ԱՎԱՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ, հակաթոռ կաթողիկոսություն: Գործել է 591–602-ին, Երևանի այժմյան հյուսիս-արևելյան մասում: Ստեղծվել է Բյուզանդիայի Մորիկ կայսրի կարգադրությամբ՝ ի հակակշիռ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Դվինի Հայոց հայրապետական աթոռի: Ըստ VII դ. պատմիչ Սեբեոսի, կաթողիկոսարանը կառուցել է Հայաստանի բյուզզնդական մասի հակաթոռ կաթողիկոս Հովհան Բագարանցին 591-ին, Այրարատ նահանգի Կոտայք գավառի Ավան գյուղաքաղաքում:
Կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին (ավելի ուշ անվանվել է Ս. Հովհաննես եկեղեցի) արտաքուստ ուղղանկյուն է, ներսից՝ խաչաձև գմբեթավոր (գմբեթը չի պահպանվել), քառախորան, չորս անկյուններում շրջանաձև հատակագծով, գմբեթածածկ ավանդատներով, որոնք աղոթասրահի հետ հաղորդակցվում են շրջանի երեք քառորդ հատվածքի խորշերով: Կառուցված է տեղական տուֆի սրբատաշ քարերով, ունի զուսպ հարդարանք. առանձնանում է արմ.՝ ճակտոնազարդ, կամարակապ, տպավորիչ շքամուտքը: Ավանի Կաթողիկեն հռիփսիմեատիպ եկեղեցիների վաղագույն թվագրված նմուշն է և քրիստոնեական ճարտարապետության մեջ առաջին հնգագմբեթ եկեղեցիներից: Կաթողիկեին հյուսիսից կից է կաթողիկոսական պալատը, որը եկեղեցու հետ հաղորդակցվում է հյուսիսային խորանում բացված մուտքով:
602-ին Պարսից Խոսրով II Փարվեզ արքան գրավել է Ավանը և վերացրել Ավանի կաթողիկոսությունը, որից հետո այն դարձել է վանք: 607-ին Հայոց կաթողիկոս Աբրահամ Ա Աղբաթանեցու հրավիրած եկեղեցական ժողովին մասնակցել է Ավանի վանքի երեց Հունանեսը: Ավանի Կաթողիկեի հարավային կողմում է թաղվել 611-ին վախճանված Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոսը: 1679-ի հունիսի 4-ի երկրաշարժից Ավանի կաթողիկոսարանի համալիրն ավերվել է: 1940-ին պեղվել է կաթողիկոսարանի տարածքը, նորոգվել են արևմտյան և մասնակիորեն՝ հյուսիսային ու արևելյան ճակատները: 1968-ին բարեկարգվել է տարածքը: 1978-ին պեղվել է կաթողիկոսարանի պալատական շենքը, նորոգվել Կաթողիկեի հարավային ճակատը:
Մուրադ Հասրաթյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Սեբեոս, Պատմութիւն, Ե., 1979:
Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 1, Ե., 1942:
Օրմանյ ան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:
Ղաֆադարյան Կ.,Երևան. միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները, Ե., 1975:
Մարության Տ., Ավանի տաճարը և համանման հուշարձաններ, Ե., 1976:
Գրիգորյան Վ., Ավանի տաճարի վերակազմությունը, ԼՀԳ, 1983, № 11:
Еремян А., К вопросу о датировке Кафедральной церкови в Аване, ԼՀԳ, 1983, № 11:

Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am