Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Բողոքականություն

ԲՈՂՈՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (լատ. protestans- առարկող, բողոքող), քրիստոնեության հիմնական ուղղություններից: Բողոքականությունը ընդհանուր անվանումն է քրիստոնեական այն եկեղեցիների, որոնք XVI դ. Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կրոնագաղափարական, հասարակական-քաղաքական շարժման՝ Ռեֆորմացիայի ժամանակ անջատվել են հռոմեակաթոլիկական եկեղեցուց, մերժել Կաթոլիկ եկեղեցու (տե՛ս Կաթոլիկություն), պապականության և հոգևորականության անհրաժեշտությունը, հավատի աղբյուր հռչակել միայն Աստվածաշունչը, մերժել սրբազան ավանդությունը:

Բողոքականությունը իր մեջ ընդգրկում է դավանական, պաշտամունքային և եկեղեցական առանձնահատկություններով միմյանցից տարբերվող, անկախ եկեղեցիներ և դավանանքներ (լյութերականություն, կալվինականություն, անգլիկանություն, անաբապտիստներ, մկրտականներ, պուրիտանություն, պրեսբիտերականներ և այլն):

Բողոքական եկեղեցիները բաժանվում են երկու մեծ խմբի՝ լյութերական և ռեֆորմատական (Եվրոպայում՝ կալվինականություն, ցվինգլիականություն և այլն, Հյուսիսային Ամերիկայում՝ մեթոդիստներ և այլն): Ռեֆորմատական և լյութերական եկեղեցիների հիմնական տարբերությունն այն է, որ վերջիններն ընդունում են երկու խորհուրդ (Մկրտություն և Հաղորդություն), իսկ ռեֆորմատական եկեղեցիները մերժում են բոլոր խորհուրդները: Բողոքական եկեղեցիները կոչվում են նաև ավետարանական եկեղեցիներ: Սկզբնական շրջանում ավետարանական անունը կրել են բոլոր բողոքական՝ թե՛ լյութերական և թե՛ ռեֆորմատական եկեղեցիները, քանի որ նրանք իրենց ուսմունքի հիմքը համարել են Սուրբ Գիրքը: XIX դ. ավետարանական անունը տարածվել է հատկապես նոր բողոքական եկեղեցիների վրա՝ ի տարբերություն հին լյութերական և ռեֆորմատական եկեղեցիների: Հայերի մեջ բողոքականությունը տարածվել է XVII–XVIII դդ., առանձին համայնքների ձևով, իսկ XIX դ. սկզբնավորված ավետարանական շարժման արդյունքում, 1846-ին վերածվել կազմակերպված ավետարանական եկեղեցու (տե՛ս Հայաստանյայց ավետարանական եկեղեցի, Հայ մկրտական եկեղեցիներ):

Բողոքական և ավետարանական եկեղեցիների ընդհանուր գաղափարաբանությունը, կարգը և եկեղեցական կառուցվածքը հիմնականում հանգում են հետևյալին: Աստծո և մարդու հարաբերությունն իրականացվում է առանց միջնորդության: Աստծո շնորհին մարդ հաղորդակցվում է ուղղակի Քրիստոսի միջոցով՝ նրան ընդունելով որպես անձնական Փրկիչ: Միակ և բացարձակ հեղինակությունը Աստվածաշունչն է, որտեղ Քրիստոսի խոսքը համարվում է գերագույն, հայտնութենական ճշմարտություն: Ամեն տեսակ ավանդություն ստորադաս է նկատվում Աստվածաշնչին: Հասարակությունը բաժանված չէ կղերական և աշխարհիկ դասի: Ըստ այդմ, քահանան չունի Սուրբ Հոգու պարգևներն ընդունելու և բաշխելու մենաշնորհ:

Յուրաքանչյուր ոք կարող է և իրավունք ունի հոգևոր պաշտոն կատարել, քարոզել, մեկնաբանել Աստվածաշունչը: Բողոքականությունը ընդունում է հավատացյալների հավասարությունն ու միությունը: Եկեղեցու առավել գործուն անդամները, որոնք աչքի են ընկնում քարոզելու շնորհքով, ժամանակի ընթացքում ձեռնադրումով դառնում են եկեղեցու երեցը (ավագը) և ստանում պատվելի, ավելի ուշ՝ փորձ և հմտություն ձեռք բերելուց հետո՝ վերապատվելի կոչումը:

Հոգևոր պաշտամունքն իրականացվում է բացառապես քարոզի, Աստվածաշնչի բարոյաբանական մեկնաբանության և աղոթքի միջոցով: Բողոքական և ավետարանական եկեղեցիները չունեն պատմական եկեղեցիներին (Հայ առաքելական, Ուղղափառ-օրթոդոքս, Կաթոլիկ) հատուկ ծիսակարգ: Բացառապես ընդունում են իբրև առավել նախնական, Աստվածաշնչի հեղինակությամբ վկայված ձեռնադրման և մկրտության (ջրի մեջ ընկղմում) պարզ արարողությունը: Չունեն պատմական եկեղեցիներին հատուկ այնպիսի հայտանիշներ (ատրիբուտներ), որպիսիք են ճարտարապետությունը (իր հին տարազի մեջ՝ եկեղեցի, տաճար, վանք), զգեստավորումը, սուրբ անոթները, սրբանկարները, մոմերը, խունկը, մյուռոնը և այլն: Ավետարանական եկեղեցիները նախանձախնդիր են պահպանելու քրիստոնեական եկեղեցու տիեզերականությունը, միությունը և ազատությունը:

