկզբին, երբ նրանք միասնաբար պայքարել են Հույն եկեղեցու նկրտումների և քաղկեդոնականության դեմ («Գիրք թղթոց» Գ թուղթ, էջ 182–183): Հայոց կաթողիկոսն իր թղթերում կարևոր տեղեկություններ է հաղորդել Դվինի 506-ի Ա ժողովի (տես Դվինի եկեղեցական ժողովներ) ընդունած որոշումների, Հայ եկեղեցու հակաքաղկեդոն. դիրքորոշման վերաբերյալ: Ըստ Աբրահամ Ա Աղբաթանեցու, Դվինի Ա ժողովի գլխավոր նպատակը Քաղկեդոնի և քաղկեդոնականության խնդիրների հանդեպ Հայ եկեղեցու և նրա ավագությունն ու գահերեցությունն ընդունող Վրաց և Աղվանից եկեղեցիների դավան. դրության պարզեցումն էր, միասնական պաշտոն. դիրքորոշման արտահայտումը: Աբրահամ Ա Աղբաթանեցու գրություններն օգտագործել են հետագա դարերի հայ պատմիչներն ու մատենագիրները՝ Հայ և Վրաց եկեղեցիների բաժանման դեպքերը շարադրելիս, իսկ Ուխտանես եպիսկոպոս պատմիչը Աբրահամ Ա Աղբաթանեցու 14 թղթերից 11-ը զետեղել է իր «Պատմություն Հայոց» գրքի «Պատմութիւն բաժանման Վրաց ի Հայոց» հատվածում: Աբրահամ Ա Աղբաթանեցին գրել է նաև դավան. բնույթի ճառեր: Կաթողիկոսական գահին Աբրահամ Ա Աղբաթանեցուն հաջորդել է Կոմիտաս Ա Աղցեցին:

 

                                                                                        Ղազարյան Ա.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 8-9:
 

 

Տես նաև՝

Տեր - Մինասյան Ե., Հայոց եկեղեցւոյ յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ, Էջմիածին, 1908:
Ակինյան Ն., Կիւրիոն կաթողիկոս Վրաց, Վնն., 1910:

Օրմանյան Մ., Ազգապատում,հ. 1, ԿՊ, 1912:

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am