ԱՎԱԳ ՇԱԲԱԹ, Մեծ շաբաթ, ս. Զատկին նախորդող շաբաթը (Ծաղկազարդից մինչև ս. Զատիկ ընկած յոթնօրյակը): Ավագ է կոչվում նաև այդ շաբաթվա յուրաքանչյուր օրը: Ավագ շաբաթը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի և չարչարանքների վերջին շաբաթն է: Սկսվում է միաշաբթի (կիրակի) օրը՝ Ծաղկազարդով՝ Երուսաղեմ Քրիստոսի մուտքով: Շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր հոգևոր խորհուրդը:
Ավագ երկուշաբթի. տերևազարդ, բայց անպտուղ թզենին անիծելու (Մատթ. 21.18–19, Մարկ. 11.12–14, 20–24) և Տաճարը մաքրելու օրն է (Մատթ. 21.12–13, Մարկ. 11.15–19, Ղուկ. 19.45–48): Ավագ երկուշաբթին ս. Զատկի հետ 35 օրվա շարժականություն ունի (մարտի 16-ից ապրիլի 19-ը), իսկ Ավագ շաբաթվա մյուս օրերը հաջորդում են նույն հերթականությամբ:
Ավագ երեքշաբթի. հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրը (Մատթ. 21.23–46, 22.1–46, 23.1–36): Նույն օրը Երուսաղեմի տաճարում լսվել է երկնային ձայնը, Տաճարի կործանման գուշակությունը, Տաճարից Քրիստոսի վերջնականապես հեռանալը (Մատթ. 23.37–39, 24.1–3, Ղուկ. 13.34–35, 21.5–7): Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է նաև տասը կույսերի առակը և Վերջին դատաստանի բացատրությունը (Մատթ. 25.1–13), ինչպես նաև Ջրհեղեղը և մարդկության կրկին սկզբնավորումը:
Ավագ չորեքշաբթի. հիշատակվում է Քրիստոսի օծումը և Հուդայի մատնությունը: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշել է Տիրոջ մոտալուտ մահը (Մատթ. 26.6–12, Մարկ. 14.3–9, Հովհ. 12.1–8): Օծմանը հաջորդել է Հիսուսին մատնելու Հուդայի վճիռը:
Ավագ հինգշաբթի. վերջին ընթրիք՝ սուրբ Հաղորդության խորհուրդի հաստատում, Ոտնլվա: Վերջին ընթրիքով Քրիստոսը հաստատել է սուրբ Հաղորդության խորհուրդը: Ավագ հինգշաբթի առավոտյան մատուցվում է ս. Պատարագ, որը խորհրդանշում է Քրիստոսի զոհաբերությունը՝ մարդկանց փրկության և մեղքերի թողության համար: Այդ օրը երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողությունը: Վերջին ընթրիքից հետո և Խաչելությունից առաջ Քրիստոսը լվաց իր աշակերտների ոտքերը՝ որպես սիրո և խոնարհության օրինակ, որ նրանք ևս այդպես վարվեն: Ոտնլվան խորհրդանշում է նաև ս. Հաղորդության խորհուրդի սրբությունն ու մաքրությունը: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Խավարում կոչվող արարողությունը, որ խորհրդանշում է Քրիստոսին մատնելը և չարչարանքները: Արարողության ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է դրանց մեջտեղը: Յուրաքանչյուր անգամ, երբ կարդացվում է Ավետարանը, հանգցնում են մեկ մոմ, վերջում մնում է միայն մեջտեղինը: Մոմեր հանգցնելը խորհրդանշում է աշակերտների փախչելը, իսկ մեջտեղի մեծ մոմը խորհրդանշում է Քրիստոսին, որ մնացել էր մենակ:
Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղումի հիշատակի օրն է: Առավոտյան կատարվում է ժամերգություն, կարդում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը՝ մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տարվելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը (Մատթ. 26.47–75, 27.1–61, Մարկ. 14.43–72, 15.1–47, Ղուկ. 22.47–71, 23.1–56, Հովհ. 18.1–40, 19.1–42): Ավագ ուրբաթ Պատարագ չի մատուցվում, որովհետև այդ օրը Քրիստոսն ինքը պատարագվեց խաչի վրա՝ որպես կենդանի զոհ: Այդ օրվա երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը:
