ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ. սրբազան, գրավոր կամ բանավոր ավանդված աստվածային, մարգարեական, առաքելական պատվիրան կամ պատմություն, ծես և օրենք, որի վրա հաստատված է Ընդհանրական եկեղեցին: Ավանդությունը տրված է հիշելու, անխաթար պահելու, կիրարկելու, նրանով առաջնորդվելու և սերնդեսերունդ փոխանցելու համար: Ավանդությունն Աստծո գրավոր հայտնության` Ս. Գրքի լրացուցիչ մասն է: Սրբազան Ավանդություններ են կոչվում առաքելական և եկեղեցական Ավանդությունները միասին:

Առաքելական է անվանվում Մի, Սուրբ, Ընդհանրական և Առաքելական եկեղեցու Ավանդություն, որը ժառանգված է Տիրոջից: Հիսուս Քրիստոսը, իր առաքյալներին ուղարկելով ազգերին քարոզելու, ասել է. «Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28.20):

Սրբազան է Ավանդության գրառված մասը` Աստվածաշունչը, նրանով հայտնված ճշմարտությունները, հայտնությունները, օրենքները, կանոնները, ծեսերը, ուսուցումները, մարգարեությունները, պատվիրանները, սրբազան պատմությունները ևն: Սրբազան են նաև բանավոր փոխանցված և եկեղեցու կողմից ընդունված Ավանդությունները: Օր., Նոր կտակարանում գրված է. «... Միքայել հրեշտակապետը, բանսարկու Սատանայի հետ Մովսեսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակվեց հայհոյալից խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Տերը քեզ սաստի» (Հուդա 1.9)»: Այս խոսքում հիշատակված դրվագը` Մովսեսի մարմնի վերաբերյալ վեճը, հիշատակված չէ Հին կտակարանում, բայց, ինչպես երևում է Հուդա առաքյալի թղթից, այն հայտնի է եղել որպես բանավոր պահպանված սրբազան Ավանդություն, ընդունելի համարվել առաքելական շրջանում ու նշվել Նոր կտակարանում: Ուստի սրբազան Ավանդություն է ոչ միայն գրառյալ Աստվածաշունչը` Սուրբ Գիրքը, այլև բանավոր հաղորդված Ավանդությունները: Դա վերաբերում է և՛ հինկտակարանային, և՛ նորկտակարանային պատումներին: Քրիստոնեական շրջանի Ավանդությունը տրված է ոչ միայն գրավոր, այլև բանավոր ուսուցմամբ, և, ինչպես հայտնում է Հովհաննես առաքյալը` «... ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուս արեց, որոնք, եթե մեկը մեկ առ մեկ գրած լիներ, կարծում եմ, թե աշխարհն իսկ բավական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթե դրանք գրված լինեին» (Հովհ. 21.25): Հետևաբար, Նոր կտակարանում գրառվածից բացի, առաքյալները նաև բանավոր ուսուցումներ են տվել, որոնք սրբությամբ պահպանել է եկեղեցին և ավանդել սերնդեսերունդ: Դա եկեղեցու սրբազան Ավանդություն է: Իրենեոս Լուգդոնացու (մահ. 202) համար Ավանդության կենդանի կրողները (եպիսկոպոս, երեց) շատ ավելի մեծ արժեք ունեն, քան նույնիսկ Նոր կտակարանի բնագրերը: Որոշ Ավանդություններ` առաքելական, վարդապետական, ծիսական, վարքագրական ևն, համաքրիստոնեական են, այսինքն` ընդունված բոլոր եկեղեցիների կողմից. որոշ Ավանդություններ էլ ունեն տեղային բնույթ` այսինքն` ընդունված են մի որևէ եկեղեցու կողմից: Օր., Հայ եկեղեցին է միայն, որ ունի Վարագա Սուրբ Խաչի Ավանդությունը և տոնը, իսկ «Լույսի» արարողությունը կատարվում է միայն Երուսաղեմի Ս. Հարություն տաճարում ևն: Առհասարակ, եկեղեցական Ավանդությունն իր մեջ ընդգրկում է նաև շատ տեղային սովորույթներ, Ավանդություններ, մանրամասնություններ, որոնք, չխաթարելով հավաքական հավատի էությունը, նոր կողմերով հարստացնում են սրբազան Ավանդությունը:

Վերջապես, սրբազան Ավանդություն է այն ամենը, ինչ Ընդհանրական եկեղեցուն է հանձնված` կիրարկելու և սերունդներին փոխանցելու համար: Դրանք են ոչ միայն Սուրբ Գիրքը, բանավոր ու գրավոր Ավանդությունները, այլև` տիեզերական, տեղական և ազգ-եկեղեցական ժողովները, համաքրիստոնեական և Հայ եկեղեցու հայրապետների սահմանած կանոններն ու կարգերը, Ընդհանրական և Հայ եկեղեցու վարդապետների ուսուցումները, ողջ հայրաբանական գրականությունը:

Ընդհանրական եկեղեցու տեսակետից` Աստվածաշունչն ու եկեղեցական սրբազան Ավանդությունը կազմում են մեկ ամբողջություն` լրացնելով միմյանց. հավասարապատիվ և հավասարարժեք են գրավոր ու բանավոր Ավանդությունները: Նրանք միևնույն սրբազան Ավանդության երկու տեսակներն են:

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am