ԱՎԵՏԻՔ ԵՎԴՈԿԱՑԻ, Թոխաթցի (1.4.1657, Եվդոկիա – 11.7.1711, Փարիզ), Կ. Պոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարք (1702–1706), գրիչ, տաղերգու: Աշակերտել է Սարգիս և Պետրոս քահանաներին, ապա՝ Հակոբ վրդ. Պելենկցուն: Փայասում ձեռնադրվել է սարկավագ (1675), Կապոսի վանքում՝ աբեղա, ապա՝ վարդապետ, կարգվել վանքի հոգևոր առաջնորդ: Չնայած օսմանյան իշխանությունների և մոլեռանդ մահմեդական հոգևորականության հարուցած խոչընդոտներին, նրա ջանքերով նորոգվել են Կապոսի Ս. Հակոբ վանքը, Տիրանաշենի Ս. Նշան, Երզնկայի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցիները: Այդ առիթով անբաստանվել ու կարճ ժամանակով բանտարկվել է: Ազատվելուց հետո մեկնել է Էջմիածին, այնտեղ 1691-ին ձեռնադրվել եպիսկոպոս, նույն թվականին Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը նրան կարգել է Կարինի թեմի առաջնորդ, 1702-ի փետրվարի 24-ին սուլթանական արքունիքի հովանավորությամբ նշանակվել է Կ. Պոլսի պատրիարք, իսկ հուլիսի 13-ին՝ նաև Երուսաղեմի պատրիարք: Սակայն հակակաթոլիկական գործունեության համար 1703-ին աքսորվել է Ասորիք, 1704-ին ազատվել է և վերականգնվել Կ. Պոլսի պատրիարքի պաշտոնում: Նույն թվականի նոյեմբերին, Երուսաղեմի հայոց պատրիարք Մինաս Ամդեցու մահից հետո, կրկին միավորել է Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարքական աթոռները:

Ավետիք Եվդոկացին պատրիարքության շրջանում Կ. Պոլսում պայքար է ծավալվել հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև: Ավետիք Եվդոկացին այդ պայքարի հայտնի դեմքերից է: Հիսուսյան կրոնավոր Մոնիեն իր «Ուղեգրության» մեջ նրան անվանել է «ամենամեծ հալածիչ», որ երբևէ ունեցել են կաթոլիկները Արևելքում, իսկ Կ. Պոլսում Ֆրանսիայի դեսպան դը Ֆերիոլը՝ «հռոմեական եկեղեցու երդվյալ թշնամի», «կաթոլիկության անդրդվելի և անողոք հալածիչ»: Ավետիք Եվդոկացին խիստ միջոցների է դիմել լատինադավան հայերի նկատմամբ և զոհ դարձել խռովարարների ու իր հակառակորդների մեքենայություններին: 1706-ին պատրիարքը կրկին աթոռազուրկ է արվել և աքսորվել Թենետոս կղզի: Աքսորից վերադառնալիս դեսպան դը Ֆերիոլը, լատին կրոնավոր Հակինթոսի թելադրանքով, առևանգել է նրան, նետել Սիցիլիայի, Մարսելի բանտերը, Բենեդիկտյանների Ս. Միքայելի վանքը, ի վերջո՝ Փարիզի Բաստիլ բանտը, բռնագրավել գրքերն ու գրությունները: 1710-ին Փարիզի արքեպիսկոպոս կարդինալ Նոայլի առաջ հավատո խոստովանություն կորզելուց հետո միայն Ավետիք Եվդոկացուն ազատել են բանտից՝ հսկողություն սահմանելով վրան: Ինն ամիս անց նա վախճանվել է:

Ավետիք Եվդոկացին եվրոպական պատմագիտությանը հայտնի անձնավորություն է եղել: Նրա անունը կապվել է նշանավոր «Երկաթյա դիմակով մարդու» առեղծվածին: «Երկաթյա դիմակով մարդ» անունը կրող բանտարկյալի ինքնությունը բացահայտելու համար ավելի քան 50 հեղինակներ իրենց ուսումնասիրություններում զարգացրել են տասնչորս վարկածներ, որոնք առնչվել են նաև Ավետիք Եվդոկացու անձին:

Ավետիք Եվդոկացին գրել է տաղեր՝ «Տաղ ի վերայ գարնան...», «Տաղ Աւետիքէ ասացեալ» (Մատենադարան, ձեռ. № 6517, 10167), «Տաղ Աստուածածնի» (Զմմառի մատենադարան, ձեռ. № 142), «Տաղ սուրբ Աստուածածնայ...» (Վիեննայի Մխիթարյանների մատենադարան, ձեռ. № 156) ևն, զբաղվել գրչագրությամբ, ընդօրինակել 6 ձեռագիր, 5-ը՝ Բաստիլի բանտում, վերջինը 1711-ին՝ ազատվելուց հետո, Փարիզում (Փարիզի Ազգ. մատենադարան, ձեռ. № 28, 89, 155, 156, 197, 139): Պատմական արժեքավոր սկզբնաղբյուր է նրա «Կենսագրությունը» (1709, «Մասիս», 1874, № 1490–1496, 1498–1500):

Պավել Չոբանյան

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Չամչյան ց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786:

Ալպոյաճյան Ա., Պատմութիւն Եվդոկիո հայոց, Կահիրե, 1952:

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am