Ավագ շաբաթ. դժոխքի ավերում, Ճրագալույցի Պատարագ: Քրիստոսը մահից հետո իջավ դժոխք, ավերեց այն՝ փրկություն շնորհելով «ննջեցյալ սրբերի»՝ արդարների հոգիներին (Մատթ. 27.51–53): Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Պատարագ: Նախկինում կարևոր տոների առթիվ սովորություն էր եկեղեցու կանթեղները վառել և ներկաներին մոմ բաժանել՝ վառելու համար: Հետագայում Ճրագալույց սկսել է անվանվել երեկոյան Պատարագը, որը Հայ եկեղեցում կատարվում է Ս. Ծննդյան և ս. Զատկի նախորդ օրվա երեկոյան: Զատկի Ճրագալույցի Պատարագի ժամանակ, երբ տրվում է Հիսուսի հարության ավետիսը, վերջանում է նաև Մեծ պահքը: Պատարագից հետո կատարվում է ս. Հարության նախատոնակը:
Երաժշտություն: Ավագ շաբաթվա բոլոր օրերի կանոնների հեղինակը Սահակ Ա Պարթևն է: Բացառություն են կազմում «Անեղն ի Հօր է», «Իմաստուն կուսանքն», «Որ յաթոռ փառաց», «Այսօր ի կատարումն» օրհնությունները և Ավագ շաբաթվա «Կենդանին յաւիտենից», «Կուսածին մարմնով» շարականները, որոնք Ներսես Շնորհալու ստեղծագործություններն են: Սրանցից զատ Ավագ շաբաթվա ընթացքում երգվում են բազմաթիվ այլ հոգևոր երգեր, օր., «Ի սկզբանէ Տէր» (Ավագ երկուշաբթի), «Տարցին թագաւորի» (Ավագ երեքշաբթի), «Խորհեցան» (Ավագ չորեքշաբթի), «Որսացան զանձն» (Ավագ հինգշաբթի) առավոտերգերը:
Ավագ շաբաթվա երգերի թվին են պատկանում Ավագ հինգշաբթի օրվա «Զահեղ զանքնին, զխորհուրդ խորին» գանձի երկու պատկերները՝ «Այս խորհուրդ լցաւ»-ն ու «Սիրտ իմ սասանի»-ն, որոնց հեղինակը Մխիթար Այրիվանեցին է (XIII դ.): Խաչելության երկու դրվագ են ներկայացնում անանուն հեղինակների «Տիրամայրն» և «Ուր ես, մայր իմ» տաղերը:
Պատկերագրություն: Հայկական արվեստում Ավագ շաբաթվա առավել տարածված պատկերագրական թեմաներն են «Մատնությունը», «Խորհըր դավոր ընթրիքը», «Հաղորդությունը» , «Ոտնլվան», «Խաչելությունը», «Դժոխքի ավերումը», «Խաչից իջեցումը», «Թաղումը»:
«Մատնության» պատկերագրական թեման տարբեր լեզուներով ընդօրինակված ձեռագրերում հայտնվել, մշակվել և զարգացել է ավելի ուշ, քան տերունական մյուս տեսարանների պատկերագրությունը: XI դարից հայ մանրանկարիչները պատկերել են Հիսուսին և Հուդային՝ մարդկանց խմբով շրջապատված: Ճակատագրական այդ պահը ներկայացնող կապադովկյան որմնանկարների, հայկական և բյուզանդական մանրանկարների առաջին պատկերումներից մինչև XIV դ. (մինչև Ջոտտոյի «Հուդայի համբույրը» հռչակավոր որմնանկարը) թեմայի հորինվածքային կառուցվածքը համաշխարհային արվեստում գրեթե նույնն է մնացել: Կենտրոնական կերպարը այս պատկերում Հիսուսն է, որին ըստ արևելաքրիստոնեական պատկերագրական ավանդույթի՝ աջից, ըստ արևմտաքրիստոնեական ավանդույթի՝ ձախից մոտեցել է Հուդան՝ համբույրով մատնելու Ուսուցչին: Հիսուսին և Հուդային ջահերով, մահակներով, տեգերով, նիզակներով զինված շրջապատել են զինվորները և Երուսաղեմի սինագոգի քահանայապետը: Սրա ծառան՝ Մաղքոսը, բռնել է Հիսուսի թևը, իսկ Պետրոս առաքյալը բարձրացրել է սուրը՝ ծառայի ականջը կտրելու համար: «Մալաթիայի Ավետարան»-ում (1057, Մատենադարան, ձեռ. դ 3784) ամբողջ հորինվածքը կառուցված է հորիզոնական ուղիղ գծի վրա, և Հուդան, ըստ հելլենիստական պատկերագրության ավանդույթի, մոտեցել է ձախ կողմից:
