Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ավետարան ըստ Մատթեոսի

 ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ. Նոր կտակարանի կանոնի առաջին գիրքն է: Գրվել է Պաղեստինում, ենթադրաբար՝ 70–100-ի միջև: Բաղկացած է 28 գլխից: Եղել է ամենից տարածված, եկեղեցու կողմից առավելագույնս օգտագործվող Ավետարանը: Գիրքը վերագրվում է Ալփեոսի որդի Հա-կոբոսի եղբայր, Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Մատթեոսին: Մատթեոս ավետարանիչն իր Ավետարանում պատկերում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքը, ինչի համար էլ եկեղեցական պատկերագրության մեջ ներկայացվում է որպես «մարդ-հրեշտակ»:

Մատթեոսի Ավետարանը սկսվում է Հիսուս Քրիստոսի ազգաբանությամբ, Սուրբ Ծնունդով, այսինքն՝ Տիրոջ երկրային կյանքով և ավարտվում խաչելությամբ, մահվամբ, հրաշափառ հարությամբ և Հիսուսի՝ իր աշակերտներին ուղղած տիեզերական առաքելության մղող կոչով:

Մատթեոսի Ավետարանի բովանդակությունը հիմնականում հետևյալն է.

1. Հիսուսի ազգաբանությունը, ծնունդը, մոգերի երկրպագությունը, փախուստ Եգիպտոս, Բեթղեհեմի մանուկների կոտորածը, վերադարձ Եգիպտոսից (գլ. 1–2):

2. Հովհաննես Մկրտչի քարոզչությունը, Հիսուսի մկրտությունը, փորձությունն անապատում, աշակերտները, քարոզչության սկիզբը (գլ. 3–4):

3. Լեռան քարոզը (գլ. 5–7), հրաշքները (գլ. 8–9), Հիսուսի պատգամներն առաքյալներին՝ քարոզչության ուղարկելուց առաջ (գլ. 10):

4. Հովհաննես Մկրտչի մասին, շաբաթ օրով պոկված հասկեր, հրաշքներ, Հիսուսի մայրն ու եղբայրները (գլ. 11–12):

5. Սերմնացանի, որոմների, մանանեխի հատիկի և թթխմորի առակները (գլ. 13):

6. Հովհաննես Մկրտչի գլխատումը (14.1–12), հրաշքներ, Պետրոսի խոստովանությունը (16.13–20), Հիսուսի պայծառակերպությունը (17.1–13):

7. Ամուսնալուծության, մանուկների, հարստության մասին (գլ. 19), մշակների առակը (20.1–16), կանխասացություններ չարչարանքի, մահվան և հարության մասին (20.17–19), Հակոբոսի և Հովհաննեսի մոր խնդրանքը (20.20–28), Երիքովի երկու կույրերի բժշկումը (20.29–34):

8. Մուտք Երուսաղեմ, Տաճարի մաքրումը (21.1–17), այլ առակներ (21.18–22.22):

9. Հիսուսի չարչարանքները, խաչելությունը, թաղումը, հարությունը և իր աշակերտներին տված տիեզերական առաքելությունը (գլ. 26–28):

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Բառարան Սուրբ Գրոց, ԿՊ, 1881:

Սարաֆյան Գ., Ներածութիւն Նոր կտակարանի, Անթիլիաս, 1950:

Եղիայան Բ., Քննական պատմութիւն Սուրբ-գրական ժամանակներու, գիրք 4, Ներածութիւն Նոր կտակարանի, Անթիլիաս, 1974:

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976:

Պետրոսյան Ե., Ավետարանների միջնադարյան հայկական մեկնություններ, «Էջմիածին», 1982, №1:

Նույնի, Ներածություն Նոր կտակարանի, Ս. Էջմիածին, 1996:

Մանուկյան Ս., Ներածութիւն Աստուածաշունչի, Ս. Էջմիածին, 1984:

Մանուկյան Ա., Աստուածաշունչ մատեանը, Թեհրան, 1995:

Կայայան Ա., Նոր կտակարանի ընդհանուր ներածություն,Ե., 1996:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am