ԱՎԵՏԻՍ, Ավետիք (ծ. և մ. թթ. անհտ), XIII դարի 2-րդ կեսի գրիչ, գեղագիր: Ապրել է Կիլիկյան Հայաստանում, ստեղծագործել մայրաքաղաք Սիսում, բերդաքաղաք Հռոմկլայում, որտեղ գտնվում էր Հայոց կաթողիկոսական աթոռը: Եղել է իր ժամանակի կիլիկյան ամենահռչակավոր գրիչը: Այդ են վկայում արքունական ընտանիքի անդամների և բարձրաստիճան հոգևորականների պատվերով նրա ընդօրինակած մատյանները: Համագործակցել է Թորոս Ռոսլինի հետ: Հայտնի է Ավետիսի ընդօրինակած չորս ձեռագիր (Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանք, ձեռ. № 2660, 2027, 2563, Մատենադարան, ձեռ. № 7651), որոնց թվում՝ նշանավոր «Կեռան թագուհու Ավետարան»-ը և «Ութ մանրանկարիչների Ավետարան»-ը:

Հնարավոր է, որ Ավետիսը մասնակցել է նաև 1271-ին Դրազարկում գրիչ Կոստանդինի արտագրած Աստվածաշունչ մատյանի ստեղծմանը (Մատենադարան, ձեռ. դ 199), որի գլխատառերը, ըստ ձեռագրի հիշատակարանի, գրել է «զընտիր գրչավորն»: Ավետիսը հիշատակարանում ինքն իրեն անվանել է Ավետիս կամ Ավետիք քահանա (Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. № 2027):

Ավետիսի ստեղծած մատյանները գրված են կիլիկյան կանոնավոր բոլորգրով (հայկական մինուսկուլով), որն աչքի է ընկնում արտակարգ գեղեցկությամբ, հղկվածությամբ և գրի հավասար մակարդակով: Ձեռագրերը հին գրչության արվեստի կիլիկյան բոլորգրի դասական օրինակներ են:

Սեյրանուշ Մանուկյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Մաթևոսյան Ա., Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԳ դ., Ե., 1984, էջ 407:

Mekhitarian A., Treasures of the Armenian Patriarchate of Jerusalem, Jerusalem, 1969, p. 21, 22, 23.

Bogharian N., Grand Catalogue of St. James Manuscripts, v. 7, Jerusalem, 1974, p. 59–66.

Idem, v. 8, Jerusalem, 1977, p. 263, 277.

Narkiss B., (Ed.), Armenische Kunst. Die Faszinierende Sammlung des Armenischen Patriarchats in Jerusalem, Belser Verlag Stuttgart/Zurich, 1980, s. 63, 148, 149.

Korchmasjan E., Drampjan I., Akopjan G., Armenische Buchmalerei des 13 und 14 Jahrhunderts, Leningrad, 1984, s. 28.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am