Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Բիստի Ս. Նշան վանք

ԲԻՍՏԻ Ս. ՆՇԱՆ ՎԱՆՔ, Կոպատափ անապատ, պատմական Գողթն գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջան) Բիստ գյուղից մոտ 1 կմ հյուսիս: Ըստ ավանդության, հիմնադրվել է V դ., հիշատակվում է XIV դարից, իսկ XV դ. գործել է որպես անապատ:

Վանքի ներկայիս եկեղեցին, ըստ արևմտյան մուտքի շինարարական արձանագրության, 1668-ին կառուցել է վանահայր Պետրոս վարդապետը: Մեկ զույգ մույթերով եռանավ փոքր բազիլիկ է, ներսից հնգանիստ խորանով, հարավային ճակատին կից եռակամար գավիթ-սրահով: 1670-ին վանք է այցելել հայ ճանապարհորդ, վաճառական Զաքարիա Ագուլեցին, XVIII դ. 30-ական թթ. Հայոց կաթողիկոս Աբրահամ Գ Կրետացին երկու օր հյուրընկալվել է վանքում և հիացական տողեր նվիրել նրան: Եկեղեցին նորոգվել, և ներսը նկարազարդվել է 1877-ին: Բիստի Ս. Նշան վանքը միջնադարում եղել է գրչության կենտրոն, որի ձեռագրերից արժեքավոր են Երևանի Մատենադարանում պահվող Թոմա Արճիշեցու 1336-ին ընդօրինակած, մանրանկարներով հարուստ Ավետարանը, Գրիգոր գրչի գործ, չորս ավետարանիչների դիմապատկերներով, 1489-ի Ավետարանը, 1689-ի նկարազարդ Ճաշոցը:

Մուրադ Հասրաթյան

 

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Լալայան Ե., Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրջան կամ Գողթն, ԱՀ, գիրք 11, 12, Թ., 1904–05:

Այվազյան Ա., Գողթն գավառի Բիստ ավանի ճարտարապետական հուշարձանները, ՊԲՀ, 1978, № 1:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am