Բողոքական և ավետարանական եկեղեցիների աստվածաբանությունը հիմնական գծերով հետևյալն է. Աստվածաշունչը Աստծո շունչն է և բացարձակ հեղինակություն, և լիազոր իրավասություն ունի (Բ Տիմ. 3.16, Եբր. 4.12): Սուրբ Երրորդությունը բնությամբ մեկ Աստվածություն է, որ բաղկացած է երեք Անձերից. Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված (Մատթ. 28.19, Բ Կորնթ. 13.13):

Արարչագործությունը բացառապես Աստծո ձեռքի գործն է (Ծննդ. 1.1–31, Հովհ. 1.1–3): Դրախտը (երկինքը) իբրև վիճակ և տարածք Սուրբ Երրորդության կենտրոնավայրն է, ինչպես նաև՝ հրեշտակների ու հավատացյալների հավիտենական բնակավայրը (Եսայի 6.1–3, Ե-զեկ. գլ. 1,10, Եբր. 1.14): Մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ և պատկերով, մարմինը՝ հողից, հոգին ու շունչը՝ Աստծո կողմից (Ծննդ. 1.26, 2.7): Սուրբ Հոգով մկրտությունը, լրումը, սուրբ կյանքը Աստծո պահանջն է, նաև՝ եկեղեցու (հավատացյալների) մենաշնորհն ու պարտքը (Գործք 1–6, Ա Թեսաղ. 5.26): Եկեղեցին (հավատացյալների ամբողջությունը) Քրիստոսի մարմինն ու Հարսն է (Եփես. 5.23–32, Հայտն. 19.7): Սատանան անձ է, չարության մարմնացում, չարության աշխարհի իշխանը և ստի հայրը (Հովհ. 8.44): Դժոխքը, իբրև դրախտի (երկնքի) հակառակ բևեռ, հավիտենական տարածք է սատանայի, նրա սպասավոր հրեշտակների համար: Դժոխքը մեղավորների տանջանքի վայրն ու վիճակն է (Ղուկ. 16.23, Մատթ. 25.41, 13.42, Հայտն. 20.10, 15): Մեղքը սատանայից է (Ա Հովհ. 3.8): Մարդն իր կամքը հանձնելով և միանալով սատանային՝ մեղք է գործում, նահանջելով աստվածադիր պատվիրաններից՝ դառնում հին մարդ (Քրիստոսի արյամբ տակավին չփրկված հին Ադամ) և զրկվում օրհնությունից, դիրքից, կյանքից ու Աստծուց (Եփես. 4.17–22):

Քավությունը բովանդակ աշխարհի փրկության համար Քրիստոսի՝ խաչի վրա զոհվելով պատարագվելն է (Հռովմ. 3.25, Ա Հովհ. 2.2): Արդարացումը և վերստին (հոգևոր) ծնունդը (Հռովմ. 4.20–24) Հիսուս Քրիստոսի քավչարար արյամբ սրբվելն է և նրա շնորհն անվերապահորեն ընդունելով՝ նոր մարդ (նոր Ադամ) լինելը: Քրիստոսի Երկրորդ գալուստը եկեղեցու հույսն է: Քրիստոսով մեռածները հարություն են առնելու, և ապրող հավատացյալները հափշտակվելու են երկինք: Երկրի վրա մնացողներին մեծ նեղություններ են գալու: Հետո Քրիստոս իր սրբերով երկիր է իջնելու, կապելու է սատանային և թագավորելու է հազար տարի (Ա Թեսաղ. 4.15, Հայտն. 3.10, 20.1–4): Վերջին դատաստանի ժամանակ, հազարամյակից հետո, սատանան արձակվելու է, չարերը հարություն առնելով՝ դատվելու են և նետվելու կրակի ու ծծումբի լճի մեջ (Հայտն. 20.7–15): Արդարները հավիտենական երանության մեջ պետք է հարատևեն (Հայտն. 21, 22):

Բացի Նոր կտակարանի գրքերից (27) բողոքական և ավետարանական եկեղեցիներն ընդունում են Աստվածաշնչի մաս կազմող միայն Հին կտակարանի հրեական կանոնը (39 գիրք): Այստեղ բացակայում են Հայ առաքելական եկեղեցու ընդունած Աստվածաշնչի երկրորդականոն (ըստ բողոքականների՝ պարականոն գրքերը): Թեպետ այդ գրքերը աստվածաշունչ չեն համարում, սակայն ճանաչում են իբրև բարոյապատմական արժեք ունեցող գրվածքներ (տե՛ս Կանոնական գրքեր):

Հակոբ Քյոսեյան

 

Գրկանության ցանկ

 

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am