«ԱՎԵՏԱԲԵՐ», կրոնական, ուսումնական, ընտանեկան և քաղաքական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1855–1915-ին, Կ. Պոլսում (1855–65-ին՝ «Ավետաբեր և շտեմարան պիտանի գիտելեաց»): Խմբագիրներ՝ Ջ. Գրին, Ե. Պլիս, Մ. Մինասյան և ուր.: Ամերիկայի միսիոներների ընկերության հրատարակություն: Հրատարակվել է նաև հայատառ թուրքերենով:

«Ավետաբեր» պաշտպանել ու հիմնավորել է բողոքական դավանանքը: Ըստ «Ավետաբեր»-ի, Հայ եկեղեցին Ս. Գիրքը քարոզում է ժողովրդին անմատչելի լեզվով՝ գրաբարով, ուստի և այդ եկեղեցին քրիստոնեական է զուտ անվանապես:

Մյուս հարցերում «Ավետաբեր» Հայաստանյայց եկեղեցուն ներկայացրել է բողոքականների ավանդական մեղադրանքները՝ նախնական ավետարանական պարզությունից հեռանալը, օտարոտի և ավելորդ ծեսեր ու արարողություններ ընդունելը (ինչպիսիք են, օր., ս. Աստվածածնին և սրբերին աղոթք ուղղելը կամ պաշտոն վերագրելը ևն):

«Ավետաբեր» տպագրել է հոդվածներ և լրատվություն՝ ձեռնադրության, ապաշխարության, դրոշմի, պսակի, վերջին օծումի և այլնի վերաբերյալ՝ նախապատվություն տալով բողոքական դավանանքի ընդունած կարգին ու արարողություններին: Ս. Գրքի թեմաներով տպագրել է քարոզներ, մեկնություններ ու ճառեր: Ի տարբերություն ժամանակի մյուս բողոքական հրատարակությունների, ժխտական կեցվածք է որդեգրել Հայաստանյայց եկեղեցու, նրա դավանական առանձնահատկությունները ներկայացնող ծեսերի նկատմամբ: Քննադատել է Կաթոլիկ եկեղեցուն, հերքել պապի անսխալականության, նրա՝ «գերագույն դատավոր» լինելու և քրիստոնեական եկեղեցիների մեջ նախապատիվ լինելու տեսությունը:

Կրոնական թեմաներով քարոզների մեջ «Ավետաբեր» կարևոր նշանակություն է տվել Ավետարանի ու բնագիտության համերաշխության հարցին:

Պարբ-ը առաջարկել է ճիշտ մեկնել Ս. Գիրքը, քանի որ բնագիտությունը հերքում է ընդամենը սխալ մեկնությունները և ոչ բուն Ս. Գիրքը: «Կրոնական լուրեր» խորագրի տակ «Ավետաբեր» արտացոլել է բողոքականության հաղթարշավը եվրոպական երկրներում, Ասիայում, Աֆրիկայում, Հնդկաստանում և մասնավորապես օսմանյան Թուրքիայում: Տպագրել է ուշագրավ վիճակագրական տվյալներ Կիլիկիայում, Արևմտյան Հայաստանում, փոքրասիական հայաբնակ շրջաններում և Արևելյան Հայաստանում գործող հայ ավետարանականների վերաբերյալ: Հրապարակել է տեղագրական-աշխարհագրական, պատմական ակնարկներ քրիստոնեական վաղեմի սրբավայրերի, տաճարների, ճարտարապետական կոթողների մասին:

Ալբերտ Խառատյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am