Մատթեոս առաքյալը և ավետարանիչը նախապես եղել է մաքսավոր հայրենի քաղաքում՝ Կափառնայումում: Նրա հրեական անունն էր Ղևի կամ Լևի, որդին էր Ալփեոսի, որի համար էլ կոչվել է Ղևի Ալփյան: Հիսուսը նրան կանչեց հետևելու իրեն, երբ նա մաքսատանը գործի վրա էր: Նա անմիջապես թողեց գործը և հնազանդվեց Տիրոջը (Մատթ. 9.9–13, Մարկ. 2.13–17, Ղուկ. 5.27–32): Ղևին վերանվանվել է Մատթեոս, որը նշանակում է «պարգև»: Նա իր տանը մեծ ընդունելություն է ցույց տվել Հիսուսին ու նրա աշակերտներին, հրավիրելով նաև պաշտոնակիցների՝ մաքսավորների, հարկահավաքների: Փարիսեցիներն ու դպիրները մեղադրել են Հիսուսին, թե ինչո՞ւ է նա մաքսավորների ու մեղավորների հետ սեղան նստել: Այստեղ է Հիսուսը տվել իր նշանավոր պատասխանը, թե՝ «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին», և թե՝ «...ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ...» (Մատթ. 9.11–13): Մատթեոս առաքյալը Տիրոջ խոսքը քարոզել է պաղեստինյան հրեաներին, ապա մեկնել Աֆրիկա, քարոզել և, ըստ ավանդության, մեծ չարչարանքների ենթարկվելով, նահատակվել Եթովպիայում: Մատթեոս առաքյալը հեղինակ է Նոր կտակարանի առաջին գրքի՝ Մատթեոսի Ավետարանի: Հայ եկեղեցին Մատթեոս առաքյալի ու ավետարանչի հիշատակը նշում է մյուս երեք ավետարանիչների հետ՝ սուրբ Խաչվերացի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

Լևոն Սարգսյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am