ԲԵԹՂԵՀԵՄԻ ԱՆԱՊԱՏ, Թբիլիսիի Քարափի թաղում, Նարիկալա ամրոցի հյուսիսային կողմում: Բեթղեհեմի անապատի Ս. Աստվածածին միանավ թաղածածկ հորինվածքով եկեղեցին XIII դ. հիմնադրել է Գրիգոր քահանան, շինարարությունն ավարտել է նրա թոռ Բարսեղը (XIV դ.): 1636-ին Հալեպից Թիֆլիս տեղափոխված գրիչ և մանրանկարիչ Մկրտիչը Բեթղեհեմի անապատում բացել է գրչագրության արվեստի դպրոց: 1641-ին նա ընդօրինակել և նկարազարդել է Կիլիկիայի մանրանկարչության դպրոցին պատկանող Ավետարան:

1658-ին կառուցվել է Բեթղեհեմի անապատի ժամատունը: XVII դ. սկսվել է Ս. Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը, որն ավարտվել է 1746-ին, Ստեփան Խեչոյենցի բարերարությամբ: Եկեղեցին քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի բազմանիստ թմբուկով գմբեթը բարձրանում է խորանի անկյունների և արևելյան մույթերի միջև ձգվող կամարների վրա: Ավանդատները երկհարկ են. 2-րդ հարկերը խոշոր կամարներով բացվում են աղոթասրահի մեջ: Առաջին հարկի հյուսիսային ավանդատունը նվիրված է Գրիգոր Ա Լուսավորչին, հարավայիը՝ Հովհաննես Մկրտչին: Գմբեթի թմբուկին «Աստվածածինը մանկան հետ» պատկերաքանդակն է: Եկեղեցում պահվել է Աստվածածնի սրբապատկերը, ըստ ավանդության՝ նկարված Բեթղեհեմի այն մսուրի տախտակի վրա, որտեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը: Եկեղեցու ներսում՝ պատերին, ագուցված են 1501-ի և 1679-ի խաչքարեր: Ձախակողմյան ավանդատան պատին կան XVII–XVIII դդ. Բեթղեհեմի անապատ այցելած ուխտավորների մակագրություններ:

XVIII դ. Բեթղեհեմի անապատի հյուսիսային կողմում կառուցվել են միաբանների խցերը, արևելյան դարպասի վրա՝ աղյուսաշեն զանգակատուն՝ քարե 8-սյունանի ռոտոնդայով: 1884-ին երեցփոխան Հովսեփ Տեր-Աբրահամյանցը նորոգել է Ս. Աստվածածին եկեղեցին և զարդարել գմբեթը Հայր Աստծուն պատկերող որմնանկարներով: 1897-ին Սոփիա Մարտյանցը կառուցել է Բեթղեհեմի անապատի աղբյուրը:

1898-ին պատրաստվել է եկեղեցու խորանի նրբաճաշակ և բարձրարվեստ, քարակերտ խաչքարը: 1981-ին պեղվել է եկեղեցու հատակը, և բացվել են նախնական՝ միանավ եկեղեցու հիմքերը: 1990-ին Բեթղեհեմի անապատի Ս. Աստվածածին եկեղեցին «նորոգվել» է, նրա պատերից հանվել են խաչքարերը և հայկական արձանագրությունները, քանդվել խորանի խաչքարը, մկրտության ավազանը, Բեթղեհեմի անապատի աղբյուրը:

Մուրադ Հասրաթյան

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Մելիքսեթ - Բեկ Լ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. 3 (ԺԸ–ԺԹ դդ.), Ե., 1955:

Асратян М., Памятники средневековой армянской архитектуры в Тбилиси, Е., 1978.

Мурадян П., Армянская эпиграфика Грузии, Тбилиси, Е., 1988.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am