Հորիզոնական գծի ավանդական կառուցվածքը խախտված է «Ութ մանրանկարիչների Ավետարան»-ում և Գրիգոր Ծաղկողի համապատասխան լուսանցազարդի պատկերում, որտեղ մանրանկարիչը հասել է գեղ. մեծ ընդհանրացման: «Մատնության» թեմայի ուշագրավ մեկնաբանություններ կան Վասպուրականի ձեռագրերում, հատկապես Ծերունի, Ռստակեսի, Հովհաննես Խիզանեցու մանրանկարներում: Տարածված կանոնից շեղվել և ինքնատիպ գեղ. արդյունքի են հասել «Մատնության» տեսարանը պատկերող նկարիչները «Վեհափառի Ավետարան»-ում: Հայ մանրանկարիչները հաճախ միևնույն էջի վրա այս հորինվածքի հետ պատկերել են նաև Պետրոս առաքյալի ուրացման պահը:
«Խորհրդավոր ընթրիքի» պատկերագրությունը սովորաբար ներկայացնում է վերնատունը (հաճախ՝ եկեղեցու, երբեմն՝ սյունազարդ սրահի տեսքով), որտեղ սեղանի շուրջը նստած են Հիսուսը և տասներկու (երբեմն ավելի պակաս թվով) առաքյալները: Հիսուսից աջ նստած է լինում Պետրոս առաքյալը, ձախ կողմում՝ Հովհաննես առաքյալը: Հուդան ներկայացվում է կիսադեմով, մնացած բոլորը՝ լրիվ դեմքերով: Սեղանի վրա պատկերվում են հաց, գինի, ձուկ, պնակներ, գավաթներ ևն: Սեղանը լինում է կլոր, ձվաձև, ուղղանկյուն, սիգմայաձև, սեղանի սփռոցը՝ տարբեր գույների: «Խորհրդավոր ընթրիքի» պատկերումները հայ արվեստում հայտնի են XI դարից և գեղ. բարձր արդյունքի են հասել հատկապես XIII դ. մանրանկարներում: «Թարգմանչաց Ավետարան»-ի համապատասխան մանրանկարը համաքրիստոնեական արվեստի գլուխգործոցներից է:
«Ոտնլվայի» արարողությունը ներկայացնող առաջին պատկերները հայտնի են դեռևս IV–V դդ. տապանաքարերից: Հայկական արվեստում այն տեղ է գրավել X դ., Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու որմնանկարներում: «Վեհափառի Ավետարան»-ի տերունական համապատասխան պատկերը հայկական մանրանկարչության հնագույն նմուշներից է: Տեսարանում պատկերված է Վերջին ընթրիքի սեղանից վեր կացած Հիսուսը՝ Պետրոսի ոտքերը լվանալիս: Մյուս առաքյալները սպասում են, նախապատրաստվում խոնարհությամբ ենթարկվելու Ուսուցչի արարողակարգին: Պետրոսի ոտքերը դրված են լինում կոնքի մեջ: Հիսուսն ավելի հաճախ պատկերվում է կանգնած կամ կանգնած և առաջ թեքված, երբեմն՝ նստած: Վասպուրականի մանրանկարիչները երբեմն Հիսուսին պատկերել են կռացած, ծնրադիր: Ուշագրավ են «Ոտնլվայի» տեսարանը ներկայացնող Սարգիս Պիծակի պատկերումները:
«Խաչելության» տեսարանը ամենատարածված թեմաներից է: Հնագույն պատկերները պահպանվել են պաղեստինյան սրվակների վրա, Կապադովկիայի որմնանկարներում, Հռոմում, Հայաստանի IV–V դդ. եկեղեցիների պատերին: Հետաքրքրական են Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու որմնանկարի համապատասխան հատվածը (921), «Վեհափառի Ավետարան»-ի «Խաչելության» դրվագը պատկերող մանրանկարը: Ըստ քրիստոնեական պատկերագրության, Հիսուսը պատկերվում է խաչի վրա գամված, գլուխը թեքած, աչքերը փակ (երբեմն՝ բաց), գլխի շուրջը՝ պսակ: Խաչը կանգնած է Գողգոթան խորհրդանշող վեմի և Ադամի գանգի վրա, որը պատկերվում է վեմի ներսում՝ խորհրդանշական ոճով: XII–XIII դդ. եվրոպացի նկարիչները Հիսուսին պատկերել են փշեպսակով խաչված: Այս շրջանում եվրոպական (նաև Կիլիկիայում) արվեստում խաչի աջ և ձախ մասերում պատկերվում են թագակիր և թագը գլխից ընկնող երկու կերպարներ, որոնք խորհրդանշում են քրիստոնեական եկեղեցին և հրեական սինագոգը: Ավելի հաճախ խաչի աջ կողմում կանգնած են լինում Տիրամայրը և սուրբ կանայք, ձախում՝ Հովհաննես ավետարանիչը: Իսկ տեգ և սպունգ կրող զինվորները երբեմն պատկերված են վիճակ գցելու պահին: Արևի, լուսնի, հրեշտակների, Մարիամի և Հովհաննեսի պատկերումով «Խաչելության» թեման արտացոլվել է նաև XVII–XVIII դդ. հայկական հաստոցային գեղանկարչության մեջ:
