ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ, սուրբ Բարսեղ, Բարսեղ Մեծ [329, Կեսարիա (Կապադով ովկիա) – 379, Կեսարիա], Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետներից, Հայ առաքելական եկեղեցու համաքրիստոնեական տոնելի սուրբ հայրերից, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով (տե՛ս Եկեղեցու հայրեր), Կապադովկիայի մետրոպոլիտ (370-ից): Սերել է քրիստոնեական բարեպաշտությամբ և առաքինությամբ հռչակված հույն քրիստոնյա մեծահարուստ և ազնվական ընտանիքից: Գրիգոր Նյուսացու ավագ եղբայրը:

Նախնական կրթությունն ստացել է հորից, 7 տարի ուսանել Կեսարիայի դպրոցում, ապա՝ Անտիոքում: 344–351-ին Կ. Պոլսում ուսումը շարունակել է նշանավոր հռետոր Լիբանիոսի դպրոցում, 352–356-ին՝ Աթենքի համալսարանում: Ուսումնասիրել է քրիստոնեական վարդապետություն, ճարտասանություն, փիլիսոփայություն, քերականություն, ճշգրիտ և բնական գիտություններ՝ աստղագիտություն, երկրաչափություն, բժշկություն: Անապատական-ճգնավորական կյանքին ծանոթանալու նպատակով 358–360-ին այցելել է Եգիպտոսի, Պաղեստինի, Ասորիքի մենաստանները: Վերադառնալով Կեսարիա՝ իր ողջ հարստությունը բաժանել է աղքատներին և վանական-միաբանական կյանքով ապրելու համար առանձնացել Իրիս գետի ափին գտնվող Անսիա վայրում (Պոնտոսում): Այստեղ Գրիգոր Նազիանզացու հետ ուսումնասիրել է Աստվածաշունչը, հաղորդակցվել եկեղեցու հին հայրերի և ուսուցիչների ժառանգության հետ, Գրիգոր Նազիանզացու հետ կազմել «Սուրբ Գիրքը և նրա մեկնաբանը՝ Որոգինեսը» («Ֆիլոկալիա») աշխատությունը: Պոնտոսում և Կապադովկիայում հաստատել է մենաստաններ ու եղբայրանոցներ, նրանց ղեկավարման և գործունեության համար գրել վանական կանոնադրություններ, իրավամբ համարվել արևելյան վանականության հիմնադիր և մեծ օրենսդիր: Ձեռնամուխ է եղել քրիստոնեական նոր հաստատությունների հիմնմանը, դարձել վանական և միաբանական կյանքի ստեղծողը Պոնտոսում և Կապադովկիայում: Նա վանքերը վերածել է քրիստոնեական եկեղեցու կարևոր հաստատությունների, որոնք դադարել են ճգնարաններ լինելուց և փոխարկվել դաստիարակության ու արվեստի կենտրոնների: Ընտրվելով Կեսարիայի մետրոպոլիտ՝ Բարսեղ Կեսարացին ապրել է եկեղեցական, քաղաքական, վարչական բուռն կյանքով, հետևողական պայքար մղել արիոսականության դեմ:

Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նյուսացին և Գրիգոր Նազիանզացին Ընդհանրական եկեղեցու և համաքրիստոնեական աստվածաբանական մտքի պատմության մեջ հայտնի են «կապադովկյան հայրեր» կամ «երեք մեծ կապադովկիացիներ» անունով, որոնց ղեկավարն ու ոգին Բարսեղ Կեսարացին էր: Նրանք եղել են Աթանաս Ալեքսանդրացու և Ալեքսանդրիայի դպրոցի աստվածաբանության կրողներն ու շարունակողները: Կապադովկյան հայրերը բանաձևել են աստվածաբանական, դավանաբանական շատ հասկացություններ, հատկապես Ս. Երրորդության ուղղափառ ըմբռնումը:

Բարսեղ Կեսարացին թողել է մատենագրական հարուստ ժառանգություն՝ մեկնություններ, դավանական, ծիսագիտական, կանոնագրային գործեր, ճառեր, ներբողներ, քարոզներ, զրույցներ, նամակներ: Արիոսական եպիսկոպոս Եվնոմիոսի դեմ գրել է դավանաբանական-հակաճառական բնույթի 3 ճառ, որոնցում ժխտել է նրա ենթակարգության (սուբորդինացիոն) գաղափարները (Հայրը բարձր է Որդուց, որովհետև «անծին» է, Որդին ստորադաս է Հորը, որովհետև «ծնվել» է, Սուրբ Հոգին ցածր է Որդուց, որովհետև ստեղծվել է Որդուց) և ապացուցել Հոր, Որդու և Սուրբ Հոգու լիակատար հավասարությունն ու Աստված լինելը:

Աստվածաբանական կարևոր նշանակություն ունի «Սուրբ Հոգու մասին» ճառը (375), որտեղ պաշտպանել է Որդու և Սուրբ Հոգու համագոյությունը Հայր Աստծո հետ: Արժեքավոր է երրորդաբանական այն միտքը, թե Հայրը նախասկիզբ պատճառ է, Որդին՝ հիմնարար պատճառ, Սուրբ Հոգին՝ իրագործող պատճառ:

Բարսեղ Կեսարացու դավանական երկերից են նաև «Սուրբ Հոգու աստվածության մասին՝ ընդդեմ Սաբելիոսի և անոմեականների», «Աստծո Որդու աստվածության մասին», «Հավատքի կամ Սուրբ Երրորդության մասին», «Այն մասին, որ Աստված չարի պատճառ չէ» և այլն: Բարսեղ Կեսարացին հեղինակ է նաև աստվածաշնչյան մեկնությունների: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում 9 ճառից բաղկացած «Վեցօրեայքը», որը, ըստ Ծննդոց գրքի (1.1–26), Արարչագործության վեց օրերի աստվածաբանական, փիլիսոփայական և բնագիտական մեկնությունն է: «Վեցօրեայքը» մեծ համբավ է վայելել թե՛ Արևմուտքում և թե՛ Արևելքում:

Գրել է նաև սաղմոսների, Եսայու մարգարեության (1.1–16) մեկնություններ: Դաստիարակչական, բարոյագործնական բնույթի գործերից են «Հորդոր պատանիներին՝ ինչպես օգտվել հեթանոս գրողների գրվածքներից» երկը, աշխատասիրության, եղբայրասիրության, աղքատասիրության, ինչպես նաև՝ ագահության, ժլատության, զայրույթի, նախանձի մասին քարոզները: Բարսեղ Կեսարացին, որպես արևելյան վանականության կանոնագիր, հանգամանորեն զբաղվել է նոր տիպի վանականության հաստատման գործով, գրել կանոններ, ճգնավորությանը նվիրված գրվածքներ: Բարոյականության մասին գրած կանոնախումբը բաղկացած է 80 բարոյախրատական հրահանգներից: Այդ կանոնախումբը համարվում է վանականության հնագույն և ամենակարևոր օրենսգիրքը: Հեղինակել է հարցուպատասխանիներից բաղկացած վանական կանոնադրություններ, որոնք հայկական ձեռագրերում հայտնի են «Գիրք հարցողաց» կամ «Հարցմունք ճգնաւորացն, պատասխանի սրբոյ Բարսղի»: Բարսեղյան կանոնները մեծապես նպաստել են Արևմուտքի և Արևելքի վանական կյանքի կազմակերպմանը: Բարսեղ Կեսարացու ժառանգության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում նրա ծիսական աշխատությունները՝ «Պատարագամատույցը», առավոտյան և երեկոյան ժամերգության կարգերը, աղոթքները, ինչպես նաև կանոնական, ծիսագիտական, դավանական բնույթի նամակները, որոնք մեծ մասամբ ուղղված են եղբորը՝ Գրիգոր Նյուսացուն և նվիրված են Սուրբ Երրորդության վարդապետության բացատրությանը, Նիկիական Հանգանակի պաշտպանությանը, Արիոսի, Եվնոմիոսի, Ապողինարիոսի, Սաբելիոսի և մյուս հերետիկոսների վարդապետությունների հերքմանը: Պատմական սկզբնաղբյուրները վկայում են Բարսեղ Կեսարացու՝ հայ իրականության հետ ունեցած մերձավոր շփումների մասին: Նրա երկերը հայերեն են թարգմանվել V դարից: Միայն Երևանի Մատենադարանում կան ավելի քան 200 հին ու նոր գրչագիր մատյաններ: Թարգմանվել են «Վեցօրեայքը» (առաջին անգամ տպագրվել է Վենետիկում, 1830-ին), «Պատարագամատոյցքը» (1897), կանոններ, աղոթքներ: Բարսեղ Կեսարացու մի քանի ճառեր և գործերից առանձին հատվածներ են վկայաբերվել Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն» (1908) երկում, «Կնիք հաւատոյ» ժողովածուում:

