ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, իրանահայության հնագույն թեմն է. ընդգրկում է Ատրպատականի տարածքը (Իրանի Արևելյան և Արևմտյան Ադրբեջան նահանգները): Առաջնորդանիստը՝ Թավրիզի Ս. Աստվածածին եկեղեցի:
Ատրպատականում Հայ առաքելական եկեղեցու թեմերը հիշատակվում են XII դարից: Մինչև 1833-ը Ատրպատականի թեմի կենտրոնը եղել է Արտազի (այժմ՝ Մակու) Ս. Թադե վանքը, այնուհետև թեմի առաջնորդ Նիկողայոս Կարբեցի եպիսկոպոսն այն տեղափոխել է Թավրիզ:
Մինչև 1956-ը Ատրպատականի թեմը ենթարկվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնին, այնուհետև՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը:
XX դ. սկզբին թեմի տարածքում բնակվել է ավելի քան 30 հզ. հայ, հետագայում հայրենադարձության և արտագաղթի հետևանքով նրանց թիվը նվազել է և 1980-ական թթ. սկզբին կազմել շուրջ 17 հզ.: Թեմի տարածքում կա շուրջ 180 եկեղեցի և վանք, որոնցից կանգուն են 40-ը: Նշանավոր են Արտազի Ս. Թադե (VI–IX դդ.) և Ս. Ստեփանոս Նախավկա (VII–IX դդ.) վանքերը, Խոյի Ս. Սարգիս (1120), Սալմաստ գավառի Ղալասար գյուղի Ս. Սարգիս(1806), Թավրիզի Ս. Աստվածածին (1872), Ս. Սարգիս (1845) եկեղեցիները: Ատրպատականի թեմի բարձրագույն օրենսդիր մարմինը չորս տարով ընտրվող թեմական պատգամավորական ժողովն է՝ բաղկացած 17 անդամից: Պատգամավորական ժողովն ընտրում է 7 հոգուց բաղկացած թեմական խորհուրդ, որի նախագահը թեմակալ առաջնորդն է: 1967-ին Ատրպատականի առաջնորդարանը և թեմական խորհուրդը պաշտոնապես ճանաչվել են որպես կրոնամշակութային և բարեգործական ընկերակցություն և արձանագրվել «Ատրպատականի ընդհանուր հայության Առաջնորդարանի խորհուրդ» անունով: Թավրիզ տեղափոխվելուց ի վեր թեմն ունեցել է 14 առաջնորդ, որոնցից ամենանշանավորներն են Կարապետ եպիսկոպոս Տեր Մկրտչյանը, Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանը:
Ատրպատականում եկեղեցուն կից (1670-ից) գործել են հայկական դպրոցներ: 1835-ից բացվել են աշխարհիկ դպրոցներ. հայտնի են 1852-ին բացված Ներսիսյան (1875-ից՝ Արամյան), 1875-ին՝ Հայկազյան, 1909–36-ին՝ Թեմական կենտրոնական և այլ դպրոցներ:
Ատրպատականի թեմի առաջնորդն է եղել Կիլիկիո աթոռի կաթողիկոս. փոխանորդ Նշան ծ. վրդ. Թոփուզյանը (2001-ից):
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Մամյան Ն., Ատրպատականի հայոց թեմը, Րաֆֆի տարեգիրք, Ա տարի, 1969, Թեհրան, 1968:
Մինասյան Լ., Իրանի հայկական վանքերը, Թեհրան, 1971:
Նույնի, Իրանի հայկական եկեղեցիները, Նոր Ջուղա, 1983:
Փահլեևանյան Հ., Իրանահայ համայնքը (1911–1979 թթ.), Ե., 1989:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am