«Դժոխքի ավերումը» կամ «Էջք դժոխք» տերունական պատկերագրական թեման տարածված էր բյուզանդական մանրանկարչության և որմնանկարչության մեջ (VIII դ.), Կապադովկիայի ժայռափոր տաճարների որմնանկարներում (IXդ.): Հայկական արվեստում թեմայի հնագույն պատկերումները հայտնի են Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու որմնանկարներից և XI դ. մի քանի ձեռագիր մատյաններից: Քրիստոնեական պատկերագրության համաձայն՝ «Դժոխքի ավերման» տեսարանում դժոխք իջած Հիսուսը բարձրացնում է Ադամին, որի կողքին կամ հետևում պատկերված են Եվան և ուրիշ կերպարներ: Սրանք՝ արդարները, տեղավորված են Քրիստոսից դեպի աջ: Մեջտեղում պատկերված է նախնիների խումբը, որի մեջ սովորաբար նկատելի են Դավիթ և Սողոմոն թագավորները, Հովհաննես Մկրտիչը: Այսպիսի հորինվածք ունի «Թարգմանչաց Ավետարան»-ի համապատասխան մանրանկարը: Հայտնի են պատկերագրական առավել հնավանդ նախօրինակներ, որոնցից նկատելի են փոխառություններ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի մատենադարանի 1236-ի ձեռագրի (ծաղկող՝ Իգնատիոս Հոռոմոսցի) և Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարանի 1265-ի ձեռագրի (ծաղկող՝ Թորոս Ռոսլին) մանրանկարներում:
Հայկական մանրանկարչության մեջ «Դժոխքի ավերման» տեսարանում Հիսուսը պատկերվում է հաղթանակը խորհրդանշող խաչը մի ձեռքին, մյուսը՝ Ադամի ձեռքին հպելիս կամ բռնած, իսկ 1391-ի Ծերունի ծաղկած ձեռագրում՝ ուղղակի բռնել է Ադամի դաստակը:
«Խաչից իջեցումը» թեմայի առաջին գեղ. մարմնավորումը, «հնագույնը և հռչակավորը» (Գ. Հովսեփյան) Հավուց թառ վանքի Ս. Ամենափրկիչ եկեղեցու փայտե բարձրաքանդակն է (X դ.): Քրիստոսի, Հովսեփ Արիմաթացու և Նիկոդեմոսի քանդակային ու հոգեբանական ներդաշնակությամբ աչքի ընկնող հորինվածքը հավանաբար ընդօրինակված է հին մի նախօրինակից: «Խաչից իջեցման» տեսարաններ են քանդակվել նաև X դ. խաչքարերի վրա: XI դ. տեսարանի կերպարները շատանում են: Այդպես է 1057-ի «Մալաթիայի Ավետարան»-ի և Սեբաստիայի շրջանից հայտնի 1041-ի Ավետարանի համապատասխան մանրանկարներում: Սովորաբար «Խաչից իջեցման» տեսարանում պատկերվում են Մարիամը, Հովհաննեսը, Հովսեփ Արիմաթացին, Նիկոդեմոսը, երբեմն՝ վշտակցող երկու կին (1262-ին Թորոս Ռոսլինի ծաղկած «Սեբաստիայի Ավետարան», 1268-ին նույնի պատկերազարդած «Մալաթիայի Ավետարան»):
Ավելի հաճախ (նաև արմ. արվեստում) «Խաչից իջեցումը» և «Թաղումն Տեառն» տեսարանները միավորվել են և ներկայացվել մեկ մանրանկարի տեսքով: Այս դեպքում պատկերվել է գերեզմանի դուռը՝ սովորաբար ձախակողմյան հատվածում: Վասպուրականցի Մարգարեն 1315-ի Ավետարանում «Թաղումն Հիսուսի» տեսարանում պատկերել է Հիսուսի մարմինը ակնածանքով գերեզման իջեցնող Նիկոդեմոսին և Հովսեփ Արիմաթացուն:
Արտաշես Ղազարյան
Մհեր Նավոյան
Մարտին Միքայելյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am