«Գիրք հարցողաց», «Պահոց» ճգնակեցական հրահանգների ժողովածուն (պարունակում է 33 ճառ) աստվածաբանության սիրված ձեռնարկներ են եղել միջնադարյան վարդապետարաններում: Հայ հեղինակները այդ երկասիրություններն առավել դյուրըմբռնելի դարձնելու համար գրել են դրանց պատճառը կամ լուծմունքը: Բարսեղ Կեսարացու ստեղծագործություններից հատվածներ են մեջբերվել հայ մեկնողական, դավանական գրականության մեջ (Վարդան Արևելցի, «Մեկնութիւն Արարածոց», «Կնիք հաւատոյ», Անանիա Սանահնեցու «Հակաճառութիւն», Վարդան Այգեկցու «Արմատ հաւատոյ» և այլն): Նրա ճառերից մի քանիսը մեզ է հասել միայն հայերեն թարգմանությամբ:

Հայ եկեղեցին ս. Բարսեղ Կեսարացու հիշատակը տոնում է տարին 2 անգամ. հունվարի 1-ի մերձակա շաբաթ օրը և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ:

Հակոբ Քյոսեյան

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Ճառք վասն վեցօրեայ արարչութեան, Վնտ., 1830:

Քննական բնագիր աշխատասիրությամբ Կիմ Մուրադյանի, Ե., 1984:

Զարբհանալյան Գ., Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց, Վնտ., 1889, էջ 325–344:

Գաթըրճյան Հ., Սրբազան Պատարագամատոյցք Հայոց, Վնն., 1897, էջ 81–216, 346–352:

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976, էջ 1344–1405:

Մուրադյան Կ., Բարսեղ Կեսարացին և նրա «Վեցօրեայ»-ն հայ մատենագրության մեջ, Ե., 1976:

Հատիտյան Ա., Սուրբ Բարսեղ հայրապետ Կեսարացի, «Էջմիածին», 1977, № 5–7:

Քյոսեյան Հ., Ս. Բարսեղ Կեսարացու՝ հունարեն բնագրով անհայտ «Մեծի աւուրն Տեառընդառաջին» ճառի հայերեն թարգմանությունը, «Գանձասար», 2, 1992, էջ 28–46:

Նույնի, Ս. Բարսեղ Կեսարացու՝ Ս. Հոգուն նվիրված ճառի հայերեն թարգմանությունը, «Գանձասար», 4, 1993, էջ 165–214:

Վարդան Այգեկցի, Գիրք հաստատութեան եւ Արմատ հաւատոյ, Ե., 1998, էջ 35–37:

Migne J. P., PG, t 29–30, P., 1857–66.

Ceerard M., Clavis Patrum Graecorum, v. 2, Brռpols-Turnhout, 1974, P., 140–178.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am