Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ավետիքյան Գաբրիել

 ԱՎԵՏԻՔՅԱՆ Գաբրիել (19.9.1751, Կ. Պոլիս – 24.12.1827, Վենետիկ, Ս. Ղազար կղզի), աստվածաբան, մեկնիչ, լեզվաբան, բառարանագիր: Մխիթարյան միաբանության անդամ 1773-ից: Սովորել է Մխիթարյանների Ս. Ղազար կղզու դպրեվանքում, այնուհետև ճեմարանում ուսանել իմաստասիրություն և աստվածաբանություն: Երկար տարիներ վարել է Ս. Ղազարի դպրատան տեսուչի պաշտոնը, դասավանդել է իմաստասիրություն և աստվածաբանություն:

1799-ին ընտրվել է աբբահայր Ստեփանոս Մելքոնյանի փոխանորդ, որը Մխիթար Սեբաստացու անմիջական հաջորդն էր: 1800-ին, նոր աբբահոր ընտրության ժամանակ, հանձինս Ստեփանոս Գյուվեր Ագոնցի, Ավետիքյանը վերահաստատվել է ընդհանուր փոխանորդի պաշտոնում, որը վարել է մինչև մահը:

Մեծածավալ է Ավետիքյանի գրական ժառանգությունը: Կազմել է «Նոր հայկազեան բառարանի» («Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ. 1–2, 1836–37) «Ա» տառի բառահոդվածները, կատարել մի շարք ստուգաբանություններ: Բացառիկ արժեք ունեն «Նարեկլուծ»-ը (1801), որը Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի մեկնությունն է, «Մեկնութիւն չորեքտասան թղթոց երանելոյն Պօղոսի առաքելոյ» (հ. 1–3, 1806–12) աշխատությունը և «Բացատրութիւն շարականաց...»-ը (1814): Հիշարժան է նրա իտալերեն գրված «Դիտողութիւններ հայ ծիսական մատեանների սրբագրութեան մասին» (1868) երկը, որի նպատակն էր Հայ եկեղեցու բոլոր ծիսամատյանների անխաթար տպագրումը, պահպանումը և կիրարկումն ընդդեմ հռոմեական եկեղեցական ատյանների, հայ և օտար գրաքննիչների միտումների, որոնք ձգտել են դրանց մեջ «սրբագրություններ» մտցնել:

Ավետիքյանն աստվածաբանական և հայրախոսական բացառիկ հմտությամբ և խորիմաց փաստարկներով պաշտպանել է Հայ եկեղեցու դավանանքը: Դեռևս կենդանության օրոք վայելել է մեծ աստվածաբանի համբավ, Հռոմում նրան հորջորջել են «սարսափելի աստվածաբան»: Ավետիքյանը գրել է նաև ճառեր, քարոզներ, կատարել թարգմանություններ:

Լևոն Զեքիյան

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Քերականութիւն հայկական, Վնտ., 1815:

Սարգիսյան Բ., Երկհարիւրամյա գրականական գործունեութիւն և նշանավոր գործիչներ Վենետկո Մխիթարեան միաբանութեան, Վնտ., 1905:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am