ԱԲԳԱՐ, սուրբ Աբգար, ըստ ավանդության՝ I դարի անդրանիկ քրիստոնյա թագավորը՝ պարթև Արշակունի Արշամի որդին: Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Թագավորել է Օսրոյենե կոչվող երկրամասում, որի մայրաքաղաքն էր Եդեսիան: Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» եղել է Հայոց թագավոր (Գիրք 2, գլ. ԻԶ, ԻԷ, ԻԸ, ԻԹ), ըստ այլ աղբյուրների՝ ասորի թագավոր: Աբգարը եղել է Օսրոյենեի թագավորության(Ք.ծ.ա. 132 – Ք.ծ.հ. 216) բոլոր գահակալների անունը: Պատմական փաստերի համաձայն, քրիստոնեությունն առաջինն ընդունած (207-ին) թագավորը եղել է Աբգար IX (179–214): 91-ին Օսրոյենեի գահը գրաված Հայոց թագավոր Սանատրուկը ստացել է «Եդեսիո թագավոր» տիտղոսը, ենթադրվում է՝ նաև Աբգար անունը: Մովսես Խորենացին, հիմնվելով հայերեն թարգմանված ասոր. հնագույն աղբյուրների վրա («Վարդապետութիւն Ադդէի», «Լաբուբնեայ Դիւանագրի Եդեսիոյ. Թուղթ Աբգարու», 1868), Աբգար IX-ի դարձի ավանդական պատմությունը վերագրել է Աբգար V-ին, որն ապրել է I դ., Հիսուս Քրիստոս ի ժամանակ, լսել Փրկչի սքանչելագործությունների համբավը և հավատացել, որ «դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծու, որովհետև մարդկանցից ոչ ոք չի կարող մեռելներ հարուցանել,այլ միայն Աստված» (Գիրք 2, գլ. Լ): Եվ հավատալով, որ Հիսուսը ճշմարիտ Աստծո Որդին է, իր բանբերների միջոցով թուղթ՝ նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղեմ Փրկչին, որպեսզի նա գա և բժշկի իրեն, «որովհետև նրա մարմինն ապականված էր չարաչար ցավերով» (նույն տեղում)՝ բորոտությամբ: Աբգարն արժանանում է Փրկչի պատասխանին՝ գրված Թովմաս առաքյալի ձեռքով:Պատասխան թղթում ասվում է, որ Փրկիչը դեռ գործ ունի կատարելու Երուսաղեմում,բայց կուղարկի իր աշակերտներից մեկին, որը կգա, կբժշկի «և կյանք կշնորհի քեզ և քեզհետ եղողներին»: Փրկչի համբարձվելուց հետո Թովմաս առաքյալը Եդեսիա է ուղարկում Թադեոս առաքյալին, որը բուժում է Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին, քարոզում Ավետարանը և Եդեսիայի եպիսկոպոս կարգում Ադդե անունով մետաքսագործին, ապա մեկնում, ըստ Մովսես Խորենացու, Աբգարի քեռորդու՝ Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք (Գիրք 2, գլ. ԼԱ, ԼԲ, ԼԳ): Այնուհետև Աբգար թագավորը նամակներ (թղթեր) է հղում հռոմեացի Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին, Պարսից Արտաշիր թագավորին, որպեսզի նրանք ևս ընդունեն Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծո Որդու և Փրկչի. նաև հանձնարարում է, որ փնտրեն ու գտնեն Հիսուսի առաքյալներից մեկին (որը, հավանաբար, եղել է Սիմոն կամ Շմավոն Նախանձահույզը)՝ նրանից արքայության խոսքը լսելու նպատակով: Աբգարը մահացել է «երեսուն և ութ տարի թագավորելուց հետո», հավանաբար՝ Ք. ծ. հ. 37-ին կամ 50-ին: Աբգարի թղթերը և պատասխանները («Հինգ թղթերի պատճենները») տրված են Մովսես Խորենացու «Հայոց պատմության» 2-րդ գրքում (գլ. ԼԱ,ԼԲ, ԼԳ): Ըստ ասոր. «Վարդապետութիւն Ադդէի» և «Լաբուբնեայ Դիւանագրի Եդեսիոյ. Թուղթ Աբգարու» աղբյուրների, Հիսուս Քրիստոսի պատասխանի հետ միասին Աբգարի սուրհանդակ Անանը բերել է նաև Փրկչի «կենդանագիր պատկերը» [թաշկինակի (սրբիչի) վրա դեմքի հպումով տպավորված]: Այդ թաշկինակը կամ դաստառակը պահվել է Եդեսիայում, ապա՝ տարբեր վայրերի եկեղեցիներում: Հայ եկեղեցին նախապես ս. Աբգարի և ս. Ադդեի հիշատակի տոնը նշել է միասին: Բազմիցս հիշվում է Գրիգոր Մարզվանեցու և Լիակատար կոչվող Հայսմավուրքներում՝ դեկտեմբերի 31-ին: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը հետագայում առանձնացրել է ս. Աբգարի հիշատակի տոնը, որը նշվում է Հիսնակի (Աստվածահայտնությանը նախորդող 50 օրերի տոնը) Դկիրակիից հետո առաջին շաբաթ օրը: Սակայն, ինչպես նշում է Շնորհք արք. Գալուստյանը՝«...տարւոյն գիրերուն համաձայն կը տեղափոխուի նաեվ Յիսն. Բ և Դ կիրակիներու յաջորդող...» («Հայազգի սուրբեր», 1997, էջ 178) երեքշաբթի օրերին:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 7-8:
Տես նաև՝
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն,Ե., 1997:
Ավգերյան Մ., Լիակատար վարք և վկայաբանութիւն..., հ. 10, Վնտ., 1814:
Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:
Սուրբերու կյանքը, Բեյրութ, 1994:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am