ԱՎԳԵՐՅԱՆ Մկրտիչ Հայրապետի [11.11.1762, ք. Անկյուրա (Թուրքիա) – 3.3.1854, Վենետիկ], աստվածաբան, լեզվաբան-բառարանագիր, թարգմանիչ: Մխիթարյան միաբանության խորհրդական (30 տարի) և ընդհանուր աթոռակալ (20 տարի):

1774-ին մտել է Ս. Ղազար վանք, ձեռնադրվել հոգևորական, ծավալել բեղմնավոր գիտական, մշակութային գործունեություն: Իբրև աստվածաբան հայտնի է բազմաթիվ երկերով. ամենանշանավորը «Լիակատար վարք և վկայաբանութիւն Սրբոց, որք կան ի հին տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց» (հ. 1–12, 1810–15) կոթողական աշխատությունն է, որտեղ լուսաբանել է սրբերի կյանքը, կատարել բանասիրական վերլուծումներ ու ճշգրտումներ: Առանձնակի արժեք ունի 12-րդ հատորը՝ «Մնացորդք Վարուց Սրբոց արտաքոյ տօնացուցին մերոյ, յիշատակելոց ի Յայսմաւուրս կամ ի Ճառընտիրս Հայոց, որպէս և Յունաց և Լատինացւոց» (1815), որն այբբենական սկզբունքով կազմված սրբանունների բառարան է՝ հարուստ հավելյալ տվյալներով: Գրել է կրոնաբարոյախոսական բնույթի բազմաթիվ երկեր, որոնցից «Բարի խորհուրդներ» (1809) և «Դեղ կենաց, որ է հոգեւոր բժշկարան» (1810) աշխատությունները շարադրված են արևմտահայերեն և կարևոր են վերջինիս պատմությունն ուսումնասիրելու առումով ևս:

Ավգերյանը վիթխարի աշխատանք է կատարել նաև թարգմանության ասպարեզում. լատիներենից գրաբար է թարգմանել Հեթում Պատմիչի «Պատմութիւն թաթարաց»-ը (1842), Աղեքսանդր Թասսոնի «Ապացոյցք կրօնի և պատասխանատուութիւնք»-ը (1844), Սենեկայի «Ճառք իմաստասիրականք»-ը (1849), Կիկերոնի «Յաղագս պատշաճից»-ը (1845), Գրիգոր Մեծի «Կանոն հովուական»-ը (1846) ևն: Գրաբարից լատիներեն է թարգմանել Փիլոն Ալեքսանդրացու ճառերը և Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն»-ը (մաս 1–2, 1818), որոնց հունարեն բնագրերը կորած են: «Քրոնիկոն»-ն ամփոփում է հայերեն հին թարգմանության բնագիրը և հույն մատենագիրների գրվածքներում պահպանված հունարեն հատվածները: Ավգերյանի գլուխգործոցն է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» կամ «Նոր հայկազեան բառարան»-ը (հ. 1–2, 1836–37, համահեղինակներ՝ Գ. Ավետիքյան, Խ. Սյուրմելյան): Հրատարակել է նաև «Առձեռն բառարան հայկազնեան լեզուի» (1846):

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Քրիստոնէական վարդապետութիւն ոտանաւորեալ առ հեշտին մտառութիւն համբակաց, ևս առաւել մանկանց դպրատան Լուսաւորչի, Վնտ., 1810:

Աղօթագիրք կարճառօտ, Վնտ., 1832:

Նուեր սիրոյ առ ամենասուրբ կոյսն Մարիամ Աստուածածին, Վնտ., 1854:

Հանգիստ հոր վարդապետի Մխիթարեան Ավգերեան հ. Մկրտչի, «Բազմավեպ», 1854, 5:

Մխիթարեան յոբելեան, Վնտ., 1901, էջ 101–108:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am