Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Բագավանի Ս. Հովհաննես վանք

ԲԱԳԱՎԱՆԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Բագրեվանդ գավառի հարավ-արևելյան մասում, Նպատ լեռան ստորոտին, պատմական Բագավան բնակավայրում:

Ըստ շինարարական արձանագրության, Բագավանի Ս. Հովհաննես վանքի եկեղեցին կառուցել է Եզր Ա Փառաժնակերտցին 631–639-ին (ճարտարապետ՝ Իսրայել Գոռաղճեցի):

Հայկական ամենախոշոր եկեղեցիներից է (27 մ x 46 մ, բարձրությունն առանց գմբեթի՝ մոտ 20 մ) և ունի քառամույթ գմբեթավոր հորինվածք, արլում՝ արտաքուստ եռանիստ ծավալներով շեշտված խորանով և ավանդատներով: 778-ին արաբները կողոպտել են վանքը և սպանել 40 միաբանի: 1210-ին Զաքարե Բ Մեծը, Խլաթի պաշարումից վերադառնալիս, այցելել է Բագավանի Ս. Հովհաննես վանք, գնել գյուղ ու նվիրել վանքին: 1273-ին Կարապետ քահանան 90 դահեկանով այգի է գնել ու նվիրել վանքին:

Միջնադարում վանքի եկեղեցին վերակառուցել են ամրոցի՝ տանիքը վերածելով պաշտպանության հարթակի: Վանքն ավերվել է XIV դ.՝ Լենկթեմուրի արշավանքներից և վերստին գործել XVII դ. կեսից, երբ այնտեղ է հաստատվել Բագրևանդի եպիսկոպոսական աթոռը: Եկեղեցին նորոգվել է 1679–85-ին, փլված գմբեթը փոխարինվել է ցածր, անհամաչափ թմբուկով: Անբավարար միջոցների պատճառով նորոգման աշխատանքներն անավարտ են մնացել, և վանահայր Իսահակ եպիսկոպոսը շրջաբերական թղթով օգնություն է խնդրել Եվրոպայի հետ առևտուր անող հայ վաճառականներից: 1720-ին Մխիթար վարդապետն ազատել է եկեղեցին հարկերից: 1735-ին պարսից զորքը մտել է վանք և սպանել միաբաններին: Ղուկաս Ա Կարնեցու և Հովսեփ արք. Արղությանի վախճանվելուց հետո Դավիթ Ե Էնեգեթցին խոչընդոտել է Էջմիածնում ժողով հրավիրելը, ինչի հետևանքով Դանիել Ա Սուրմառեցին 1802-ի հունիսի 6-ին կաթողիկոս է ընտրվել Բագավանի Ս. Հովհաննես վանքում:

1821-ին Ալաշկերտի վրա Երևանի խանի հարձակման ժամանակ Խաչատուր վարդապետը շրջակա հայ բնակչությանն ապաստան է տվել վանքում: 1861-ին քրդերն սպանել են վանահայր Գալուստ Ատովմյանին: 1862-ին Հովհաննես եպիսկոպոսը հիմնովին վերակառուցել է վանքի պարիսպները, 1864-ին այնտեղ բացել ժառանգավորաց վարժարան: 1877–1878-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ վանքն ասպատակել և կողոպտել են շրջակայքի քրդերը: Ավարառումից փրկելու համար վանքի ձեռագրերը 1877-ին թաղել են, սակայն հողում դրանք ոչնչացել են: 1915-ին վանքն ամայացել է և լքվել: 1950-ական թթ. Բագավանի Ս. Հովհաննես վանքի եկեղեցին պայթեցվել է:

Մուրադ Հասրաթյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Սարգիսյան Ն., Տեղագրութիւնք ի Փոքր և ի Մեծ Հայս, Վնտ., 1864:

Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890:

Էփրիկյան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վնտ., 1903–07:

Մնացականյան Ս., Բագավանի տաճարի շինարարական արձանագրության վերծանման հարցի շուրջը, ՊԲՀ, 1964, № 2:

Орбели И., Багаванский храм и его надписи, “Христианский Востол”, т. 5, в. 2, П., 1917.

Strzygowski J., Die Baukunst der Armenier und Europa, Wien, 1918.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am